«Նոր գիրք»-40/22. Ունամունո, Մանարյան, Թիլ

November 7, 2022 Armenpress

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Միգել Դե Ունամունո, «Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն»

«Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն» խոստովանական վեպը երկու ընկերների՝ Խոակին Մոնեգրոյի և Աբել Սանչեսի ողբերգական պատմությունն է, որը կարելի է ընթերցել իբրև աստվածաշնչյան Աբելի և Կայենի մեկ այլ տարբերակ, որի միջոցով Ունամունոն փորձում է ներթափանցել իսպանացիներին հատուկ պատմական երկու արատների՝ նախանձի և ցինիզմի խորխորատները: Խոակինն անհաղթահարելի նախանձ է զգում Աբելի նկատմամբ, հատկապես երբ վերջինս ամուսնանում է Էլենայի՝ Խոակինի սիրած աղջկա հետ: Այդ պահից սկսած Խոակինի ցանկացած փորձ՝ մոռանալու կամ գերազանցելու ընկերոջը, դատապարտված է, ուստի նա իր կյանքը նվիրում է քայքայող տառապանքին, որն ավարտվում է սկզբում Աբելի, հետո նաև՝ Խոակինի մահով: Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Քրիստ Մանարյան, «Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ Քեռու հեքիաթները»

Բարև, սիրելի պստիկներ ու մեծիկներ, մեր գրքի հիմական հերոսները՝ հեքիաթասաց, Հրամանատար Քրիստ Քեռին և իր երկու անփոխարինելի օգնականները՝ Մոխն ու Դմբլդոխը, ՀոպլաԹիռով շրջում են անծայրածիր Տիեզերքով մեկ՝ փնտրելով Նախնիների Մոլորակը: Ճանապարհորդության ընթացքում նրանք անցնում են աստղաբույլերի ու միգամածությունների միջով և օրվա վերջում ի մի են բերում իրենց տպավորությունները: Եվ ամեն օրվա վերջում Քրիստ Քեռին Մոխին ու Դմբլդոխին պատմում է հեքիաթներ իրենց հեռավոր, Երկիր Մոլորակում գտնվող հարազատ ու կարոտած Հայաստան Աշխարհից: Եկեք մենք էլ տեղ զբաղեցնենք ՀոպլաԹիռում, միանանք Մոխին ու Դմբլդոխին և նրանց հետ միասին լսենք Քրիստ Քեռու զարմանահրաշ հեքիաթները Չղջիկ Սմբատի, Օդաչու Ռաֆայելի, Պարոն Գնելի, Քար Երեմի, Կատու Նորայրի, Գայլ Սուքիասի, Ցանկապատ Ցոլակի, Դռնապան Սեթի ու Մթի և մնացած բոլոր բոլորի մասին: Դե, հարմար տեղավորվեք մեծ արագությամբ սլացող Հոպլաթիռի տիեզերական բազկաթոռներում և ուշադիր լսեք մեկը մյուսից հետաքրքիր ու զվարճալի հեքիաթները: Հոպլա՜: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Փիթեր Թիլ, «Զրոյից մեկ»

Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։ Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։ Երբ կրկնում ենք այն, ինչն արդեն արվել է, որեւէ արժեք չենք ստեղծում եւ նույն կետում ենք մնում։ Բայց որեւէ նոր բան ստեղծելով՝ զրոյական կետից մեկ քայլ առաջ ենք անում։ Իր գրքում Թիլը մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլեւս մրցակցության մեջ չեն մտնի որեւէ մեկի հետ։ Անհավասար եւ անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք եզակի արժեք կստեղծեն եւ երկարաժամկետ հեռանկարում ամենալայն եւ համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Այս գիրքն առաջին հերթին սովորեցնում է ճիշտ հարցեր տալ, որոնք կօգնեն պատասխաններ գտնել ամենաանսպասելի վայրերում եւ իրավիճակներում։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը