Ամենալավ երազումս չէի մտածի. Շուշանը հայերեն է երգում Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը

Շուշան Պետրոսյանը խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել Շառլ Ազնավուրի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակն այսօր հնչեց ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ, և տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան։

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Ազնավուրն է, հայերեն է թարգմանել Պերճ Թյուրաբյանը։

Տեսահոլովակը, որի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանվել է Սևանա լճի ափին։ Պրեմիերայից առաջ Շուշան Պետրոսյանը շատ հուզված էր ու իր խոսքում նշեց, որ Շառլ Ազնավուրի երգերին անդրադառնալը, դրանք կատարելը շատ մեծ պատասխանատվություն է իր համար։

«Իմ ամենալավ երազում չէի մտածի երբևէ, որ կհանդգնեմ անդրադառնալ Ազնավուրի երգերին ու դրանք կատարել։ Փրկեց այն, որ Ազնավուրն ասես մեր ընտանիքի անդամն էր, մենք` նրա։ Իմ գիտակից կյանքի առաջին օրվանից նրա երաժշտությունը միշտ հնչել է մեր տանը։ Դեռ դպրոցում, ավագ դասարաններում կարդացի «Ազնավուրն Ազնավուրի մասին» գիրքը, շատ տպավորված էի։ Հետո հայրիկիս գրադարանում գտա մի գիրք, որտեղ նրա պոեզիայի թարգմանությունն էր։ Շատ հետաքրքիր էր, Ազնավուրին երաժշտությունից դուրս ընկալեցի»,–ասաց երգչուհին։

Նրա խոսքով` այդ օրվանից սկսել է Ազնավուրին ընկալել նաև որպես բանաստեղծ։ Երգչուհու հիացմունքը գագաթնակետին է հասել, երբ Փարիզում մեքենայի մեջ ռադիոյով հնչել է Շառլ Ազնավուրի մեղեդիներից մեկը։

«Ես երբեք չէի լսել ավելի ֆրանսիական երաժշտություն»,–նշեց Շուշան Պետրոսյանը։

Հետո երգչուհին խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել հենց Ազնավուրի շնորհիվ։

Նա պատմեց, որ ֆրանսիական հանրային հեռուստաալիքը որոշել էր «Անսպասելիությունների երեկո» ծրագրում անակնկալ մատուցել Ազնավուրին, և Հայաստանից մի խումբ արտիստներ հրավիրվել էին երգելու մեծ շանսոնյեի «Քեզ համար, Հայաստան» երգը։ Շուշանն էլ պատահաբար հայտնվել է այդ խմբում։

Նշենք, որ «Տարեք ինձ» երգի տեսահոլովակը Շուշան Պետրոսյանի ու «Նյումեգի» նոր աշխատանքն է, որն արդեն հասանելի է համացանցում։