«Արարատ-73»-ի առաջին մեծ նվաճումը. դրան նվիրված գիրք

October 11, 2023 A1plus

Ուղիղ 50 տարի առաջ, 1973-ի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին», առաջին անգամ տիրեց պատվավոր մրցանակին: հանդիպման հերոս դարձավ աջ եզրափային հարձակվող Լևոն Իշտոյանը, որը նախ 89-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 103-րդ րոպեին կիսաշրջադարձ հարվածով խփեց հաղթական գոլը: Նույն տարի «Արարատը» նաւ հաղթում է ԽՍՀՄ առաջնությունում:

Newmag հրատարակությունն այդ կապակցությամբ այսօր հաճելի նվեր մատուցեց ֆուտբոլասերներին՝ ներկայացնելով մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հեղինակած «Արարատ-73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը: Ինչպես նշեց հեղինակը, նման գիրք հրատարակելու գաղափարն իր մոտ ծագել է դեռևս 2013 թվականին, «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակների 40-ամյակի ժամանակ, սակայն հանգամանքի բերումով այն իրականություն դարձավ միայն այս տարի, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցության շնորհիվ:    

Անվանի մեկնաբանը գրքում շարադրել է իր հուշերն ու պատմությունները, որում մանրամասն ներկայացրել է հաղթանակ տանող ճանապարհը, ականատեսի բծախնդրությամբ ցույց է տվել, թե ինչ դժվարությունների և զրկանքների միջով է անցել թիմն այդ աննախադեպ հաջողություններին հասնելու համար։