Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրիգորեանի հիշատակին (տեսանյութ)

April 19, 2022

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միացել է ապրիլի 13-ին Նյու Յորքի «Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, որը նվիրված էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի հիշատակին։ Նա կյանքից հեռացավ 2021 թվականի ապրիլին: Հիշատակի միջոցառումը նախաձեռնել էին Վարդան Գրիգորեանի ընտանիքը և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան:

«Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը Վարդան Գրիգորեանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ականավոր գործընկերները ներկայացրին նրա մասին հիշողություններն ու այն ամենը, ինչ սովորել են իրենից: Բանախոսները հատկապես առանձնացրեցին դոկտոր Գրիգորեանի ձեռքբերումները բարերարության և գրադարանային գործում, կրթական հաստատություններում, արվեստի և մշակութային կազմակերպություններում՝ մեծարելով նրան: Միջոցառմանը դիտեցին նաև Գրիգորեանի կյանքի յուրաքանչյուր փուլի վավերագիր լուսանկարներն ու տեսաուղերձները: 

Երեկոյին ներկա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդեռնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը բարձր գնահատեց Գրիգորեանի դերն իր կյանքում. «Երկար տարիներ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ զգացել եմ նրա հայացքն իմ թիկունքում, որ անհանգստանում էր ինձ համար, մարտահրավեր նետում և առաջնորդում: Եվ զգում եմ, որ նա այսօր ևս ներկա է այստեղ և հետևում է մեզ բոլորիս: Վարդանն ուղեվար լույս էր, որ փայլում էր նրանց համար, ովքեր գիտեին նրան, և նրանց համար, ովքեր չգիտեին»:

                                                                                     

Ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում՝ արդեն երիտասարդ տարիքում Վարդան Գրիգորեանն անհամար մարտահրավերներ հաղթահարեց Միացյալ Նահանգներում: Բայց շարունակեց նշանակալի կենսագրություն կերտել, որը տևեց մի քանի տասնամյակ: Կարևոր ներդրում է ունեցել բազմաթիվ ծրագրերում և հիմնադրամներում: Եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը. նախաձեռնություն, որը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում: Նրա կոլորիտային, ուսանելի ու հուզիչ կենսագրությունը տեղ է գտել իր իսկ հուշագրությունում: Newmag-ի հրատարակած «Տուն տանող ճանապարհը» գրքում Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը:

Վարդան Գրիգորեանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիրները: 

Կարդացեք նաև