Ի՞նչ են բրենդը և բրենդինգը և ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ․ տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ․ անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի շնորհանդեսը

Այսօրվա մրցակցային աշխարհում բրենդինգի դերը դժվար է գերագնահատել. ճանաչելի բրենդը, որը թույլ է տալիս առանձնանալ ուրիշներից և անհրաժեշտ ուշադրություն գրավել, այսօր հարկավոր է բոլորին՝ ընկերություններին, կազմակերպություններին, մարդկանց և նույնիսկ երկրներին: Առանց սեփական բրենդի բավական դժվար է արժանի տեղ զբաղեցնել ինչպես ապրանքների ու ծառայությունների շուկայում, այնպես էլ քաղաքական ասպարեզում։

Ի՞նչ է իրականում «բրենդը»: Ո՞ւմ է անհրաժեշտ բրենդինգը և ինչո՞ւ: Հայկական ո՞ր ընկերություններին է արդեն հաջողվել ամբողջ աշխարհում ճանաչելի բրենդ ստեղծել։ Մեր երկիրն ունի՞ արդյոք իր բրենդը։ Այս բոլոր խնդիրներին է նվիրված Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» նոր գիրքը։

Գրքի խմբագիր, այն հրատարակած Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ բոլորն են այսօր կիրառում «բրենդ» և «բրենդինգ» բառերը, սակայն շատերն այդքան էլ ճիշտ չեն օգտագործում այս բառերը և իրականում չեն պատկերացնում դրանց իրական նշանակությունը։ Գիրքը, ըստ խմբագրի, կօգնի հասկանալ այս երևույթները և այն, թե ինչու են դրանք այսօր այդքան կարևոր դեր խաղում։

Գիրքը, ըստ նրա, նախատեսված է լայն լսարանի համար՝ մարկետինգի և հաղորդակցության ներկա և ապագա մասնագետներ, ձեռնարկատերեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և, իհարկե, սովորական մարդիկ։ Յուրաքանչյուրը, ըստ Նալբանդյանի, գրքում իր համար հետաքրքիր և օգտակար բան որևէ բան կգտնի։  

Բրենդինգ․ բարդի մասին պարզ ձևակերպմամբ

Բրենդը ընկերության, կազմակերպության կամ անձի «ապրանքային նշանն» է, «ֆիրմային նշանը», որը ճանաչելի է դարձնում նրանց: Իսկ բրենդինգը, համապատասխանաբար, բրենդի  ստեղծումն է, ընկերության կամ անձի դրական իմիջի ստեղծումը և մարդկանց ուղեղում այդ իմիջի ամրապնդումն է:

Եթե որևէ բան ոճային է և ճանաչելի, ըստ Նալբանդյանի, դա դեռ բրենդ չէ։ Իրական բրենդը պետք է ունենա մի շարք հատկություններ. այն պետք է բավական երկար ժամանակ առկա լինի շուկայում, ընդորում՝ ոչ միայն տեղական, այլև գլոբալ շուկայում։ Բացի դրանից՝ տվյալ շուկայում այն ​​պետք է առաջատար դիրք զբաղեցնի իր կատեգորիայում և ասոցացվի սոցիալական բարձր կարգավիճակի հետ։

Գրքում Լիլիթ Շաքարյանը պատմում է այն մասին, թե ինչպես ստեղծել կայուն և հուսալի բրենդներ, որոնք կդառնան բիզնեսի շարժիչ ուժը, նկարագրում է ընկերությունների, անձանց և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալիզացիայի տեսական և գործնական ասպեկտները, ինչպես նաև վերլուծում է մրցակցային շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։

Գրքում բերված բազմաթիվ օրինակներ հայ ընթերցողին քաջ հայտնի են ու հասկանալի։ Խոսքը վերաբերում է թե՛ «Արարատ» կոնյակին՝ ապրանքանիշ, որով Հայաստանը հայտնի է աշխարհին, թե՛ ֆրանսահայ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին՝ որպես անհատական ​​բրենդինգի բացառիկ օրինակ, և շատ այլ օրինակների։ 

Ինչո՞ւ է երկրին անհրաժեշտ բրենդ

Միանգամայն հասկանալի է, թե ինչու է բիզնեսին կամ մարդուն անհրաժեշտ իր սեփական բրենդը, լինի դա շոու-բիզնեսի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն։ Դա նշանակում է և՛ ճանաչում, և՛ մրցունակության բարձրացում և օժանդակություն սեփական նպատակներին հասնելու համար:

Բայց ինչո՞ւ է անհրաժեշտ բրենդը երկրի պարագայում:

Գրքում Շաքարյանը պատմում է, որ երկրի բրենդի ստեղծումը նույնքան կարևոր է, որքան կորպորատիվ և անհատական ​​բրենդների ստեղծումը. սեփական բրենդը և ճանաչումը բարձրացնում են երկրի մրցունակությունը համաշխարհային տնտեսությունում, ստեղծում են անհրաժեշտ իմիջ և օգնում շահեկան տեղ զբաղեցնել այլ երկրների կողքին։

Հայաստանը, ցավոք, դեռ չունի իր բրենդը։ Նալբանդյանն ասում է, որ դրանում վաղուց է համոզվել. այլ երկրներ շրջագայությունների ժամանակ հաճախ է բախվել այնպիսի իրավիճակների, երբ օտարերկրացիներին ասել է, թե որտեղից է, և նրանք նորից հարցրել են. «Արմենիա՞։ Ռումինիա՞»։ Ընդորում՝ ոմանք երկիրը ճանաչել են հայտնի մարդկանց շնորհիվ, ինչպիսին է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

Շաքարյանն իր գրքում վերլուծում է «երկրի բրենդի» գաղափարը և ներկայացնում քաղաքային ինքնության և դիզայնի ստեղծման նախագիծ՝ հայկական քաղաքների օրինակով։

Հայ հեղինակը՝ ողջ աշխարհում արդի թեմայի մասին

Լիլիթ Շաքարյանը սոցիոլոգ է և մարկետինգային հաղորդակցության մասնագետ, որն աշխատանքի մեծ փորձ ունի ինչպես բրենդինգի, այնպես էլ մարկետինգի և դասավանդման ոլորտում: Ինֆորմացիան, որը նա ներկայացնում է իր նոր գրքում, հիմնված է ինչպես անձնական, եզակի փորձի, այնպես էլ միջազգային լավագույն փորձի վրա, ընդգծեց Գնել Նալբանդյանը։

«Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ»-ը Շաքարյանի երրորդ գիրքն է։ 2021-ին նա հեղինակել է բրենդինգի մասին առաջին հայալեզու մասնագիտական ​​գիրքը՝ «Բրենդի կառավարում»-ը։ Նույն թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում»:

Լիլիթ Շաքարյանը 14 տարի դասավանդել է Երևանի պետական ​​համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում և դարձել 10 առարկայական ծրագրերի և մի քանի գիտական ​​հոդվածների հեղինակ։ Դասախոսություններ է կարդացել Եվրոպայի առաջատար համալսարաններում (Շվեյցարիա, Չեխիա, Գերմանիա, Իսպանիա, Հունգարիա): Այժմ ԱՄՆ Նևադայի համալսարանում հետազոտող գիտնական է և իրականացնում է գիտական հետազոտություն «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» դոկտորական (PhD) ծրագրով։