«Ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության համար լրջագույն գործունեություն». «Մի կյանքից ավելի» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյան

March 22, 2023 168.am

Պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն. «Մի կյանքից ավելի»՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հեղինակած գիրքն է, բացառիկ մանրամասներ հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ, պրոֆեսիոնալ ջութակահար Արմեն Սարգսյանի կյանքից:

«Գիրքն այն մասին է, թե ինչպես էին ամենահասարակ մարդիկ ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության ապահովման համար ամենատարբեր ուղղություններով ծավալում լրջագույն գործունեություն։ Այդ մարդիկ Սովետական Հայաստանի հատուկ ծառայություններում, դրանից հետո՝ անկախ Հայաստանում՝ պաշտպանության նախարարությունում, ԱԳՆ-ում իրենց կյանքն ու գործունեությունն ամբողջությամբ, անմնացորդ, իրական գործի համար նվիրում էին իրենց պետությանը։ Գրքի ամենակարևոր մեսիջը հենց դա է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։

Ինչպես բացահայտվեց արաբական երկրներից մեկի հատուկ գործակալը Հայաստանում, ինչպես է հայ գնդապետը Վատիկանում սեփական նախաձեռնությամբ հանդիպում Հռոմի պապի հետ և հայկական կոնյակ նվիրում, ինչպես կազմակերպվեց Մոնթե Մելքոնյանի գաղտնի տեղափոխությունը Հայաստան. Արմեն Սարգսյանի կյանքի այս և այլ դրվագներ են ամփոփված «Նյումեգ»-ի հրապարակած գրքում:

Առաջին ու Երրորդ նախագահները ևս իրենց ներդրումն են ունեցել գրքում ներառված տեղեկությունները համալրելու գործում:

Հեղինակն ու հյուրերը նշեցին, որ հատկապես այս օրերին գիրքը կարող է շատերի համար դասագիրք լինել:

Արմեն Սարգսյանը ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում, 1991-1994 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչությունում: Եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդ, ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ, ՀՀ դեսպան Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։

Արմեն Սարգսյանը մահացել է 2022թ. ապրիլի 29-ին։

Մանրամասները՝ տեսանյութում