Հուլիսի 16-ին կկայանա Newmag Summer Fest 2021-ը

Newmag Summer Fest-ը կսկսվի հուլիսի 16-ի կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ։

Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ:

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է այս հղումով:

Գլխավոր վայրը քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը: Այստեղ կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար, «Կորստի ցավն ու գրականությունը. Ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. Ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:

Ground Hall-ում նախատեսվում է նաեւ գրքի շնորհանդեսներ. Newmag-ը կներկայացնի երեք բեսթսելեր՝ Ժան Ֆիլիպի եւ Պատրիկ Ֆորի «Զիդան. Երկու կյանք» կենսագրականը, Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը, Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» թրիլերը:

Գրադարան սրճարանում՝ Location 1-ում, հանդիպումներ կլինեն Newmag-ի հայ հեղինակների հետ.

14:00-14:50՝    Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը»

15:00-15:50՝    Արա Թադևոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»

16:00-16:50՝    Հարութ Կբեյան «Լոտո»

17:00-17:50՝    Անի Քոչար «Հանձնվել չկա»

Location 2-ը բաց դասախոսությունների սրահն է: Այստեղ կարող եք լսել Արեւիկ Ուդումյանին, ով կներկայացնի «Ինքնության կառուցումը սոցցանցերում» թեման, Կարինե Խոդիկյանը կպատմի՝ «Ինչպես գրել 21-րդ դարում», Գնել Նալբանդյանը կխոսի «Տեքստ եւ կոնտեքստ», Էդիկ Պողոսյանը՝ «Դիզայնի 5 կանոնները», Լիանա Զաքարյանը՝ «Թարգմանելու նուրբ արվեստը» թեմաներով:

Book Garden-ում՝ գրապարտեզում, երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը եւ Նարեկ Մարգարյանը:

Օրվա ավարտին Music Hall-ում տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի կհետեւի համերգ՝ Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանի, Գոռ Սուջյանըի մասնակցությամբ:

Newmag Summer Fest-ի գլխավոր գործընկերներն են Yeraz Projects-ը եւ Վեոլիա Ջուր ընկերությունները: