Սուրեն Բաղդասարյանի 50 տարեկան երեխան․ Լույս է տեսել նրա «Արարատ-73»-ին նվիրված գիրքը

October 11, 2023 Mediamax

Հոկտեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ-ի գավաթը նվաճելուց ուղիղ 50 տարի անց, կայացել է Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73»․ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը։ Երեկոյին ներկա են եղել այդ հաղթանակը կերտած ֆուտբոլիստները, Հայաստանի հավաքականի կազմում տարբեր տարիներին հանդես եկած խաղացողներ, անվանի հյուրեր եւ ֆուտբոլասերներ:

Սուրեն Բաղդասարյան

Գրքի լույս տեսնելու առիթով ինձ շնորհավորելիս Ալբերտ Սարգսյանն ասաց. «Իմ 50 տարեկան երկրորդ երեխան ծնվեց»: 

Ես բախտավոր եմ, որ ճանաչել եմ «Արարատ 73»-ը ներսից։  Հենց «Արարատ»-ի հաղթանակների շնորհիվ կարողացա այնպես անել, որ արտագնա ռեպորտաժներն անպայման հայերեն լինեն, «Լրաբեր»-ում ավելացրի սպորտային բլոկ։

Ողջ ազգը ֆուտբոլով էր ապրում, դրա համար «Արարատ 73»-ի հաղթանակը միայն սպորտային չեմ համարում, այն մեր ազգի պատմության կարեւոր ձեռքբերումներից է թե քաղաքական, թե պատմական առումով։ Ցավոք, մենք հիմա էլ վատ ժամանակներ ենք ապրում, զրոյացրինք Արցախյան պատերազմի հաղթանակը։ Նույնիսկ մտածում էինք չեղարկել գրքի շնորհանդեսը, բայց հետո հասկացանք, որ մեզ պետք են հաղթանակներ։

Մարդկային 2 բարոյական կերպարի եմ հանդիպել իմ կյանքում՝ Հենրիկ Մալյանին եւ Նիկիտա Սիմոնյանին: Միշտ ասում եմ՝ այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել աշխատել Սիմոնյանի պես մարզչի հետ, նա ինձ հետ հաշվի էր նստում ու տարեգիր համարում: Գտնում էր, որ պետք է թիմի կողքին լինեմ ու կարեւոր փաստեր հավաքեմ: Շատ հեռատես էր ու կարծես կանխազգում էր, որ ապագայում գիրք եմ գրելու «Արարատ»-ի մասին:

«Արարատ 73»-ի մասին խոսելիս ես վերակենդանանում եմ, այն իմ մուսան է։ Զարմանալի զուգադիպությամբ մի փայլուն սերունդ եկավ, որն իրար ամուր բռնեց, ծանր ճանապարհ անցավ ու կարողացավ հաղթել։ 

Այդ թվականներին չեմ պատկերացրել, որ գիրք կգրեմ։ Հետագայում, երբ հիմնադրեցի «Ֆուտբոլ +»-ը, հսկայական արխիվ հավաքեցի։ «Արարատ 73»-ի 40-ամյակին գիրք ստեղծելու միտքը ծնվեց, սակայն խնդիրներ առաջացան։ Եթե հիմա չտպագրեի, հաստատ էլ չէի անելու։ Այս գործում ինձ շատ օգնեց թոռս՝ Դավիթը։

Դավիթ Մարտիրոսյան (գրքի համակարգող)

Երկար ժամանակ քրտնաջան աշխատել ենք, որ գիրքը լավը ստացվի: «Արարատ-73»-ի հաղթանակը դասական օրինակ է, որ ցանկացած ոլորտում թիմային գործելու դեպքում հաջողություններ կգրանցենք: Անընդհատ պապիկիցս լսել եմ ակումբի հաջողության մասին, բայց այդ պատմությունը հավաքագրված չէր, ինչի համար ափսոսում էի: Սա մեր ընտանիքի համար կարեւոր իրադարձություն է, շնորհակալ ենք այն կերտած ֆուտբոլիստներից: Առավել քան երբեւէ մեզ հիմա էլ կարեւոր հաղթանակներ են պետք:

Գրքի շապիկին Վազգեն Սարգսյանի խոսքերն են այն մասին, որ «Արարատ-73»-ը ցույց տվեց՝ հայերն էլ կարող են հաղթել: Իսկապես, երբ մենք միասնական ենք, կուռ եւ համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ, կարող ենք հաղթել:
Գնել Նալբանդյան (խմբագիր)

Մանավանդ այս օրերին շատ կարեւոր է մեր հաղթանակների մասին խոսել, համոզված ենք, որ դրանք միայն անցյալում չեն եղել, ապագայում էլ կլինեն: «Newmag» հրատարակչությունը դրանց մասին դեռ շատ գրքեր է ներկայացնելու: Սուրեն Բաղդասարյանը հիանալի լրագրողական աշխատանք է կատարել, ականատեսի աչքերով փաստեր հավաքել եւ հայկական սպորտային գրականությանը կարեւոր ձեռքբերում տվել: Գիրքն իրական լեգենդի մասին պատմություն է, «Արարատ-73»-ն ազգին բացառիկ հաղթանակ է նվիրել: 

Սերգեյ Բոնդարենկո (ԽՍՀՄ-ի հաղթող ու գավաթակիր, «Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան)

Սրտանց շնորհավորում եմ մեր փառավոր ֆուտբոլիստներին իրենց հոյակապ ու չտեսնված նվաճումների համար: Հիմա կմոտենամ ու ամեն մեկին կհամբուրեմ (ինչն էլ անում է ու թիմակիցներին առանձին-առանձին համբուրում է, խմբ.): Ձեր ցավը տանեմ: Հիշենք նաեւ մեր այն թիմակիցներին ու մարզիչներին, ովքեր կյանքից հեռացել են։

Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որը 50 տարի անց էլ մեզ հիշում է, մոտենում եւ բարի խոսքեր ասում: Շատ եմ լսել, որ եթե հիմա խաղայինք, միլիոնատեր կդառնայինք, բայց քչերը գիտեն, երբ 75 հազարանոց ստադիոնում հաղթում էինք ու մարդիկ երջանկությունից պարում էին, մենք հարստանում էինք: 

Նիկիտա Սիմոնյանի հետ օրեր առաջ եմ հեռախոսով զրուցել ու երջանկությունից գլուխս կորցրել: Մի քանի օրից 97 տարեկան է դառնալու ու առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ժամանել: 

Շնորհակալ եմ Սուրեն Բաղդասարյանին, դու մեզ հետ ես եղել ու տեսել, թե ինչ դժվարությունների միջով ենք անցնում: Միանգամից ես ընդունվել մեր թիմի կողմից ու կյանքի կարեւոր պահերին մեր կողքին եղել: Խորին շնորհակալություն, այս գիրքը մեր կյանքի հիշատակն է:

Արտակ Ալեքսանյան («Newmag»-ի տնօրեն)

Պատմական էջեր ունենք, որոնք պետք է վավերագրել, հպարտ ենք, որ այս գիրքը լույս է տեսել «Newmag» հրատարակչության միջոցով: Դավիթը մեր եւ Սուրեն Բաղդասարյանի միջեւ միջնորդ էր, բոլոր տարաձայնությունները պապ ու թոռ են հարթել: Պետք է հայտնեմ, որ այսուհետ Դավիթը լինելու է մեր սպորտային մատենաշարի բաժնի ղեկավարը, շարունակելու ենք ներկայացնել հայ ու համաշխարհային սպորտի մասին գրքեր:

«Արարատ-73»-ի գրքի կարեւոր ուղերձն այն է, որ պետք է նպատակ ունենալ եւ հետեւողականորեն գնալ դեպի երազանքի կատարումը: Մեր ազգը կարող է նոր հաղթանակների հայտ ներկայացնել: