Սպին` Երևանի սրտում. Ցուցադրվեց թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ֆիլմը

January 31, 2015

Ուրբաթ երեկո, մայրաքաղաքի փողոցային խցանումներ, քաղաքի` Աբովյան փողոցի կենտրոնում Կինոմոսկվայի վրա մեծ-մեծ, մուգ արնագույն տառերով գրված էր «ՍՊԻ»… ու հատուկ ընգծված էր` գերմանաբնա՛կ թուրք ռեժիսորի ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին: Ցուրտ էր: Կազմակերպիչները Նախագահին սպասում էին բակում, հեղինակները չկային. դեռ չէին եկել, արարողակարգի պատասխանատուները լարված էին:
Նախագահը հինգ րոպե ուշացումով եկավ, ֆիլմի հեղինակները դեռ չկային: Նա մի քանի րոպե խոսեց երկու կաթողիկոսների հետ, բայց հեղինակները դեռ չկային: Նախագահն առաջին տիկնոջ հետ մտավ դահլիճ, լույսերը մի քանի րոպե չէին անջատում, հեղինակներից լուր չկար, արարողակարգի աշխատողները լարված ինչ-որ տեղ էին զանգում… Երբ բարձրախոսները բեմի վրայից հավաքեցին, պարզ դարձավ՝ մոտ կես ժամ սպասեցնելուց հետո որոշում է ընդունվել ֆիլմի դիտումը սկսել առանց հեղինակների: Դա նշանակում էր, որ դեռ չէին եկել…