Կայացել է Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73»․ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը

October 16, 2023 ArmSport

Արարատ-73 լեգենդար թիմի 50-ամյակի առթիվ Newmag-ը հրատարակել է Սուրեն Բաղդասարյանի հուշագրությունը։ Անվանի մեկնաբանն իր հուշերն ու պատմությունները շարադրել է «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքում, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի հաղթանակ տանող ճանապարհը։ Հենց պատմական հաղթանակի օրն էլ՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Երեկոյին ներկա էին գրքի հեղինակներն ու այն հերոսները, որոնց կերտած հաղթանակը կես դար անց էլ անկրկնելի է։

Հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին անգամ հենց Արարատ 73-ը դարձավ ԽՍՀՄ գավաթակիր։ Արարատի «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Ու հենց այդ ահռելի նյութերն էլ դարձան գիրք գրելու պատճառ. «Աստծո նախախնամությամբ, մեկնաբանական կարիերաս սկսեցի Արարատի չեմպիոնությամբ։ Ցավոք, Արարատ 73-ից առաջ ու հետո էլ չունեցանք հաղթանականեր։ Արարատ 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը կուռք էր բոլորիս համար, արտակարգ անձնավորություն էր։ Տղաների համար Նիկիտայի խոսքը շատ կարևոր էր։ Նա գիտակացական կարգապահության կողմնակից էր։ Բացառիկ մարդ էր, որ կարողացավ հայերին համախմբել, միավորել։ Դա երազանքների թիմ էր, դա հեքիաթային թիմ էր։ Արարատը մրցում էր ԽՍՀՄ հավաքականի հետ, քանի որ ուկրաինական Դինամոյի ֆուտբոլիստների մեծ մասը հավաքականում էին խաղում»։

«Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսի օրը Սուրեն Բաղդասարյանը խոստովանում է՝ այսօր հուզված է ավելի, քան երբևէ. «Հուզիչ օր է այսօր։ Առաջին անգամ է, որ մոտենում եմ խոսափողին ու այսպես հուզվում եմ: Սա առանձնահատուկ օր է։ Ծանր օրեր են մեր պատմության համար։ Նույնիսկ մտածում էինք հետաձգենք շնորհանդեսը, հետո որոշեցիքն ծնկի չգալ, հաղթել։ Արարատի հաղթանակը սպորտային հաղթանակ չէր։ Այն մեր ազգի առանձնահատուկ հաղթնակներից է։ Ես եղել եմ խոհանոցում, ականատես եմ եղել, այսպես կոչված, ուստանովկաներին, ու այդ ժամանակ սկսեցի ֆուտբոլին նայել այլ տեսանկյունից»։

Գրքի հրատարակության ամբողջ ընթացքը համակարգել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ Դավիթ Մարտիրոսյանը։ Նաև նրա գաղափարն էր, որ պապիկի պատմություններն իրենից բացի նաև կարդան ու ծանոթանան բոլոր սերունդները. «Երկար ու քրտնաջան աշխատել ենք, քանի որ սա այն պատմությունն է, որը դասական օրինակ է բոլորի համար։ Ես, լինելով Սուրեն Բաղդասարյանի թոռը, անընդհատ լսել եմ, թե ինչպես ենք հասել հաջողության ու շատ էի ափսոսում, որ այդ ամենը չկար որևէ տեղ արձանագրված։ Այս գիրքը հաղթանակի մասին է ու այն ունի ուղերձ՝ եթե հայերը համախմբվում են, հասնում են հաղթանակի»։

Շնորհանդեսին ներկա էին նաև Արարատ 73-ի ֆուտբոլիստները։ Մարդիկ, ովքեր կարողացան ապացուցել՝ հաղթանակը հնարավոր է, եթե միահամուռ ես։ Սերգեյ Բոնդարենկո, Արարատ 73-ի ֆուտբոլիստ. «Սրտանց շնորհավորում եմ Արարատ 73-ի փառավոր, չտեսնված հսղթանակի հսմար։ Այսօր այդ գավաթը ստանալու օրն է։ Այսօր այն օրն է, որ ուրախությունից, երջանկությունից բացի, այլ բան չենք տեսել։ Շնորհակալ ենք հայ ժողովրդին, որ 50 տարի անց էլ խանութում, փողոցում մոտենում են, լավ խոսքեր են ասում։ Ինձ ասում են արտասահմանցի ֆուտբոլիստ լինեիք, միլիոնատեր կլինեիք, բայց մենք, որ խաղում էինք, 75 հազար հանդիսատես ուրախությունից պարում էր։ Դա էր մեր միլիոնը»։

Ըստ Սերգեյ Բոնդարենկոյի, թեև ծանր ու պատասխանատու խաղեր էին, բայց անգնահատելի հիշողություններ են մնացել։ Ֆենոմենալ հաղթանակները հենց այնպես չեն տրվում. «Չեմ կարող տխուր խոսքեր չասել։ Մեր հետ չեն այն տղաները, որոնք մեծ ջանք են դրել Արարատ 73-ի համար, բայց էլ մեզ հետ չեն. Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Սուրեն Մարտիորսյան, Ալեքսնադր Կավսլենկո, Հովհաննես Զանազանյան, Հովհաննես Աբրահամյան, Նիկիտա Պավլովիչի օգնականները։ Մի անգամ զանգեց Արթուր Սողոմոնյանը ու ասեց՝ անակնկալ ունեմ ու հեռախոսը տվեց Նիկիտա Պավլովիչին։ Խանութում էի, նենց խառնվեցի իրար, ասեցի՝ թանկ մարդ, դու սուրբ մարդ ես»։

Արդեն մեկ տասնամյակից ավելի Սուրեն Բաղդասարյանը պլանավորել էր հրատարակել գիրքը, սակայն աշխատանքները ձգվեցին ու միայն 50-ամյա հոբելյանին հնարավոր դարձավ լույսընծայել այս հուշագրությունը։ Հրատարակչական աշխատանքները վստահվեց Newmag-ին։ Տնօերն Արտակ Ալեքսանյանի խոսքով, այս գրքի գլխավոր ուղերձն այն է, որ Արարատի հաղթանակը մի ամբողջ պետության, ինստիտուտների երկար ճանապարհի արդյունք էր. ոչ թե ցանկութուն էր, այլ նպատակ, ոչ թե երազանք էր, այլ ամբիցիա. «Արարատ 73-ի մասին գիրքն այնքան օրինաչափ էր, որքան հաղթանակը։ Գլխավոր ականատեսն այդ հաղթանակի ուրախ ենք, որ Newmag-ին վստահեցին։ Այս աշխատանքում մեծ էր ներդրում ունի Դավիթ Մարտիրոսյանը: Ինքներս շատ տպավորված էինք, այնպես, որ Դավիթ Մարտիրոսյանը Newmag-ի սպորտային մատենաշարի ղեկավարը կլինի։ Կլինեն համաշխարհային ու հայ աստղերի մասին գրքեր։ Այսօր մեզ պետք են պատմական հաղթանակների էմոցիաներ, նախատիպեր, որպեսզի առավոտյան կարողանանք արթնանալ, կրկին հավատալ ապագային, հավատանք, որ աշխարհի չեմպիոն ենք տվել, որ իրավունք ունենք նոր հաղթանակների։ Արարատ 73- ի գիրքը այդ հայտի մասին վավերագրումն է։ Հաղթել ենք, հիմա չենք հաղթում, բայց էլի հաղթելու ենք»:

Հուշագրությունը հրատարակվել է Արթուր Սողոմոնյանի, Արման Սահակյանի, «Ֆուտբոլ+» թերթի և «to.sport» ռադիոյի աջակցությամբ։ Գրքի վաճառքից գոյացած շահույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանվածներին։