Newmag Summer Fest-ը՝ սրտառուչ և ինտելեկտուալ հանդիպումների հարթակ. մեկնարկել է գրքին նվիրված փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, խաղարկություններ, հատուկ ծրագիր փոքրիկ ընթերցասերների համար, համերգներ ու ամառային զեղչեր բոլոր գրքերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 17-ին Երևանում՝ «Երազ» այգում, կեսօրից մինչև կեսգիշեր անցկացվում է Newmag Summer Fest-ը։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը խոստովանեց, որ ամեն անգամ ավելի դժվար է դառնում փառատոնի բացմանը նոր բան ասել և մտածում է, թե ինչ է ասելու 100-րդ փառատոնի ժամանակ: «Այս տարվա փառատոնին հետաքրքիր բան է տեղի ունեցել. նախորդ փառատոններին հավաքվում էինք մեծահասակներով և շատ լուրջ խոսում, իսկ այս տարի մեզ են միացել փոքրիկները, նրանք, ովքեր անցկացնելու են 100-րդ փառատոնը: Պարզվում է՝ մենք ոչ միայն գիրք ենք ներկայացնում, այլև համայնք ենք ստեղծում»,-շեշտեց Նալբանդյանն ու հավելեց՝ Newmag Summer Fest-ը դառնում է ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց հավաքատեղի, յուրօրինակ համայնք, որին հետաքրքրում են սրտառուչ և ինտելեկտուալ հանդիպումները:

Newmag-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ շեշտեց՝ յուրաքանչյուր տարի փորձում են Newmag Summer Fest-ն այնպես կազմակերպել, որպեսզի հենց իրենք չձանձրանան: «Մենք ամեն տարի, ամեն ամիս տպագրում ենք գրքեր, որոնք ընտրում ենք մեկ  սկզբունքով՝ որ գրքերը հետաքրքիր լինեն առաջին հերթին մեզ համար: Ամեն տարի աշխատում ենք այն գործընկերների հետ, որոնք կիսում են մեր նպատակները, համատեղ ապագան ու նույն արժեքները»,-նշեց Ալեքսանյանն ու շնորհակալություն հայտնեց հրատարակչության ամբողջ անձնակազմին, գործընկերներին:

Ալեքսանյանի խոսքով՝ ապրում ենք դժվար ժամանակներում. անընդհատ վատ լուրեր ենք լսում, և փառատոնը ամենօրյա մտահոգիչ լուրերից կտրվելու, նոր ճշմարտություններ բացահայտելու, համախոհներ գտնելու հարթակ է դառնում:  «Newmag-ն առաջին հերթին ձևավորել են ու ապահովում են մեր ընթերցողները: Մենք լավատես ենք, ոգևորված ենք հանդիպելու նրանց հետ, զրուցելու:  Լավ ենք զգում, երբ ընթերցողներն ասում են, թե որ գրքի որ էջում վրիպակ կա: Նշանակում է՝ ուշադիր են ընթերցում»,-եզրափակեց Ալեքսանյանը:

Ամառային 3-րդ փառատոնին հրատարակչությունը ներկայացնում է 5 նոր գիրք՝ Միհրան Գալստյանի, Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞», Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն», Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին»։

Կազմակերպվում են թրեյնինգներ՝ հայտնի ու սիրված դեմքերի, ինֆլյուենսերների մասնակցությամբ։ «Երազ» այգում տեղի կունենա երկու բացառիկ համերգ և մեկ տիկնիկային ներկայացում։ Ելույթ կունենա D’Litte-ը, տոնական օրվա ամփոփիչ ակորդները կհնչեցնեն Երգի պետական թատրոնի սաները, հոբելյանական համերգը նվիրված է Արթուր Գրիգորյանի ծննդյան 65-ամյակին։  Տարին հոբելյանական է, հետևաբար բազմազան ծրագրով փառատոնին մասնակցող ընթերցասերները հնարավորություն կունենան գրքեր գնել մինչև 50 տոկոս զեղչով։  Փառատոնի ընթացքում տարածքում միաժամանակ մի քանի միջոցառումներ են անցկացվում։ Առանձնացվել է սրահ, որտեղ լինելու է հեքիաթի ժամ։  Փոքրիկների համար հեքիաթ են կարդալու հայտնի աստղերն ու գրողները։ Կա մեկ այլ սրահ, որտեղ անցկացվում են թրեյնինգներ արդի թեմաներով, օրինակ՝ ինչպե՞ս խուսափել հեռախոսի գաղտնալսումից, ինչպե՞ս դառնալ հեռուստաաստղ,  ինչպե՞ս գիրք գրել և այլն։