Ուկրաինայում լիբերտարիանիզմը կդառնա հիմնարար գաղափարախոսություն

Ուկրաինայում լիբերտարիանիզմը կդառնա հիմնարար գաղափարախոսություն

Newmag-ը բացատրում է, թե ինչ է դա նշանակում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայում երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ նախագահի նորաստեղծ «Ժողովրդի ծառա» կուսակցության գաղափարախոսության հիմքում լինելու է լիբերտարիանիզմը:

Լիբերտարիանիզմը (libertarianism-լատ. libertas-ազատություն) քաղաքագիտական տերմին է, որով բնորոշում են հանրային, քաղաքական ու տնտեսական կյանքում մաքսիմալ ազատությունների, պետության մինինալ ներկայացվածության քաղաքական մոտեցումները: Սա կարճ:

Ամերիկացի քաղաքագետ Լեոնարդ Ռիդն առաջինն էր, որ 1940-ականներին իրեն հայտարարեց լիբերտարիանցի: Նա պնդում էր, որ պետության միջամտությունը տնտեսական կյանքին պետք է հասցնել նվազագույնի: ԱՄՆ լիբերտարիանական կուսակցության հիմնադիր Դևիդ Նոլանը 1970 թվականին բացատրում էր, որ լիբերալիզմը պաշտպանում է միայն մարդու, պահպանողականությունը՝ միայն տնտեսական ազատությունները, մինչդեռ լիբերտարիանիզմը միաժամանակ պայքարում է և՛ անհատի, և՛ տնտեսական ազատությունների համար:

Լիբերտարիանիստները բաժանվել են 2 մասի.

1. Անարխո-կապիտալիստները կարծում են, որ պետք է վերացնել նույնիսկ հարկերը և հակամենաշնորհային ինստիտուտները: Ծայրահեղական այս մոտեցման կողմնակիցները պնդում են, որ աղքատների հետ պետությունը պետք է գործ չունենա, նրանց պետք է օգնեն բարեգործները:

2. Մինարխիստները դեմ չեն հարկերին, բայց պնդում են, որ դրանք պետք է հասցվեն նվազագույնի և ծառայեն մարդու և նրա սեփականության պաշտպանությանը:

Երկուսի գաղափարախոսության հիմքում էլ ազատ շուկայական հարաբերությունների պաշտպանությունն է:

Լիբերտարիանիստները դեմ չեն մենաշնորհներին, միայն թե դրանք ձևավորվեն շուկայական ազնիվ պայմաններում, առանց պետության միջամտության:

Թե ինչ տեսք է ստանալու ուկրաինական լիբերտարիանիզմը, դեռ անհայտ է: Զելենսկիի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաշվի են առնելու Ուկրաինայի ազգային առանձնահատկությունները:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք