Newmag-ը 2024-ի համար ունի ամբիցիոզ ծրագիր

December 21, 2023 Panorama

Newmag հրատարակչությունն ամփոփել է  2023  թվականն ու  ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզնեսի աստղեր ու ինֆյլուենսեր, բոլոր նրանք, որոնց միավորում է սերը գիտելիքի և գրքի նկատմամբ։

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում ավելիք ան 140 անունգիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական գրքերը, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»,- երեկոյի ընթացքում նշել է Նալբանդյանը:

5 տարվա գործունեության ընթացքում հրատարակչությունն այս տարի առաջին անգամ ներկայացել է մանկական մատենաշարով: Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփելուց առաջ ասել է. «2023-ը մենք չենք հիշի 40 տպագրված գրքերով, ու դժվար հիշենք կատարված որևէ աշխատանքով, բոլորիս համար 2023-ը կհիշվի մի բանով՝ մենք կորցրինք մեր 1500-ամյա քաղաքակրթական բնօրրանը: Կան մարդիկ, որոնք սթրեսից ուտում են, մյուսները՝  չեն ուտում։ Մենք սթրեսից աշխատում ենք»:

Նրա խոսքով, հաջորդ տարվա համար հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր՝ հրատարակելու 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։ 2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր:

Newmag 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։ Հրատարակչությունը հաջորդ տարի գործարկելու է իր նոր բջջային հավելվածը, որով հնարավոր կլինի վերջապես կարդալ գրքերը։ Նախատեսվում է նաև աուդիո գրքերի արտադրություն։ Եվ վերջապես հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։