Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից «Սիրահարների այգում» կանցկացվի «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոն

September 7, 2023 Aravot

Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից «Սիրահարների այգում» կանցկացվի «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոն, որը կտեւի 10 ժամ: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: «Ֆրանկոֆեստն» աննախադեպ է այն իմաստով, որ անցկացվում է առաջին անգամ:

«Newmag-ն այս տարի կազմակերպել էր երկու փառատոն՝ Ձմեռային եւ Ամառային փառատոները, եւ մայիսին եղավ նաեւ Երեւանյան գրքի փառատոնը: Մենք նկատեցինք, որ աշնան ընթացքում բացակայում են փառատոները, ինչն անարդար էր այն իմաստով, որ բեսթսելերները, լավագույն գրքերը սովորաբար տպագրվում են հենց սեպտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում:

Ավելին, ընթերցողները հակված են ավելի շատ գիրք գնել հենց այս ժամանակահատվածում: Ու որպեսզի այս գրքասեզոնը բաց չթողնենք, որոշեցինք իրականացնել «Ֆրանկոֆեստը»՝ Ֆրանսիական գրականության փառատոնը: Սկզբում մտածում էինք փառատոնն անվանել «Ֆրանսֆեստ», հետո հասկացանք, որ թարգմանված գրքերի հեղինակները միայն ֆրանսաբնակ գրողները չեն:

Ընդհանրապես մեր իրականությունում ընդունված է ֆրանսախոսներին անվանել ֆրանկոֆոններ: Հինգ տարի առաջ էլ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահողն էր, եւ ընդհանուր առմամբ՝ այդ ձեւակերպումն ընդունված է բոլորի կողմից»,-ասաց «Newmag»-ի տնօրենը: