Ավելի քան 40 հրատարակչություն, զեղչված գրքեր ու շնորհանդեսներ. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որն ընթերցողներին ծանոթացնում է վերջին տարիներին լույս տեսած բազմաժանր ստեղծագործություններին, ներկայանալու հարթակ է տրամադրում հրատարակիչներին, թանգարաններին ու գրողներին՝ ամրապնդելով գրական  ոլորտի բոլոր օղակների կապը, մեկնարկեց մայիսի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորեց այն, որ վեցերորդ փառատոնը միացել է «Վերսոպոլիս» հարթակին, որն ավելի է լեգիտիմացնում փառատոնի միջազգային լինելը և հնարավորություն է ընձեռում միջոցառմանը հրավիրել հյուրերի արտերկրից:

«Մենք կարևորում ենք պոեզիայի ոլորտը, որովհետև կոմերցիոն տեսանկյունից շատ ավելի լայն հնարավորություններ ունեն արձակագիրները, բայց պոեզիան, որպես սիմվոլիկ և չափազանց ինտելեկտուալ ոլորտ, հանրայնացման ավելի սահմանափակ հնարավորություններ ունի: Մեր գովազդատեղեկատվական արշավի բաղադրիչները, մեր շեշտադրումները ավելի շատ հակվում են դեպի մեր պոետիկ իրականություն, դեպի մեր բանաստեղծները: Լայն հնարավորություն կա նաև հետագայում մեր բանաստեղծների ստեղծագործությունները եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնելու»,-շեշտեց նա:

Խզմալյանի համոզմամբ՝ դժվար է մեր հոգևոր իրականության մեջ գտնել մի ոլորտ, որն ունենա այնքան խորը արմատներ, ամուր ավանդույթներ, որքան գիրքը, գրավոր մշակույթը, գրականությունը, ուստի չենք կարող չունենալ ժամանակակից գրական գործընթացները մեկտեղող, իմաստավորող հարթակ՝ ի դեմս Գրքի երևանյան փառատոնի:

Անդրադառնալով փառատոնի շրջանակում անցկացվող գրական մրցույթին՝  փոխնախարարը շեշտեց՝ ամեն տարի ցանկանում են պահպանել մի կարևոր սկզբունք, որն է հայտնի և նոր ասպարեզ մուտք գործող գրահրատարակիչների, ստեղծագործողների համար համահավասար դրսևորման պայմաններ ստեղծելը:

Ձգտել են այնպիսի մեխանիզմներ կիրառել, որոնք ընտրությունը հնարավորինս անաչառ և օբյեկտիվ կդարձնեն:

Խզմալյանը խոսոտավանեց՝ կարդալու շատ ժամանակ չի ունենում, սակայն հետևում է հրատարակվող գրքերին, գնում դրանք: «Շատ ուրախ եմ, որ անգամ դասական ստեղծագործությունները հրատարակվում են նոր որակով, որովհետև վիճակագրությունը, որ կա գրադարաններում, ցույց է տալիս, որ ընթերցողները, հատկապես պատանիները, երիտասարդները պատվիրում են այն գրքերը, որոնք նոր են լույս տեսել: Մեր գրահրատարակիչների ջանքերով որակական նոր մակարդակ ենք նվաճում գրքարվեստում, իսկ փառատոնի ընթացքը լիարժեք հիմքեր է տալիս հուսալու, որ այն դառնալու է իսկապես ամուր միջազգային հարթակ միջազգային գրական պրոցեսները, գրահրատարակչական փոխակերպումները մեկտեղելու, ներկայացնելու  և ճանաչելու համար, փոխում է մթնոլորտը, տեղեկատվական դաշտը լցնում է  առողջ, դրական տեղեկատվությամբ»,-ընդգծեց Արա Խզմալյանն ու հավելեց՝ ինքը կարոտում է մասնագիտական գրականությունն, ուստի փնտրելու է արվեստագիտական գրքեր:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ փաստեց, որ ամեն տարի միջոցառմանը նոր թանգարաններ ու հրատարակիչներ են միանում: «Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ մեր թանգարանը հրատարակիչների շարքերում հայտնվեց ոչ որպես հրատարակչություն, այլ որպես բավականին մեծ  հրատարակություններով կառույց, և՛ հետաքրքիր էր, և՛ տարօրինակ, բայց ուրախ եմ որ մեր օրինակը վարակիչ դարձավ և այլ թանգարանները ևս հասկացան, որ այն կարևոր հրատարակությունները, որ պատրաստում են թանգարանների գիտաշխատողները, որոնք բնույթով եզակի են և ֆունդամենտալ սկզբնաղբյուրներ կարող են լինել ընթերցողների համար, պետք է ներկայացվեն ընթերցողների լայն շրջանակին»,-շեշտեց նա և հավելեց՝ մի շարք գրքերի կողքին այս անգամ ներկայացրել են «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակը:

Արդեն մի քանի տարի է՝ մի շարք հրատարակչությունների կողքին փառատոնին մասնակցում է նաև «Նյումեգ»-ը, որի փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը խոստովանում է՝ դժվարությամբ են կողմնորոշվում, թե որ գրքերն է հարկավոր ցուցադրել, քանի որ ցանկը մեծ է: «Մենք նոր մատենաշար ունենք, որը կոչվում է «Երազ»: Այդ մատենաշարով հրատարակվում են մանկական գրքեր: Առաջին գիրքը Ջեֆ Քինիի «Վտվտիկի օրագիրը» ստեղծագործությունն է, որը ես եմ թարգմանել: Այն  համաշխարհային բեսթսելեր է, վաճառվել է 300 մլն օրինակով, մյուսը ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» հեքիաթն է, երրորդ գիրքը նախատեսված է ծնողների համար. այն պատմում է, թե ինչպես է պետք դաստիարակել երեխաներին»,-ասաց Հարությունյանը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավետիսյանի համոզմամբ՝ Գրքի երևանյան փառատոնը լավ հնարավորություն է ներկայացնելու ոչ միայն խոշոր ու փոքր հրատարակիչների, այլև թանգարանների գրքերը: «Ցուցադրել ենք մեր թանգարանի հարուստ գրականությունը, տպագրած գրքերը: Այստեղ են Իսահակյանի հեքիաթները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝ երկու լեզվով: Ցուցադրել ենք նաև գրականագետ Ավիկ Իսահակյանի ակադեմիական հատորները, Իսահակյանի առակները, հեքիաթները՝ նոր նկարազարդումներով և այլ գործեր»,-նշեց Ավետիսյանը:

«Վերնատուն»  հրատարակչության տաղավարում ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների գործեր են: «Հրատարակում ենք գրքեր, որոնք կա՛մ չեն թարգմանվել, կա՛մ թարգմանվել են խորհրդային տարիներին, լույս ենք ընծայում հայ  և արտասահմանցի գրողների գործեր: Փառատոնին ցուցադրել ենք Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» գրքի նոր հրատարակությունը, «Երկիր Նաիրի»-ն և այլ գործեր,  նշանակալի է Արշիլ Գորկու մասին պատմող գիրքը: Ինձ շատ է դուր գալիս ժողովածուն, որում հայ և օտար գրողների սիրային նամակների հավաքածուն է ընդգրկված, նույն ձևաչափով նաև աֆորիզմների գիրք կա»,-տեղեկացրեց հրատարակչության ներկայացուցիչ Ալբերտ Ավագյանը և հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում տեղի է ունենալու Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը»  գրքի շնորհանդեսը, որի հիման վրա Երևանի տիկնիկային թատրոնում ներկայացում է  բեմադրվել:

Եռօրյա փառատոնին, որին մասնակցում են շուրջ 40 հրատարակիչներ, ցուցադրվում են գրքեր, որոնք վաճառվում են զեղչերով, սպասվում են պանելային զրույցներ, գրական ու երաժշտական բաթլ, համերգներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան այնպիսի անվանի գրողների հետ, ինչպիսիք են Արամ Պաչյանը, Մարիամ Պետրոսյանը, Տատյանա Տոլստայան, Կլաուդիո Պոցցանին, կլինեն հյուրեր նաև Հունաստանից, Գերմանիայից: Պատվավոր հյուրերից է  Արմեն Զախարյանը: Գրքի փառատոնի փակմանը, որը տեղի կունենա մայիսի 27-ին, մրցանակաբաշխությամբ կամփոփվեն  գրական մրցույթի արդյունքները: Հայտնի կդառնա, թե ովքեր են հաղթել «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, կազմակերպիչներից է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

Անժելա Համբարձումյան