«Հեղափոխությունն»՝ ըստ Էմանուել Մակրոնի

January 29, 2020 Hraparak

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը այսուհետ կարող է ուղեցույց լինել քաղաքականությամբ հետաքրքրվողների, քաղաքագետների համար։ Newmag հրատարակչությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում լույս է ընծայել Ֆրանսիայի նախագահի գիրքը՝ Արտակ Հերիքյանի թարգմանությամբ։ «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016թ․ նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին այն Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր, թարգմանվել եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Էմանուել Մակրոնը գրքում ներկայացնում է իր կյանքի պատմությունը եւ փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։

Այսօր ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Նա նշեց, որ քաղաքական բովանդակությամբ գրքի թարգմանությունը եզակի երեւույթ է, եւ այն շատ բան է ասում երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին։ Դեսպանն ասաց, որ Ֆրանսիայում քաղաքական ընտրություններին հայտ ներկայացրած յուրաքանչյուր թեկնածու պետք է որեւէ գիրք հեղինակած լինի։ Դեսպանի խոսքով՝ իրական հեղափոխությունը Ֆրանսիայում տեղի ունեցավ 2017թ․, երբ Ֆրանսիան ընտրեց մի նախագահի, որը մինչ այդ չուներ որեւէ լիազորություն։ Իսկ Մակրոնը իր ընտրարշավը մեկնարկել էր «Առաջ» կարգախոսով։

Դեսպանը նկատեց, որ Մակրոնի ընտրությունից հետո Ֆրանսիայում քաղաքական վերնախավն ավելի երիտասարդացավ, ավելի մեծ թվով կանայք ներգրավվեցին քաղաքականության մեջ։ Այդ ժամանակ Եվրոպայում իշխում էր պոպուլիզմը, սակայն Ֆրանսիան հանդես եկավ արմատապես տարբերվող դիրքորոշումներով։ Ժոնաթան Լաքոտը հավաստիացրեց, որ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա բավականին կարկառուն դեմքերի հետ, իսկ այդ այցը կընդգծի մեր երկրների հարաբերությունների ամրությունը։ Գրքի թարգմանիչ Արտակ Հերիքյանն էլ նշեց, որ այդ գիրքն օգնում է ավելի լավ ճանաչել ու հասկանալ Ֆրանսիան, ներսից ջարդել քաղաքական համակարգում ամրացած կարծրատիպերը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ժոնաթան Լաքոտը նշեց, որ ցանկացած դեսպանություն միշտ ուշադիր է տվյալ երկրի իրադարձությունների նկատմամբ, որտեղ ինքը պաշտոնավարում է, սակայն չի խառնվում դրանց։ «Ես կապի մեջ եմ այդ իրադարձությունների, գործընթացների շատ մասնակիցների հետ, շփվում եմ նրանց հետ։ Մենք հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը կընդունի ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Եկող շաբաթ ողջ աշխարհը պետք է հանդիպի Երեւանի հետ, Հայաստանի համար սա պատմական իրադարձություն է, միակ, եզակի հնարավորություն՝ շփվելու եւ կապ հաստատելու ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ։ Եվ մենք ակնկալում ենք, որ այս իրադարձությունները լավագույնս կընթանան Հայաստանի համար»,- ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։

Hraparak.am