ACNIS. Գրքի մեկնություն. «Կյանքի նյարդը»

September 7, 2020 Acnis.am
  • Արման Սաղաթելյան, «Կյանքի նյարդը», ինքնակենսագրական վեպ` ռուսերեն և հայերեն լեզուներով, «Նյումեգ», 344 էջ, 2020թ:

1990-ականներն արդեն պատմություն են` դժվարին ու հերոսական անցյալ։ Ինչո՞վ էր զբաղված և ի՞նչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Զգո՞ւմ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը։ Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի` երկրի համար ամենաբարդ ժամանակներում։

«Նյումեգը» ներկայացնում է Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը Արցախյան պատերազմի մասին։ Ինչպես ռազմաճակատում հայտնվեցին երկու երիտասարդներ, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ ու մասնակցեցին Մարտակերտի ազատագրմանը։

Նկարագրված է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ, ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն` հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին և, վերջապես, նրանց կռվին։

 

Հոդվածի հղումը՝ https://acnis.am/hy/book-review/29-2020