Փառատոնը մի հարթակ է, որտեղ հավաքվում են ընթերցասերները, գրականագետները, հրատարակիչները՝ քննարկելու ժամանակակից միտումները. Նալբանդյան

Երևանի «Երազ» այգում հունիսի 17-ին կկայանա «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը, որը տևելու է կեսօրից մինչև կեսգիշեր. այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։  «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը ասուլիսում ասաց, որ այս տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին, հետևաբար  փառատոնն էլ է հոբելյանական։

«Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից՝ լինելու է ավելի մասշտաբային, ծրագիրը գերհագեցած է,  ունեն  շատ անակնկալներ մեր ընթերցասեր հասարակության համար»,- նշեց Ա.Հարությունյանը։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը հայտնեց, որ փառատոնին ներկայացնելու են 5 նոր գիրք. Հասրաթյան-Մինասյան մատենաշարի հերթական գիրքը՝ Միհրան Գալստյանի և Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞» գիտական աշխատությունը, Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն», Թիմոթի Սնայդերի  «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գրքերը։

«Մեր փառատոնային քաղաքականությունը խարսխված է այն գաղափարի վրա, որ փառատոնը ոչ թե պարզապես գիրք վաճառելու համար ինչ-որ մի վայր է, այլ մի հարթակում  հավաքել ընթերցասեր մարդկանց, գրականագետներին, գնորդներին, հրատարակիչներին ու տպագրիչներին, գիրք վաճառողներին ու քննարկել ժամանակակից միտումները»,- ասաց նա։

Փառատոնի շրջանակում հնարավոր կլինի գրքերը գնել մինչև 50 տոկոս զեղչով։

Փառատոնի ընթացքում նույն տարածքում միաժամանակ մի քանի միջոցառումներ են անցկացվելու։