Հաց վաճառող փոքրիկ տղան ու նրա հիմնած ընկերությունը

Հաց վաճառող փոքրիկ տղան ու նրա հիմնած ընկերությունը

newmag-ը զրուցել է «Ayvazyan & Partners» ընկերության տնօրեն բիզնես-թրեյներ Վահե Ռոբեր Այվազյանի հետ:

-Պարո՛ն Այվազյան, սկսենք նրանից, որ Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, թե 9 տարեկանից հաց եք վաճառել, հաց վաճառելը Ձեզ համար ապրուստի միջո՞ց էր.

-Հաց վաճառե՞լ եմ. այո՛, ապրուստի միջո՞ց էր. ո՛չ: Ծնողներս միլիոնատեր չէին, բայց եղբորս ու ինձ լավ էին պահում, հայրս փոքրիկ արտադրություն ուներ, մայրս մանկավարժ էր, բայց ես փոքր տարիքից սիրել եմ վաճառքի արվեստն ու մարդկանց ուսումնասիրելը.

-Հետաքրքիր է… Իսկ ծնողները դեմ չէի՞ն իրենց փոքրիկ տղայի «արվեստին».

-Գիտեի, որ դեմ էին լինելու, այդ պատճառով չգիտեին: Դա իմ փոքրիկ մանկական չարաճճիություններից մեկն է եղել: Հացը վաճառել եմ ծնողներիցս թաքուն, որը շատ կարճ տեւեց:

-Ասում են ամենապահանջված բիզնես թրեյներն եք Հայաստանում, վաճառքի և կառավարման փորձագետ։ Դուք ո՞ր մասնագիտությամբ Ձեզ կներկայացնեիք.

-Ինձ լայն մասսաները որպես վաճառքի, բանակցության, կառավարման թրեյներ գիտեն: Իսկ գործարարները գիտեն որպես կառավարման փորձագետ: Իրականում, Ռուսատանից սկսած տարբեր միջին եւ խոշոր բիզնեսներում իմ կառավարման փորձն է ինձ թույլ տալիս ավելի պրակտիկ բիզնես թրեյներ լինել:

-Ռուսաստանի Դաշնությունում ղեկավար պաշտոն եք զբաղեցրել. ի՞նչը Ձեզ դրդեց վերադառնալ Հայաստան.

-Որքան էլ ընտանիքիս հետ էի, բայց չէի կարողանում մնալ, չէի հարմարվում: Ամբողջ ընտանիքս երկար տարիներ Ռուսաստանում է ապրել, բոլորին բերել եմ այստեղ:

-Ինչո՞ւ որոշեցիք հիմնել Ayvazyan & Partners ընկերությունը։

-Կառավարման ֆակուլտետում էի սովորում, ուսանող ժամանակ երազում էի շատ խոշոր ընկերության գլխավոր մենեջեր լինել: Հետո ծանոթացա խորհրդատվական բիզնեսի հետ, ավելի ուշ հիմնեցի հենց կառավարման խորհրդատվական ընկերություն:

-Ովքե՞ր են Ձեր հաճախորդները։

-Կազմակերպություններ, որոնք ուզում են ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել իրենց բիզնեսում եւ ավելի արագ զարգանալ: Կազմակերպություններ, որոնք ճգնաժամի մեջ են: Կազմակերպություններ, որոնք մեծ տեղ են տալիս լուրջ ու երկարաժամկետ մարկետինգին ու վաճառքին: Մեր հաճախորդները տարբեր են. սկսած Իրանի խոշոր ավտոարտադրողից մինչեւ Հայաստանի ամենախոշոր վառելիք ներկրողը:

-Այժմ Դուք ղեկավարում եք Ayvazyan & Partners-ը, հայաստանյան խոշոր ընկերություններից մեկում աշխատում եք որպես տնօրեն կառավարման գծով, դասախոսում եք ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայում, ունեք մի քանի խոշոր հաճախորդներ ու 2 զավակի հայր եք։ Ինչպե՞ս եք կարողանում ժամանակը բաշխել։

-Իմ գերհոգնածության հաշվին: Բայց որոշել եմ՝ restart եմ անելու, որպեսզի ավելի մեծ թափով սկսեմ ու ընտանիքիս մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրեմ:

-Մենք խնդրել ենք Ձեր աշխատակիցներին Ձեզ բնորոշել 10 բառով: Նրանք բնորոշել են.

1. Իմաստուն, 2. էներգիայով վարակող, 3. Ճկուն, 4. Համբերատար, 5. «Բզող», 6. Նպատակասլաց, 7.Թիթիզ, 8.Հետաքրքիր, 9.Հումորով, 10.Զարմանալի:

Ձեզ համար որքանո՞վ էին անակնկալ այս բնորոշումները.

-(Ծիծաղում է) Թիթիզ առաջ էի, իմաստուն հետո եմ լինելու:

-Որո՞նք եք համարում մարդկանց ամենատարածված 3 սխալները.

-Չեն արժեվորում այն, ինչ ունեն: Արհեստական են: Փորձում են մեծ երեւալ, բայց հեշտ ազդեցության տակ են ընկնում:

-Ի՞նչ 3 խորհուրդ կտաք բիզնեսմեններին.

-Շնորհակալ եմ յուրաքանչյուր երկրի բիզնեսմենին: Այսքանը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք