Մարիհուանա. ծերացող ուղեղի լավագույն ընկե՞րը
Պատկերացնենք մեր միջին ստատիստիկ մարիhուանա ծխողին՝ երիտասարդ, շփոթված ու մոլորված մի էակ: Մարիhուանան արդեն վաղուց մեզ հայտնի է որպես թմրանյութ, որը կարող է ազդել մեր ընկալողունակության և ուշադրության վրա: Սակայն, ըստ Nature Medicine պարբերականում լույս տեսած նոր հետազոտությունների տվյալների, այս թմրանյութը լիովին ուրիշ ազդեցություն կարող է ունենալ ավելի տարեց մարդկանց վրա՝ չնայած որ հետազոտությունները դեռ անցկացվել են միայն մկների վրա: Լսողության ու հիշողության վրա ազդելու փոխարեն՝ ինչպես լինում է երիտասարդ օգտագործողների մոտ, մարիհուանան դրական է ազդում տարիքի հետ կոգնիտիվ ունակության՝ ուշադրության, հիշողության, լսողության նվազեցում ունեցած մկների մոտ:
Գերմանիայի Բոննի համալսարանի հետազոտողները՝ Անդրեաս Ցիմմերի գլխավորությամբ, երիտասարդ, միջին և մեծ տարիքի մկներին տվել են դելտա 9-տետրահիդրոկաննաբինոլի (THC, մարիխուանայի հիմնական բաղադրիչ) փոքր չափաբաժիններ: Ինչպես ակնկալվում էր, երիտասարդ մկները թմրանյութի ազդեցության տակ ավելի ցածր ցուցանիշներ ցույց տվեցին հիշողության ու սովորելու ունակության թեստավորումների ընթացքում: Նրանց հակառակ, ավելի մեծ տարիքի մկներն առանց թմրանյութի ներարկման շատ ավելի վատ արդյունքներ էին ցույց տալիս թեստավորման ընթացքում, սակայն THC ստանալուց հետո նրանց արդյունքները մոտեցան առանց ներարկման երիտասարդ մկների արդյունքներին: «Արդյունքները շատ զգալի էին», - ասում է Ցիմմերը:
Այլ մասնագետները բարձր են արտահայտվում հետազոտության մասին, սակայն զգուշացնում են, որ մկների արդյունքները կարող են էականորեն տարբերվեն մարդկանց արդյունքներից: «Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ THC-ով նախաբուժումը կարող է որոշակի կոգնիտիվ գործոններ վերականգնել ավելի մեծահասակ մկների մոտ, միաժամանակ ճիշտ հակառակ արդյունքն ունենալով ավելի երիտասարդների համար», - ասում է Սյուզան Ուայսը, որը թմրադեղերի օգտագործման ուսումնասիրությունների գծող առաջատար մասնագետներից է: Նա ավելացնում է. - «Ցանկալի կլիներ, որ հետազոտությունների արդյունքում հնարավոր լիներ ծերացող մարդկանց համար օգտակար մի լուծում գտնել, սակայն այս պահի դրությամբ կպահանջվեն լրացուցիչ փորձարկումներ:» «»
Փորձարկման ենթարկված մկների ուղեղների ուսումնասիրման ընթացքում գիտնականները հայտնաբերեցին, որ տարեց մկների մոտ ուղեղի այն բաժնում, որը պատասխանատու է հիշողության և սովորելու համար հայտվել են նոր սինապտիկ ճյուղեր: Նույնիսկ գենետիկ մակարդակի վրա ուղեղի բարելավումն իրեն զգացնել է տվել: «Մենք սա պարզապես չէինք ակնկալում: Ծերացող կենդանիները, որոնք ներարկվել են, նմանվեցին երիտասարդ, ներարկում չստացած մկներին», - ասում է Ցիմմերը:
Հայտնագործությունները թույլ են տալիս ենթադրել, որ THC-ն և այլ նմանատիպ «կանաբիսոյդ» նյութերը կարող են ուղեղում առաջացնել ծերացման դեմ աշխատող մոլեկուլներ: «Կանաբիսոյդ» նյութերի մեջ մտնում են մի շարք կենսաբանորեն ակտիվ տարրեր, որոնք կարելի է գտնել Cannabis sativa բույսի մեջ: THC-ն, որն այս նյութերից ամենաուսումնասիրվածն է, պատասխանատու է մարիհուանայի հոգեմետ ազդեցության համար: Բույսի տարրերը իրականում շատ նման են մեր ուղեղներում արտադրվող նմանատիպ նյութերին, որոնք անվանվում են «էնդոգեն կանաբիսոյդներ»: Վերջիններս պատասխանատու են մեր ուղեղներում նյարդային գործողության որոշակի շրջանների ակտիվացման համար: «Մենք գիտենք, որ էնդոգեն կանաբիսոյդների համակարգն անչափ դինամիկ է, այն փոփոխությունների է ենթարկվում մեր կյանքի տևողության ամբողջ ընթացքում», - ասում է Ռայան Մաքլաֆլինը, որը մասնագիտանում է կաննաբիսի և սթրեսի ուսումնասիրությունների մեջ Վաշինգթոնի պետական համալսարանում: Ըստ ուսումնասիրությունների, էնդոգեն կանաբիսոյդները մեր մարմնում զարգանում են դեռ մանկուց, պատանեկության հասակում հասնում գործունեության կիզակետին: Հետո, տարիքի հետ, էնդոգեն կանաբիսոյդները աստիճանաբար պակասում են:
Էնդոգեն կանաբիսոյդների նվազեցումը տարիքի հետ համընկնում է Ցիմմերի՝ մկների հետ անկցկացված փորձարկումների արդյունքների հետ: «Գաղափարն այն է, որ տարիքի հետ կենդանիների մոտ, ինչպես և մարդկանց մոտ, էնդոգեն կանաբիսոյդները նվազում են, ինչը համընկնում է ուղեղի ծերացման հետ», - ասում է Ցիմմերը, - «Ու մենք որոշեցինք արհեստականորեն ավելացնել այս նյութը՝ արդյունքները տեսնելու համար»:
«Այս հնարքն այնքան տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք կանաբիսոյդների դերը օրգանիզմի բնական հավասարակշռության պահպանման գործում», - ասում է Մարկ Ուեյրը, որը Մոնռեալի ՄկԳիլլ համալսարանում կլինիկական ուսումնասիրություններով է զբաղվում: «Նրանց համար, ովքեր ուսումնասիրում են մարմնի էնդոկաննաբիոյդ համակարգը հետազոտության արդյունքները ակնկալելի էին», -ասում է նա: Սակայն մարիհուանայի ազդեցությունը խիստ փոփոխական է` ըստ չափաբաժնի՝ եթե փոքր քանակությամբ օգտագործումը կարող է հանգստացնել, ապա ավելի մեծ բաժինները կարող են բերեն բարձր մակարդակի սթրեսի: Փոփոխական է նաև ազդեցությունը կախված օգտագործողի առողջությունից. եթե քաղցկեղով հիվանդների մոտ մարիհուանան կարող է ախորժակ առաջացնել, առողջ մարդկանց մոտ այն կարող է առաջացնել սրտխառնոց: Նույն կերպ, այն կարող է բացասական ազդել երիտասարդ ուղեղների վրա, որոնք կաննաբիսոյդների կարիք չունեն, սակայն դրական ազդեցություն թողնել ավելի տարեց ուղեղների վրա, որոնք այդ նյութերի նվազեցում են ունեցել:
Հետազոտողները դեռևս չգիտեն, ինչպես է ազդում մարիհուանան ծերացող մարդկանց վրա. հիմնականում այն պատճառով, որ ուսումնասիրությունների մեծ մասն անցկացվել է երիտասարդ մարդկանց վրա, ում համար թմրանյութերն ավելի ռիսկային են: Բայց չնայած նրան, որ մարիհուանայի օգտագործողների մեծ մասը երիտասարդ է, նրանց օգտագործման ցուցանիշները տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել, սակայն մեծ տարիքի օգտագործողների թիվը բազմապատկվել է՝ հասարակական տաբուի վերացմանը համընթաց: 50-64 տարեկան մարդկանց մոտ մարիհուանա օգտագործողների թիվն աճել է 60 տոկոսով, իսկ 65 տարեկանից մեծերի մոտ՝ 25 տոկոսով:
Հետազոտություններն անցկացրած գիտնականները չեն քաջալերում մարիխուանայի օգտագործումը. «Ես չեմ ուզենա, որ որևիցե մեկն այս հետազոտությունների հիման վրա սկսի մարիհուանա օգտագործել», - ասում է Ցիմմերը:
Ծերացող մարդկանց, ովքեր ուզում են բժշկական կաննաբիս օգտագործել ցավերից ազատվելու համար, հուզում են հնարավոր բացասական ազդեցությունները: Ուեյրն ասում է. «Նրանք ուզում են իմանալ՝ սա կա՞զդի իրենց հիշողության վրա, ուղեղին վնաս կհասցնի՞: Եթե հետազոտությունների արդյունքները նմանատիպ լինեն մարդկանց համար, ապա կարելի կլինի եզրակացնել, որ THC-ն բացասական ազդեցություն չի ունենա ճիշտ քանակությամբ օգտագործման արդյունքում: Այս պահի մեր գլխավոր մարտահրավերը կլինիկական հետազոտությունների անցկացումն է մարդկանց վրա»:
Ցիմմերն ու նրա գործընկերները հենց սա էլ պատրաստվում են անել: Նրանք ֆինանսավորում են ստացել Գերմանիայի կառավարությունից և շուտով կսկսեն THC ազդեցությունն ուսումնասիրել կոգնիտիվ խնդիրներ ունեցող մեծահասակների մոտ:
Թարգմանեց` Դավիթ Փարթամյանը
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)