ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արդյո՞ք իսկապես անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլո

Արդյո՞ք իսկապես անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը

«Զվարթնոց» օդակայանի կլոր մասնաշենքի հին ու վտանգավոր լինելու մասին հասարակությունն իմացավ 3 տարի առաջ: Ապրիլին արդեն լրատվամիջոցները ահազանգում էին, որ «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հին շենքը քանդելու խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետարանին: Հետո պարզվեց, որ քաղաքապետարանին առընթեր Քաղաքաշինության խորհուրդը մերժել է դիմումն ու խոստացել, որ կդիմի օդանավակայանի շենքը ճարտարապետական հուշարձան ճանաչելու համար։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը վկայում է, որ հանձնաժողովը ոչ թե խոստում էր տվել, այլ սպառնացել էր:

Ապամոնտաժման առաջարկը բացասաբար ընդունեցին առաջադիմական հայրենասերներն ու պահպանողական ճարտարապետները: Գլխավոր պնդումն այն էր, որ շինությունը խորհրդային շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ է, Երևանի ամենացցուն խորհրդանիշը, գուցե վերջինը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց Հանրային խորհուրդ, որպեսզի կազմակերպվի հանրային մասնագիտական քննարկում: Հանրային խորհուրդը 2013թ. նոյեմբերի 13-ին լիագումար նիստում դեմ արտահայտվեց ապամոնտաժմանը` համարելով այն մշակութային արժեք:
Այդ ընթացքում շրջանառության մեջ դրվեցին հին մասնաշենքը պահպանելու և այլ նպատակով օգտագործելու բազմաթիվ առաջարկներ: Օրինակ` առաջարկ եղավ մասնաշենքը վերածել հյուրանոցի, խաղատան, առևտրի կենտրոնի: Տարբեր պատճառներով ու պատճառաբանություններով, բոլոր տարբերակներն էլ մերժվեցին:
Հին կլոր մասնաշենքը դարն ապրածի դատավճռով կառավարության նիստի օրակարգում հայտնվեց 2013 թվականի վերջին նիստում: Հաշվի առնելով ճարտարապետների կարծիքը` վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց կոնցեսիոներին, որ դեռևս չքանդեն` կրկին քննարկեն: Տիգրան Սարգսյանը տարածքում այգի-թանգարան հիմնելու կողմնակիցն էր:





2014-ի հունվարին Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը հստակ հայտարարեց, որ մասնաշենքը քանդելու որոշում է կայացվել: 30-հոգանոց ճարտարապետների խումբը դիմեց հանրապետության Նախագահին ու օդանավակայանի կոնցեսիոներին` կառույցը պահպանելու խնդրանքով: Իսկ կոնցեսիոներ ընկերության ղեկավար, արգենտինահայ Էդվարդո Էռնեկյանի կարծիքն այս առումով հայտնի է` նա ցանկացած պահ պատրաստ է քանդել, որովհետև իր համոզմամբ շինությունը շատ հին է, շատ վտանգավոր, հիմքերը շատ թույլ են ու պահպանումը` շատ թանկ: Նա չի պատրաստվում 15-20 միլիոն դոլար ներդրում անել շինությունը պահպանելու համար:
2014-ի ամռանը շինության էստակադայի եզրաքարերի փլուզումից հետո քաղաքապետարանը ստեղծեց հարցն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողով: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ փլուզվել են նաև մոտ 40 մետր բազրիքներն ու մայթեզրերը, փլուզման վտանգ կա:
Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եզրակացրել են` էստակադան վթարային վիճակում է:

Կոնցեսիոները 2015-ին կառավարությանը ներկայացրեց հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակը, որով առաջարկում էր քանդել միայն էստակադան և պահպանել վարչական շինությունը: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ: Բայց հուլիսին ՀԽ-ն բարձր գնահատեց առաջարկը:
Դեկտեմբերին քաղաքապետի չհրապարակված որոշմամբ թուլատրվեց շենքի էստակադան քանդել: Սա ոչ թե ավագանու, այլ հենց քաղաքպետի` Տարոն Մարգարյանի որոշումն է: Հավանաբար հասկանալով, որ այդ որոշումը աղմուկ կբարձրացնի, Քաղաքապետարանը որոշման նախագիծը չի հրապարակել պաշտոնական կայքում:





