«ՌՈՋԱՎԱ»․ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄ, ՊԱՅՔԱՐ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

February 24, 2023 Hraparak

Արգենտինահայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչ, լրագրող, գրող Մագդա Թախտաճյանն օրերս հայ ընթերցողին ներկայացրեց իր «Ռոջավա» գիրքը («Newmag» հրատարակչություն)։ Քուրդ կանանց ջոկատի եւ Ռոջավայում զարգացումների մասին Մագդա Թախտաճյանը սկսել է կարդալ 2014 թվականին, երբ թերթերում հայտնվել են առաջին լուրերը: Դրանք անմիջապես գրավել են նրա ուշադրությունը։ Այդ զինված կանանց պատկերները՝ զինվորական հագուստով, հրացաններով, անապատի մեջտեղում, դաջվել են արգենտինահայ գրողի հիշողության մեջ։

Գրողի ընկալմամբ՝ սա ավելին է, քան պարզապես զինված հակամարտությունը: Սա պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված, փայլեցված եղունգներով, հրացանը ձեռքին եւ մազերն արձակած: Քուրդ կանանց դիմադրության մասին գրելիս Մագդա Թախտաճյանի մտքում Ցեղասպանությունից փրկված իր տատիկներն են եղել, որոնք զինված պայքարի որեւէ շանս չեն ունեցել եւ փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ:

Մագդա Թախտաճյանը գրքի երեք առանցքային նպատակ է առանձնացնում՝ արդարության որոնումներ, ճշմարտության համար պայքար եւ հիշողության պահպանում: Գլխավոր հերոսուհի Նանե Բարսեղյանը գնում է իր արմատների հետեւից, եւ սա ինքնությունը պահպանելու գլխավոր նախապայմանն է: Մագդայի խոսքով՝ ամեն ինչի հիմքում ԴՆԹ-ն է, արմատները, տեղեկատվական այն միջուկը, որ կա մարդկանց բջիջներում: Դա այն ճանապարհն է, որը նաեւ ինքն է անցնում:
Չնայած գիրքն Արգենտինայում ամենավաճառված 50 գրքերի շարքում է, բայց, ինչպես զրույցի ընթացքում նկատում է Մագդան, արգենտինացիները, ըստ էության, տեղյակ չեն թե՛ Քուրդիստանի, թե՛ Ռոջավայի պատմության մասին, նաեւ ծանոթ չեն հայերի պատմությանն ու պայքարին։ Այդ պատճառով իր ստեղծագործությունները ռոմանտիկ սիրո պատմություններով է համեմում եւ դրանով փորձում է սեւեռել օտար ընթերցողների ուշադրությունը Հայաստանի, նաեւ Քուրդիստանի վրա․ «Դրանք հասարակ սիրավեպեր չեն եւ ոչ էլ վարդագույն սիրո մասին են, դա միայն հնարք է՝ ընթերցողի ուշադրությունը բուն նյութի վրա սեւեռելու համար»։ Մագդան ժպիտով պատմում է, որ Արգենտինայի գրախանութներում իր «Ալմա Արմենիա» վեպը դասակարգել են որպես ռոմատիկ վեպ, իսկ մյուս երկուսը դժվարացել են դասակարգել։ Ասում է՝ Արգենտինայում հիմնականում սիրավեպերը պատմական բնույթ են կրում, բայց ինքն իր գրքերը չի համարում պատմական, ավելին՝ կարծում է, որ գեղարվեստական նոր ոճ է ստեղծել՝ «գեոպոլիտիկայի եւ ռոմանտիկայի խառնուրդ»։

«Ռոջավան» գեղարվեստական գիրք է, որում տեղ գտած բոլոր փաստերն իրական են եւ հիմնված նրա լրագրողական հետազոտությունների վրա։ Մագդան նկատում է՝ գրքում հիշատակել է որոշ բռնապետերի անուններ, որոնց թվում՝ Ալիեւի ու Էրդողանի։ Տեղյակ չէ՝ դրանից հետո հայտնվե՞լ է այդ երկրների անցանկալի անձանց ցուցակում, թե ոչ, բայց վերջերս, երբ Մադրիդի համալսարաններից մեկում պատրաստվել է ներկայացնել իր հաջորդ՝ «Արցախ» վեպը, իրեն սպառնալից նամակներ են հղել, որոնցից մեկը՝ Ադրբեջանի դեսպանի կողմից, որպեսզի շնորհանդեսը չկայանա, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել։

Դեռ 2018-ին, երբ Ալիեւը հայտարարեց, որ հայերի դեմ պատերազմն ավարտված չէ, Արգենտինայում լայն տարածում ունեցող «Clarín» թերթում Մագդան հոդված է գրում՝ ցիտելով այդ հատվածը։ Հաջորդ օրը թերթի խմբագրություն է գալիս Ադրբեջանի դեսպանը՝ ասելով, որ դա սուտ է, եւ պահանջելով այդ հոդվածին պատասխանելու իրավունք։

Մագդա Թախտաճյանը հեղինակել է «Ալմա Արմենիա» (VR Editoras, 2020), «Ռոջավա» (P&J, 2021) եւ «Արցախ» (P&J, 2022) վեպերը: Այս վեպերը համարվում են եռագրություն, բայց, ինչպես նկատում է հեղինակը, դրանք կարելի է ընթերցել նաեւ որպես առանձին վեպեր։ Ավելին՝ շարունակելու է գրել հայկական թեմաներով, որովհետեւ Կովկասն ու Միջին Արեւելքը միշտ են իրեն հետաքրքրել, նույնիսկ մինչեւ իր ընտանիքի պատմությանն ամբողջությամբ ծանոթանալը։  

Իր հարցազրույցներում պարբերաբար նշում է գենետիկ կոդի, ԴՆԹ-ի մասին, թե երբ արթնացավ իր մեջ արմատի կանչն ու դարձավ գիրք գրելու պահանջ։ Մագդա Թախտաճյանը նկատում է՝ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ժամանակ, գրում է իր տատիկի պատմությունը, թե ինչպես են փախել ցեղասպանությունից․ «Բայց այդ հոդվածը գրեցի 2 անգամ, առաջին անգամ, երբ գրում էի, դեռ ողջ պատմությունը չգիտեի, քանի որ փախուստի 2 պատմություն կա, ցեղասպանությունից էլ 2 անգամ են փախել»։

Հիշում է՝ փոքր տարիքում շատ էին գնում տատիկ-պապիկի տուն, այցելություններից մեկի ժամանակ, երբ 13 տարեկան էր, հրաժարվում է խորոված ուտել՝ պատճառաբանելով, թե ուզում է նիհարել։ Այդ պահին տատիկը սկսում է արտասվել, եւ այդ ժամանակ է, որ մորաքույր Ալիսիան պատմում է, թե ինչպես է տատիկն առաջին անգամ փախել։ Տատիկի մայրն ու հայրն իրեն եւ եղբորը թաքցրել են էշի ուսապարկի մեջ ու այդպես քայլելով հասել Հալեպ՝ առանց սննդի ու ջրի։ 3 տարի որպես փախստական Հալեպում են ապրել, այդ պատճառով է Սիրիայի շրջանն իրեն հետաքրքրում։ Փոքր ժամանակ այս ամենն իրեն այդքան չի հետաքրքրել, բայց երբ մեծացել է, սկսել է ինքն իրեն հարցեր տալ։ 2-րդ փախուստը եղել է դեպի Դերզոր ուղեւորվող գնացքից․ «Ցերեկները քայլում էին, գիշերները թաքնվում, ու քանի որ սնունդ եւ ջուր չկար, խոտ էին ուտում ու քար դնում բերանները, որ չծարավեն»։

