«Թովմասյան» հիմնադրամը և Newmag հրատարակչությունը հուշագիր ստորագրեցին. կանցկացվի NEWMAG WINTER FEST 2024-ը

January 30, 2024 Lurer

«Թովմասյան» հիմնադրամը և Newmag հրատարակչությունը ստորագրեցին երկկողմ հուշագիր, ըստ որի՝ կանցկացվի արցախցի հեղինակներին աջակցող համատեղ գրական մրցույթ:

Այսպիսով, փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում տեղի կունենա NEWMAG WINTER FEST 2024-ը։ Միջոցառման շրջանակում կհայտարարվի գրական մրցույթի մասին։

Համագործակցության նպատակն է աջակցել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիության ապահովմանը։

««Թովմասյան» հիմնադրամն արդեն երկու տասնամյակ իր ողջ ներուժը կենտրոնացրել է  գիտության, մշակույթի և սպորտի զարգացման ու աջակցմանը միտված ծրագրերի իրականացմանը, քանի որ միայն այսկերպ կարելի է հասարակությանն ու պետությանը առաջ մղել դեպի զարգացում»,- կազմակերպված միջոցառմանը հայտարարեց «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն Իննա Հովհանիսյանը։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ այս համագործակցության գլխավոր նպատակներից մեկն այն է, որ արցախցի ստեծագործողներին հնարավորություն տրվի պահպանելու իրենց ինքնությունը նաև Հայաստանում, չտարալուծվեն և չկորցնեն իրենց կապն արցախյան արմատների հետ․ «Նրանք մի օր վերադառնալու են և Արցախում շարունակելու են ստեղծագործել։ Ահա, թե ինչու «Թովմասյան» հիմնադրամի հետ որոշել ենք խրախուսել, օգնել, օժանդակել այն արցախցիներին, ովքեր ստեղծագործում են, բայց չեն կարողանում դրանք տպագրել։ Համատեղ հանձնաժողով կձևավորվի, և կորոշվի, թե ինչպես է անցկացվելու մրցանակաբաշխությունը, ովքեր են համարվելու արցախցի հեղինակներ։ Մենք պատկերացնում ենք, որ արցախցի գրողները, որոնց համար հայտարարել ենք այս մրցույթը, ոչ թե պարզապես նրանք են, որ երբևէ ծնվել են Արցախում, բայց տասնամյակներ ապրում են Արցախից դուրս, այլ նրանք, որոնք վերջին տեղահանման ժամանակ ադրբեջանական ագրեսիայի պատճառով հարկադրված հեռացել են իրենց հայրենիքից»,- ասաց Գնել Նալբանդյանը։

NEWMAG WINTER FEST 2024-ն առանձնահատուկ բծախնդրությամբ է կազմակերպված․ փառատոնի ընթացքում  ելույթ կունենա Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը։

Կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Նուռի, Իլյա Վարդանյանի ստեղծագործությունները։ Ներսես Ավետիսյանը կներկայանա իր «Ցուրտ օր՝ դժոխքում» մոնոներկայացմամբ։ «Արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների» թեմայով պանելային քննարկում կանցկացնի Rearrange հայտնի փոդքաստի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։ 

Առաջին անգամ կանցկացվի Ավետ Բարսեղյանի հեղինակային «Սեր է ուզում» պոեզիայի և երաժշտության երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը և Մովսես Մովսիսյանը։   

NEWMAG WINTER FEST 2024-ի մուտքն ազատ է։