Անկախ դեպքերի ու իրադարձությունների խրոնոլոգիայից, Հայաստանի կառավարությունը հայտնվել է անհասկանալի իրավիճակում: Մի կողմից` կա փաստաթուղթ, որով շինությունը հանձնված է օդակայանը սպասարկող ընկերությանը, մյուս կողմից` այդ ընկերությունը չի պատրաստվում միլիոնավոր դոլարներ ծախսել ու պահպանել շինությունը:
Կարելի է հասկանալ «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Նա ժառանգություն   է ստացել հսկա մի շինություն, որը հին է, վտանգավոր և թանկ պահվող: Ընկերությունը օդակայան շահագործող է, ոչ թե պատմամշակութային ժառանգության պահապան հրեշտակ:
Օդակայանը թանգարան չէ` տեխնոլոգիական կառույց է, որն անվտանգ սպասարկման հստակ ֆունկցա ունի: Փոխվեց ժամանակաշրջանը, փոխվեցին պահանջները, պետք է փոխվեն նաև օդակայանները: «Զվարթնոցի» հին մասնաշենքը կառուցման օրից էլ չի եղել ֆունկցիոնալ:

Հետևաբար` ով և ինչու պետք է պահպանի 15-20 միլիոն դոլար ներդրում պահանջող մասնաշենքը: Սեփականատերը չի պատրաստվում բարեգործություն անել, պետությունն այդքան գումար չունի: Բացի այդ` նույնիսկ ճարտարապետներն են պնդում` պատմամշակութային արժեք չունի. համենայն դեպս կառավարության հաստատած ցանկում չկա:

Բայց պե՞տք է ապամոնտաժել «Զվարթնոցի» հին մասնաշենքը: Իրականում`Ոչ




Դիտարկելով օդակայանի հին մասնաշենքի քննարկումների դինամիկան, կարելի է ենթադրել, որ իշխանությունն ու կոնցեսիոները ինչ որ միջանկյալ, կոմպրոմիսային լուծում են գտել` քանդել, բայց չքանդել: Ինչպես կենսաթոշակային բարեփոխումների դեպքում եղավ` «պարտադիր, բայց ոչ պարտադրված», ինչպես էլեկտրաէնեգիայի սակագնի թանկացման դեպքում եղավ` չթանկացնել, բայց վճարել ավելին:
«Զվարթնոց» օդակայանի հին կլոր մասնաշենքը չպետք է ապամոնտաժվի, որովհետև այն իսկապես ոչ վաղ անցյալի մոդեռնիստական ճարտարապետության նմուշ է: Այն իսկապես խորհրդանշում է Խորհրդային Հայաստանի 70-ամյա լավ ու վատ, կախյալ, բայց կուշտ պատմությունը: Գուցե փլուզման պատմությունը:
Չպետք է քանդել, որովհետև ԽՍՀՄ-ում և՛ երշիկն էր համեղ, և՛ ճարտարապետությունն էր դիտարժան:  Չպետք է քանդել, որովհետև այն հիշեցնում է աշխարհի երեսից արդեն վերացած «Երիտասարդական պալատը», Բուզանդի ու Արամի փողոցների «մելորացիան»:
Չապամոնտաժել, որովհետև այս հարցով կոնսենսուս կա` ճարտարապետները դեմ են, Հանրային խորհուրդը մի քանի անգամ դեմ է արտահայտվել: Մտավորականները` գրողները, հրապարակախոսները, դերասանները դեմ են: Կողմ են միայն իշխանությունն ու շահագործող ընկերությունը:

Հիմա` ապամոնտաժե՞լ «Զվարթնոցի» հին մասնաշենքը




Խնդիրն ամենևին էլ պահպանման ծախսը չէ: Կառավարությունը հազար ու մի վարկ է գտնում` հազար ու մի բան պահպանելու համար: Հազար ու մի չարդարացված ծախս է անում: 20 միլիոն դոլարն ինչ է, որ պետությունը չկարողանա հատկացնել: Այն էլ փուլերով: Կամ ինչո՞ւ ընկերության հետ պայմանագիր կնքելիս կառավարությունը մոռացավ նշել շինության պահպանության պարտավորությունը:
Խնդիրն այն է, որ պատմաճարտարապետական գրանդիոզ անցյալը բեռ է դարձել երկրի այն կառավարիչների համար, որոնք ճգնում են մոռացության տալ սեփական անցյալը, որում նշանակալի ոչինչ չկա: Կան միայն լյումպեն մանկության, գողական պատանեկության ու քրեական երիտասարդության ճղճիմ հուշեր: Երբ չունես պարտավորեցնող անցյալ, ներկան դառնում է «վթարային»: Երբ բարձրաստիճան պաշտոնյայի անձնական անցյալը բախվում է նրա ձեռքի տակ հայտնված պետության անցյալին, հարցականի տակ է դրվում մեկն ու մեկի ապագան: Եվ խնդրին միջամտում է «բացառիկ հանրային գերակա շահի» ամենազոր գիլյոտինը:

Տարածել