Մագդային հարցնում եմ՝ անհատի դիմադրությունը կարո՞ղ է պատմության ընթացք փոխել։ «Մի մարդու պայքարը՝ ոչ, բայց միասնական պայքարը՝ հանուն իրենց իրավունքների, միանշանակ, կարող է։ Դա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է, եւ ես հենց դրա մասին եմ գրում։ Շատ կարեւոր է միասնական, համախմբված պայքարը, օրինակ՝ «Նյու մեգը» երբ տպագրում է իմ գիրքը, դա էլ է պայքարի մի ձեւ։ Գրականությունն ինքն իրենով արդեն բավականին հզոր գործիք է՝ հանրայնացնելու եւ տեսանելի դարձնելու այդ խնդիրները, որովհետեւ շատ մարդիկ, ովքեր ծանոթ չեն պատմությանը եւ արցախյան հիմնախնդրին, գիրքը կարդում են նախ սիրային կողմի համար, բայց արդյունքում սկսում են հետաքրքրվել նաեւ քրդերի ու հայերի պատմությամբ։ Բայց միայն ժողովրդի պայքարը քիչ է, կարեւոր է նաեւ քաղաքականությունը, որպեսզի միջազգային կառույցները, մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները համատեղ գործեն»։  
44-օրյա պատերազմից հետո թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում քարոզում են խաղաղության օրակարգ, եղբայրություն ու բարեկամություն մեր հարեւան երկրների հետ, հավատո՞ւմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այդ բարեկամությանը։

«Մի դեպքում է դա հնարավոր, եթե այդ 2 ցեղասպան պետություններում իշխանության փոփոխություն տեղի ունենա, բայց ներկա պահին շատ դժվար եմ պատկերացնում այդ ապագան, որովհետեւ տարիներ շարունակ իշխանության աթոռները զբաղեցնում են նույն ընտանիքի մարդիկ։ Շատ դժվար է ցեղասպան անցյալ եւ ներկա ունեցող ռեժիմների դեմ պայքարել եւ նրանց զինաթափ անել։ Այստեղ շատ կարեւոր են դիվանագիտության, քաղաքականության ներդրումը եւ միջազգային, մարդու իրավունքների կազմակերպությունների միջամտությունը»,- ասում է նա ու նշում, որ «Ռոջավան» գրելուց հետո բազմաթիվ քրդեր՝ աշխարհի տարբեր անկյուններից, սկսել են իրեն նամակներ ուղարկել, որտեղ հիմնականում 2 բան են գրել՝ շնորհակալություն եւ ներողություն։ Ներողություն՝ այն բանի համար, որ ցեղասպանության օրերին հայերի դեմ կռվողների առաջին շարքերում եղել են հենց քրդերը։

«Որպես 21-րդ դարի հասարակություն, ամենասարսափելի բաներից մեկը, որ կարող էր մեզ պատահել, Արցախի շրջափակումն է, հատկապես որ արդեն 3-րդ ամիսն է՝ 120 հազար մարդ շրջափակված է։ Մարդկությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր»,- ասում է Մագդան։

Իր գրականության առանցքում հիշողության պահպանումն է, մինչդեռ այսօրվա գլոբալիզացված աշխարհում մարդիկ առաջ են շարժվում take it easy (թեթեւ տար) մտածողությամբ, աշխարհին այսօր պե՞տք է հիշողություն։ «Շատ կարեւոր է, երբ մարդիկ կարդում են քո գրքերը, հուզվում են, ապա տխուր սմայլիկներ են դնում, գրում են՝ ինչ սարսափելի է, որ նման բաներ են տեղի ունենում, բայց դա որեւէ ձեւով չի օգնում պայքարին։ Ես այդ ժամանակ ասում եմ՝ ավելի լավ է տարածեք, բարձրաձայնեք, պայքարեք, որ այդ պատմությունները մեծ արձագանք գտնեն։ Կան նաեւ այնպիսիք, որ կարդում են ու չեն էլ ուզում միանալ այդ ամենին, բայց ինչ-որ տեղ՝ ներսում, դա մնում է որպես հիշողություն»,- ասում է Մագդան ու ընդգծում, որ օգտագործում է բոլոր հարթակները, իր սոցիալական էջերը՝ հայկական հարցը եւ Հայաստանը պրոպագանդելու համար, անգամ գրախանութներում է զրույցի բռնվում ընթերցողների հետ, որովհետեւ համոզված է՝ այդ անմիջական զրույցների միջոցով կարելի է հասնել մարդկանց սրտերին։