Աննա Պանի. Չեմ կարողանում քայլել ամբոխի հետ, չեմ կարողանում քծնել

December 24, 2014

կարևորը աչքով չես տեսնի
Երբեմն տղամարդիկ ծաղրանքով են քննարկում այն փաստը, որ կանայք առանց պատշաճ բացատրության կարող են ասել. «Ես այդպես եմ զգում»: Այո՛, կան դեպքեր, որ ամեն ինչ չէ տեսանելի, պետք է զգալ, անցկացնել հոգով և ներաշխարհով: Միայն սիրող մայրը կարող է հեռավորության վրա զգալ զավակին սպասվող վտանգը, և մի՞թե սա հրաշք չէ: Մարդկանց մեջ կա մի կայծ, որն աներևույթ է, անբացատրելի, այն ձգում, միացնում է նրանց. սեր է կոչվում այն: Մի՞թե մենք տեսնում ենք այն: Չմոռանանք մեր Տիրոջ խոսքը. «Երանի՜ նրան, ով առանց տեսնելու՝ կհավատա»։
ամենակարճ ճանապարհը
Թուլակամ կամ կամազուրկ մարդը հեշտությամբ կարող է կործանել իրեն, անդառնալի ճանապարհ բռնել: Մենք այդպիսի՞ն ենք ծնվում: Իհարկե, ո՛չ: Կյանքի անսպասելի, անկանխատեսելի պայմաններն են մղում դեպի այդ ուղին, քանի որ մարդ, ձգտելով ուշադրության և չստանալով այն, փնտրելով սեր և չգտնելով, ակնկալելով ջերմություն և հանդիպելով սառը վերաբերմունքի, կորցնում է ուղիղ մտածելու ունակությունը, ընկնում է կործանման հորձանուտը: Խեղված, խախտված ներաշխարհով մարդը պատրաստ է ամեն ինչի, նրա ինքնարժեքը զրոյից էլ ցածր է: Ու ի՞նչ է մնում այդ դեպքում… Անդունդը գլորվել: Մենք պետք է կարողանանք գտնել հենց այդ սահմանը, և ինքներս մեզ փրկենք:
ինձ կմոռանան
Մոռացումը երկրորդ մահն է: Մեծ անհատները ավելի շատ են սարսափում մոռացումից, քան ֆիզիկական մահից: Մեր կյանքում այնքան բան է կատարվում և այնքան արագ, որ մարդկանց հիշողության մեջ մնալը բարդանում է: Մոռացվում է ամեն ինչ` թե՛ լավը, թե՛ վատը. ժամանակի անիվը մաքրում է, մոռացության է մատնում մարդկանց ու նրանց արածը:
այս դարից չեմ
Այո՛, երբեմն հասկանում եմ՝ ես այս դարից չեմ: Չեմ կարողանում քայլել ամբոխի հետ, չեմ կարողանում քծնել, մարդկանց հետ միայն հանուն շահի շփվել: Կեղծ ժպտալ չի ստացվում, բայց դարն է այդպես թելադրում: Սկզբունքներին դեմ գնալ չի ստացվում, չի ստացվում սեփական օգտի համար ուրիշին նվաստացնել: Ստել, խաբել, սին խոստումներ տալ… Մի՞թե սա է մեր դարի պատգամը: Ո՛չ ու կրկին ո՛չ:
բամբասանք
Ճղճիմ են բամբասկոտ մարդիկ, բայց ավելի սարսափելի է, որ տղամարդն է տրվում այդ մոլուցքին: Բամբասկոտությունը մանր մտածողություն ունեցողներին բնորոշ գիծ է: Ինչո՞ւ են մարդիկ չարախոսում. նախանձից, չկամությունից, չարսրտությունից: Պարապությունն ու հոգու դատարկությունն են մարդկանց մղում բամբասանքի:
մտքի ազատություն
Ի՞նչ է միտքը: Մտքի ազատությունն է ինձ թևեր տալիս, ազատում կոմպլեքսներից: Մարդիկ մտքի ազատությունը երբեմն շփոթում են սանձարձակության հետ. դա մեծ մոլորություն է: Ազատ միտքը հեշտացնում է մեր կյանքը:
հուշակարոտ
Շատերն են ժամանակին դժգոհել սեփական կյանքից, բայց տարիներ անց վերհիշելով ու ժպտալով ասել` երանի՜ էն օրերին: Մեր հիշողությունները ինքներս ենք կերտում մեր ապրած կյանքով: Մեր այսօրվա օրը վաղը դառնում է երեկ, ու մեր ձեռքերում է, թե մեր հուշերը կլինեն հիշարժա՞ն, թե՞ մոռացման ենթակա: Նոստալգիան, հին օրերի վերապրումը ստիպում է հայացք նետել դեպի մեր անցյալը, զգալ այն, ինչը գուցե էլ երբեք չենք ապրի կամ ունենա: Ուրեմն ճիշտ ապրենք, հագեցած, ուրախ, որպեսզի մեր նոստալգիկ հուշերը միայն ժպիտ առաջացնեն: