«Մի կյանքից ավելի». հուշագրություն հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին

Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, առաջին հայկական ջութակը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ դրանք ներկայացնելով օտարերկրյա լսարաններին: Կապն այս ամենի հետ կգտնեք իրավաբան, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ «Մի կյանքից ավելի» գրքում: Այն երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Արմեն Սարգսյանի՝ Սուրեն Սարգսյանի հոր, կյանքի և գործունեության մասին է: Հեղինակն ասում է՝ «Մի կյանքից ավելի» գիրքը հուշագրություն է, որում ներկայացված է, թե ինչպես են հասարակ մարդիկ պետության անվտանգության ապահովման համար լուրջ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով: «Շատ կարևոր օպերացիաներ կան, որոնց անդրադարձել եմ գրքում, մասնավորապես՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին գաղտնի պայմաններում Երևան տեղափոխելու օպերացիան, որը հենց հայրս է իրականացրել, դրա վերաբերյալ բավական տեղեկություններ ի հայտ եկան։ Որոշները գիտեի, սակայն կային տեղեկություններ, որոնց մասին բացարձակ գաղափար չունեի»,- նշում է Սուրեն Սարգսյանը:

Գրքում տեղ են գտել ուշագրավ փաստեր և պատմություններ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել Արմեն Սարգսյանի հարազատների և ընկերների համար: Մոնթե Մելքոնյանի Հայաստան տեղափոխելու օպերացիան նա սկսել է մշակել 1989 թվականից, երբ վերլուծել է Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ պարզել է, որ Մոնթեն ամերիկյան գործակալ չէ, ինչպիսի կասկածներ հնչում էին: «Հարցազրույցներից մեկի ժամանակ Մոնթե Մելքոնյանի օպերացիայի մասին խոսեցի, և մի քանի ժամ հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից զանգ ստացա, որ նախագահն ուզում է լրացուցիչ տեղեկություններ հայտնել Մոնթեի Հայաստան տեղափոխելու օպերացիայից: Շատ տեղեկություններ, որոնք կապված էին հորս գործունեության հետ, ճշտեցի նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից: Տեղեկություններն անընդհատ գալիս էին, և պետք էր դրանց առավել շատ դետալներ ավելացնել»,- ասում է հեղինակը: Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի գաղտնի ծառայությունների գործունեության մասին շատ բան հայտնի չէ, հրապարակումներ գրեթե չկան: Այդ իմաստով այս գիրքն առաջիններից է, որ պատմում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների խիստ գաղտնի գործողությունների ու դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին: Խմբագիր Գնել Նալբանդյանը, խոսելով գրքի ստեղծման մասին, ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքին՝ հատուկ ծառայակցի աշխատանքի մասին գրում է որդին: «Մենք անընդհատ քննարկում էինք՝ գրե՞լ, թե՞ չգրել։ Եթե գրել, ապա ինչպե՞ս: Եթե գրքի հերոսը հատուկ ծառայությունների աշխատակից է, հասկանալի պատճառով գաղտնի և փակ աղբյուրներից պետք է տեղեկատվությունը հավաքել»,- ասում է խմբագիրը: Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այս գիրքը միայն սկիզբն է, հավաքած նոր տեղեկատությունները հետագայում տեղ կգտնեն նմանատիպ այլ աշխատություններում: Ասում է՝ կան նաև տեղեկություններ, որոնք գրքում ամփոփված չեն, քանի որ դրանց հրապարակումը կարող է որոշ մարդկանց կյանքը վտանգել: Անի Թամրազյան