ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՈՒ ԲԱՔՎՈՒՄ ԷՐ

November 7, 2022 Hraparak

Newmag-ը հրատարակել է Աննա Աստվածատուրյան- Թերքոթի՝ Բաքվի ջարդերի մասին գիրքը․  «Արտաքսում. դեպի անհայտություն»։ 

Գրքում պատմվում է, թե ինչպես է 8 տարեկան աղջնակը դառնում վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988-ին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 

8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվել է ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձել գիրք։

Այս օրերին, հատուկ գրքի շնորհանդեսի համար Հայաստան ժամանած Աննա Աստվածատուրյան-Թերքոթը պատմում է, որ երբ առաջին անգամ՝ 2012-ին, անգլերենով լույս է տեսել գիրքը, իր համար շատ ծանր է եղել այդ ամենի մասին խոսելը, որովհետեւ, 22 տարի ապրելով ԱՄՆ-ում, ամեն օր փորձել են մոռանալ կատարվածը, ապրել առօրյա կյանքով, անգամ Հայաստան չեն եկել, որովհետեւ դա եւս ցավ է պատճառել իրենց։

«Տրավման միշտ կա, բայց թե ինչպես եմ ես դրա մասին խոսում՝ փոխվել է։ Առաջին տարիներին շատ դժվար էր խոսել, ամեն անգամ, երբ վերհիշում էի, ցավը նորից գլուխ էր բարձրացնում, մղձավանջներ էի տեսնում, շատ դժվար էր ինչ-որ ձեւ գտնել՝ անջատելու այդ հիշողությունների շղթան, մանկական ցավը։ Հետո արդեն, երբ սկսեցի հանդես գալ որպես ակտիվիստ եւ խոսել դրա մասին, էմոցիոնալ առումով ինձ մեկուսացնում էի, միայն այդկերպ էի կարողանում ինձ պաշտպանել այդ օրերի ապրումներից։ Բայց օրեր առաջ, երբ տեղի ունեցավ գրքի հայերեն շնորհանդեսը, նորից շատ էմոցիոնալ ապրումներ ունեցա, որովհետեւ սա արդեն իմ հայրենիքում էր, ու երբ էկրանի վրա ցուցադրում էին իմ մանկական լուսանկարները, անասելի հուզվեցի, որովհետեւ այդ ամենն ինչ-որ կերպ նորից ինձ վերադարձավ»։

Ես զգուշորեն եմ հարցեր տալիս Աննային, հարցնում եմ՝ եթե էմոցիոնալ առումով դժվար է, շրջանցենք Բաքվի շրջանի հիշողությունները, բայց հուզմունքը մե՛կ ինձ է պատում, մե՛կ Աննային է խեղդում․ «Երբ հիշում եմ իմ մանկությունը, Բաքուն, փորձում եմ հիշել մինչեւ Սումգայիթը՝ մեր զարմիկներին, բարեկամներին, բակը, հարեւաններին, դպրոցը․․․ երբ 88-ին սումգայիթյան ջարդերը եղան, այդ ժամանակ Բաքվում տարօրինակ լռություն էր, անծանոթ զգացողություն էր թե՛ իմ եւ թե՛ ծնողներիս համար, ամեն ինչ փոխվել էր, բայց դեռ պարզ չէր՝ ինչը․․․։ Ամեն անգամ, երբ աշուն է գալիս, աշնան այդ հոտը ֆլեշբեքով ինձ վերադարձնում է դեպի հետ։ Շատ սիրում եմ աշունը, բայց աշնանն ինձ մոտ միշտ մղձավանջներ են լինում. այդ ցուրտը, տերեւների խշշոցը, տագնապն իմ մեջ պահպանվել են արդեն 35 տարի»։

«Երբեմն տատիկս չէր կարողանում ուղեկցել ինձ, ու ես մենակ էի գնում: Երբ կողքիս անցորդներ էին լինում, քայլում էի հայացքս ցած պահած՝ փորձելով թաքցնել դեմքս ու հայի աչքերս: Ես քայլում էի հնարավորինս արագ ու մտքումս աղոթում էի Աստծուն՝ փրկել ինձ ու իմ ժողովրդին մեզ շրջապատող ատելությունից»,- գրում է գրքում Աննան:

Իմ դիմաց նստած կինը, որ ադրբեջանական վայրագություններն իր աչքով է տեսել ու զգացել, ընդգծում է՝ Բաքվում ինքը դարձել է հայ այն բանից հետո, երբ դպրոցում հանկարծ փոխվել է դասարանցիների վերաբերմունքն իր հանդեպ։ «Մի օր մայրս եկավ տուն ու ասաց՝ վերջ, տոմս ենք առնում, թեպետ երբեք չէր ցանկանում Բաքվից հեռանալ, որովհետեւ երբեք չէինք կարող մտածել, որ այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում կամ Կիրովաբադում, կարող էր տեղի ունենալ նաեւ Բաքվում, որը մեզ համար ավելի միջազգային եւ ինտելեկտուալ քաղաք էր։ Բայց մորս հետ ինչ-որ բան կատարվեց, նա ուժեղ վախեցավ, եւ 89թ․ սեպտեմբերի վերջին մենք հեռացանք Բաքվից։ Հայրս՝ մի փոքր ուշ՝ հոկտեմբերին, իսկ հունվարին ջարդեր տեղի ունեցան նաեւ Բաքվում։ Մինչ այդ, վայրագություններն արդեն սկսվել էին, մեր տան մոտ երկաթուղային կայարան կար, որտեղ մի օր տեսանք կախաղան հանված հայ տղամարդու․․․․ Այսինքն՝ ինձ համար ջարդերը շարունակվում էին նաեւ 88-ից հետո, որովհետեւ դրանք գուցե այդքան կազմակերպված չէին, բայց անընդհատ Բաքվում ինչ-որ դեպքեր էին տեղի ունենում։ 89-ին՝ ցույցից հետո, ինձ վրա հարձակվեց մեր խմած հարեւանը։ Փառք Աստծո, ես կարողացա փախչել, բայց մենք այդ 2 տարին Բաքվում ապրեցինք կատարյալ սթրեսի մեջ»,- հիշում է Աննան ու ընդգծում, որ հարձակումներ եղել են ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների, հարազատների նկատմամբ։ Հենց այդ ժամանակ է, որ տատիկի հորդորով փոքրիկ աղջիկը սկսում է օրագիր պահել, որը մի քանի տարի անց վերածվում է գրքի, իսկ երկար ժամանակ անց՝ նախ հրատարակվում անգլերեն, ապա՝ ռուսերեն։  

«2012-ին, երբ գիրքս լույս տեսավ, առաջին անգամ հորս տեսա լաց լինելուց։ Այն, ինչ կարդացել էր, իր համար շոկ էր, որովհետեւ ինչքան էլ մեր ծնողները փորձում էին մեզ պաշտպանել, ես ամեն ինչ հասկանում էի»,- պատմում է Աննան ու առանձնահատուկ կարեւորում այն փաստը, որ օրագիրը 15-16 տարեկանում սկսել է թարգմանել անգլերեն՝ իր ապագա երեխաների համար, որպեսզի չմոռանան իրենց ինքնությունը, ծագումնաբանությունը։

Չնայած ահասարսուռ տեսարաններ չկան գրքում, բայց Աննայի 7-ամյա որդին երբ սկսել է գիրքը կարդալ, մի օր մոտեցել է նրան ու հարցրել․ «Մամ, մեր այս տնից է՞լ են մեզ վռնդելու...»։ Այստեղ Աննայի ձայնը նորից դողում է, ու մենք դադար ենք առնում։ Աննան շարունակում է՝ երեխաները լավ գիտեն ոչ միայն իրենց ընտանիքի, այլեւ հայոց պատմությունն ամբողջովին։ Իսկ ֆրանս-ամերիկացի ամուսինը ոչ միայն աջակցում է իրեն, այլեւ համարում է, որ իրենց երեխաները հայ են։ Հիմա արդեն, որպես ծնող, Աննա Աստվածատուրյան- Թերքոթն է փորձում իր երեխաներին պաշտպանել, տալ նրանց այն մանկությունը, որն ինքը չի ունեցել, բայց միեւնույն ժամանակ ուզում է նաեւ, որ նրանք մեկուսացած չլինեն այն ամենից, ինչը կատարվում է հիմա աշխարհում։
Հետաքրքրվում եմ՝ մտադրություն ունի՞ գիրքը մի օր թարգմանել եւ տպագրել նաեւ թուրքերեն։ «Ինչո՞ւ ոչ, մի անգամ արդեն ինձ առաջարկել են, բայց ինչ-ինչ պատճառներով չիրականացավ։ Ինձ համար կարեւոր էր գիրքը թարգմանել մարդկանց առավել հասանելի 2 լեզուներով՝ անգլերեն եւ ռուսերեն, որն ինչ-որ չափով կբացեր նաեւ օտարների աչքերը պատմության վրա, իսկ պատերազմից հետո հասկացա, որ այս պատմությունը նախեւառաջ չպետք է մոռանան հենց Հայաստանում, որովհետեւ նոր սերունդն ընդհանրապես չգիտի, որ հազարավոր հայեր են ապրել Բաքվում՝ կառուցելով այդ քաղաքը»։

Ամեն տարի գալիս է ոչ միայն Հայաստան, այլ նաեւ՝ Արցախ, ասում է՝ վերջին պատերազմից հետո ամեն ինչն է փոխվել Արցախում՝ ճանապարհները, մարդիկ, պատերազմի ցավը բոլորի մեջ կա, որովհետեւ կորցրել են երեխաներ, բայց ո՛չ հույսն ապագայի հանդեպ։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։ Աննան ասում է՝ Արցախը միայն տարածք չէ, որը կորցրել ենք, այլեւ մարդիկ են, նոր ծնվող երեխաները, որոնց լուսանկարները պարբերաբար Արցախից ուղարկում են իրեն, եւ որոնց համար իրականացնում է «Սեր Արցախ» ծրագիրը։  
Մենք սիրում ենք ասել` պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ մեր ամբողջ պատմությունն էլ դրա վկայությունն է։ «Սումգայիթի, Բաքվի ջարդերին կա՞ կրկնություն» հարցը երկուսիս մոտ էլ դառը ժպիտ է առաջացնում, որովհետեւ թարմ են վերջին պատերազմից թշնամու վայրագությունների մասին պատմող կադրերը։  

«Դրսում 21-րդ դարն է, բայց հայերի համար շարունակվում է դեռ 1915-ի եղեռնը։ Պապս 15-ի եղեռնից փախել եկել է Բաքու, բայց 18-ին գրեթե նույն ջարդերը եղել են Բաքվում, պապուս վրա հարձակվել են 3 անգամ, ուզեցել են սպանել, քանի որ հայ է եղել։ Հետո նույնը մենք ապրեցինք  88-90թթ․, եւ հիմա էլ այս ծանր ընթացքը, ատելությունը շարունակվում են իմ բարեկամների համար՝ Սյունիքում, եւ իմ ընկերների համար՝ Արցախում։ Ու քանի դեռ չկա ճանաչում, նույնը շարունակվելու է, պատմությունը կրկնվելու է։ Ինչքան էլ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը, դա նշանակություն չունի, քանի դեռ այն չի ճանաչել Թուրքիան։ Մինչեւ չլինի ճանաչում, չի լինի նաեւ խաղաղություն։ Ինձ թվում է, որ հիմա՝ 30 տարի անց, ատելությունը հազար անգամ ավելին է, որովհետեւ մանկուց իրենց երեխաներին սովորեցնում են, որ մենք «խավարասեր» ենք, մարդ չենք, իսկ ցեղասպանությունը սկսվում է նրանից, երբ մարդուց վերցնում են իր մարդկությունը, դու նրան մարդ չես համարում, իսկ այս 30 տարիների ընթացքում նրանք այդպես են վարվել։ Դրա համար եմ ասում, որ հիմա ավելի վտանգավոր է, քան այն ժամանակ Սումգայիթում եւ Բաքվում»։

Ադրբեջանական վայրագությունները սեփական աչքով տեսած աղջնակը, ով 2021-ին դարձել է առաջին ներգաղթյալ կինը, ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահ, ի՞նչ է մտածում «խաղաղության դարաշրջանի» մասին, հնարավո՞ր է խաղաղություն եւ երկխոսություն հաստատել մեր հարեւանների հետ։ 

Աննան հավատում է խաղաղ երկխոսությանը, եթե երկու կողմերն էլ խաղաղություն են ուզում, բայց չի կարծում, թե այն մարդիկ, ովքեր կողմ են արտահայտվում այդ ծրագրին, հավատում են դրան կամ էլ ապրում են զուգահեռ իրականություններում․ «Այն, ինչ կատարվում է սահմանին, Սյունիքում, Արցախում, եւ այն, ինչ իրենք են երազում, հնարավոր չէ, քանի որ մենք չենք ապրում փուչիկի մեջ, մենք ապրում ենք իրական կյանքով։ Դու խաղաղություն կունենաս, երբ միշտ պատրաստ լինես պատերազմին, ու մենք ամեն անգամ զարմանում ենք, որ պատերազմ է սկսվում, բայց պետք է բացել աչքերը եւ հասկանալ, որ իրականությունն այսօր ավելի վտանգավոր է, քան Սումգայիթում էր կամ Բաքվում։ Արցախյան առաջին պատերազմից հետո մենք երեւի մի քիչ մեծամտացանք եւ չէինք մտածում, թե պատմությունը կարող է կրկնվել, եթե այն մոռանում ես։ Դրա համար էր, որ այս գիրքը հրատարակեցի նաեւ հայերեն»։