Երազանքի ասպետը եւ Արարատի բարի հայացքը

January 19, 2022 Operativ

Վերջին երկու տարիների խելահեղ օրերի ու ծանր տեղեկատվական տարափի մեջ  իրականությունից կտրվելու մի  դեղահաբ էր հայտնի լրագրող Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որ անցյալ տարի նվեր ստացա եւ մի շնչով կարդացի՝ վայելելով  համաշխարհային աստղերի ու նրանց նախաձեռնությունների  մասին սիրով գրված պատմությունները։ Հիշեցնեմ, որ Արա Թադեւոսյանը 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: Իր լրագրողական գործունեության ընթացքում թղթակցել է նաեւ ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցներին, վարել է նաեւ հեռուստատեսային ծրագրեր։ 

Այս գրքում հեղինակը անկեղծ զրույցի միջոցով պատմում է իր մանկության երազանքների ու դրանց հասնելու անհավանական ու դիպվածային  պատմությունների մասին, իբրեւ գրքի մեխ դարձնելով համաշխարհային ռոք  լեգենդներ Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի  քսան տարի անց Հայաստան գալու եւ  աղետի գոտում՝ Գյումրիում  նոր երաժշտական դպրոցի  կառուցման համար  երգեր գրելու, դպրոցը բացելու իրողությունը։

Չեմ ուզում գիրքը վերապատմել ու ներկայացնել այն հետաքրքիր դրվագները, որ հյութեղ պատմություններով ու երբեմն էլ կատակով ներկայացնում  է Արան, թե ինչպես են հաջողել  համաշխարհային աստղերին  բերել Հայաստան՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ։ Ռոք երգիչները  նախաձեռնել  են բարեգործական նոր նախագիծ՝ լավատեսություն ու հույս ներշնչել աղետի գոտում ապրող հարյուրավոր մանուկների, որոնք երաժշտական կրթության կարիք ունեն։ Այդ ընթացքում Արան իրականացրել է նաեւ իր մանկության երազանքը՝ բարձրացել է Արարատ լեռը, 2009-2019թթ մեկ տասնամյակի ընթացքում ծնվել են նրա հրաշք դուստրերը, եւ անսպասելի իրադարձությունների հորձանուտը նորանոր ծրագրեր է  առաջ բերել։

Ո՞րն է գրքի պատգամը։ Արա Թադեւոսյանը առանց պարտադրանքի մի քանի դաս է տալիս այս գրքով։

Նախ երբեք չպետք է հրաժարվել երազանքներից, որքան էլ դրանք անհաթահարելի լինեն։ Եթե համոզված եք, որ ի վիճակի եք, ուրեմն գնացեք առաջ։

Հաջորդ դասը՝ սերն է։ Սեր շրջապատի մարդկանց, հայրենիքի, քաղաքի,  աշխատանքի ու ընտանիքի հանդեպ։ Առանց դրա դժվար թե որեւէ նախագիծ իրականություն դառնա։

Երրորդ դասը, եթե վստահ չեք ձեր ուժերի վրա, ապա ավելորդ ժամանակ մի ծախսեք, ընտրեք այն բարեգործական ծրագիրը, որ հաստատ կկարողանաք իրականություն դարձնել։

Իսկ ամենամեծ դասը՝ մարդկային անկեղծ հարաբերություններն են։  Այդ անկեղծությունն է, որ մագնիսի պես ձգել է մարդկանց, լինեն դրանք համաշխարհային աստղեր, պետական գործիչներ, թե գործընկերներ եւ ցանկացած դժվարություն դարձել է հաղթահարելի։

Եվ ամենեւին պատահական չէ, որ Իեն Գիլանը գրքում խոստովանում է՝ «Հայաստանում ես մեծ կապ եմ տեսնում իմ իրական ոգու հետ։ Հայաստանի եւ հայերի հետ ընկերանալը շատ հեշտ է։ Դուք ինքներդ եք դա դյուրին դարձնում։ Դուք ուժեղ ոգի ունեք, պարզ արտահայտում եք ձեր ձգտումները, եւ դրանք հեշտ է ընկալելը»։

Նման գնահատականի խորքում նաեւ Արայի եւ իր ընկերների ներդումն է։ Երանի թե մեր երկրում ազնիվ նվիրյալները գերազանցեին իշխող միջակությանը։ Այդ պարագայում թե՛ մեր երկիրը բարվոք ու ապահով կլիներ, եւ թե՛ օտարները կհարգեին մեզ։ Իսկ Արարատը բարի աչքով կշարունակի հսկել ՝ թեկուզեւ սահմանից անդին։

Հակոբ Ասատրյան

Պրահա

 

Հ.Գ.Ի դեպ ցանկացողները կարող են գնել newmag հրատարակչության կայքէջից.

https://newmag.am/book/rockstar?fbclid=IwAR1SbFO-MwfqoIEvulrtlw66A0n0OnlOefLHrhQb8oJ6lsDgRPIPoNbt0OQ