Ազգային գրադարանի՝ գրական տասնյակը

January 15, 2024 Panorama

«Մայքլիդիսն ապացուցել է, որ կարող է հեղինակել մեկից ավելի հիթային վեպ։ Նա շուտով  կդառնա աշխարհի ամենաազդեցիկ և ընթերցվող հեղինակը թրիլերի ժանրում»։ Ազգային գրադարանի ընթերցողների՝ այս տարվա գրական նախընտրությունը ևս վկայում է Bookreporter.com-ի կանխատեսման իրավացիությունը։

2023-ի ամենաընթերցված գեղարվեստական գիրքը Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» հոգեբանական թրիլերն է։ Հունական ծագմամբ բրիտանացի գրողի մյուս՝ «Լռակյաց հիվանդը» գրադարանի տարվա տասնյակի 3-րդ տեղում է։

Մայքլիդիսի գրականության սիրահարները գիտեն, որ վաղը՝ հունվարի 16-ին, գրախանութներում կհայտնվի գրողի երրորդ՝ «Ցասում» թրիլլերը, որը, «Նյումեգ» հրատարակչության ջանքերով, հայերեն հրատարակվել ու վաճառքի է հանվում անգլերենին զուգահեռ՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներում։ Մայքլիդիս վեպերը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։

Տարվա լավագույն տասնյակի երկրորդ հորիզոնականում Մարգարետ Միթչելի «Քամուց քշվածները» ստվարածավալ երկհատոր վեպն է, որի համար գրողը Փուլիցերյան մրցանակ է ստացել։ Փուլիցերյան մրցանակակիր ևս մի գիրք՝ Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» նույնպես արժանի տեղ ունի տասնյակում։

2023-ի ամենապահանջված գրքերի տասնյակի հեղինակներից միակ Նոբելյան մրցանակակիրը Կազուո Իշիգուրոն է՝ «Չթողնես ինձ երբեք» սրտառուչ գրքով։

Սրտառուչ գրքերի շարքում տասնյակում տեղ են գտել նաև ժամանակակից գրողներ Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» և Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ»-ը, կորուսյալ սերնդի երգիչներ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ն և Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի»-ն։

«Երկինքին մոտ» ևս մի գիրք է ներառված տասնյակում. Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» վեպը։

Քրիստին առհասարակ տարվա ամենաընթերցված հեղինակն է։ Նրան հետևում են Ալեքս Մայքլիդիսը և Էրիխ Մարիա Ռեմարկը։

Սթիվեն Քինգի «Միզերի»-ի գրող հերոսի՝ Փոլ Շելդոնի՝ գրքաստեղծման պահի ապրումները վերաձևակերպելով՝ վարպետորեն հյուսված վերոնշյալ բոլոր պատմություններն ընթերցողի մեջ «պայծառ լույսով ողողված անհայտության գիրկն» ընկնելու զգացողություն են արթնացնում։