«Զուտ  քրիստոնեություն»՝ 10 պատվիրան Քլայվ Սթեյփլս Լուիս գրքից (տեսանյութ)

October 27, 2023

Գրաքննադատները, աստվածաբանները «Զուտ քրիստոնեություն» գիրքը կոչում են լուսավորչական, միսիոներական, էկումենիկ: Ու չնայած վերնագիրը «Զուտ քրիստոնեություն» է կոչվում, բովանդակությունը ոչ պարզ է, ոչ էլ պարզունակ։ Գրքի գլուխներից մեկն այդպես էլ կոչվում է ՝ «Քրիստոնեությունը հե՞շտ է, թե՞ դժվար»: Հեղինակը բացատրում է՝ ինչու ենք մենք աղոթքի ժամանակ ասում հայր մեր, ինչու ենք ուզում նմանվել Աստծո որդուն: Գրքից առանձնացրել ենք հատվածներ, որոնք նկարագրում են գրքի արժեքը։

1. Ինչպե՞ս սկսվեց աստվածաբանությունը. մարդիկ աղոտ պատկերացում ունեին Աստծո մասին: Հետո եկավ մի մարդ և հայտարարեց, որ Աստված է: Նա այն տեսակի մարդ չէր, որին կարելի էր ճամփա դնել որպես խելագարի: Նա այնպես արեց, որ Իրեն հավատացին:

2. Քրիստոնեության և մյուս բոլոր կրոնների ամենակարևոր տարբերությունը գուցե այն է, որ քրիստոնեության մեջ Աստված ստատիկ էակ չէ, ոչ էլ նույնիսկ անձ, այլ դինամիկ, բաբախող զարկերակ, կյանք, գրեթե դրամատիկ, եթե անհարգալից չհամարեք՝ գրեթե մի տեսակ պար: Հոր և Որդու միությունն այնքան կենդանի է և իրական, որ այդ միությունն ինքնին նույնպես «Անձ» է:

3. Աստված մեզ համար արեց հետևյալը. Աստծո երկրորդ Անձը՝ Որդին, մարդ դարձավ. որոշակի հասակով, որոշակի քաշով, որոշակի գույնի մազերով, խոսեց որոշակի լեզվով: Հավիտենական Էությունը, որը գիտի ամեն ինչ և ստեղծել է ամբողջ տիեզերքը, ոչ միայն մարդ է դարձել, այլև մանուկ․ և դրանից առաջ՝ սաղմ՝ Կնոջ մարմնում:  

4. Հասկանո՞ւմ եք, թե ինչ են նշանակում «Հայր մեր» բառերը: Դրանք աներկբայորեն նշանակում են, որ դուք Աստծո որդու տեղն եք դնում ձեզ, դուք «զգեստավորվում եք որպես Քրիստոս»: Եթե կուզեք՝ դուք ձևացնում եք: Որովհետև, դուք Աստծո որդին չեք: Դուք վախի, հույսի, ագահության, նախանձի և ինքնահավանության եսակենտրոն մի կծիկ եք՝ ամբողջությամբ դատապարտված մահվան: Քրիստոսին նմանվելու համարձակությունը, որը ստանձնել եք, զայրացուցիչ հանդգնություն է: Սակայն տարօրինակն այն է, որ Նա՛ է մեզ պատվիրել անել դա:

5. Եկեղեցին գոյություն ունի միայն մարդկանց դեպի Քրիստոս գրավելու, նրանցից փոքրիկ Քրիստոսներ ձևավորելու համար: Եթե նրանք չեն անում դա, բոլոր եկեղեցիները, հոգևորականները, առաքելությունները, արարողությունները պարզապես ժամանակի վատնում են: Նույնիսկ Աստվածաշունչը։ Աստված մարդացավ հենց ա՛յս նպատակի համար: Գուցե հենց ա՞յս նպատակով է ստեղծվել տիեզերքը:

6. Ես դեռ նույնիսկ 100 կիլոմետր չեմ մոտեցել քրիստոնեական աստվածաբանության Աստծուն: Այն, ինչն ըմբռնել ու արտահայտել եմ մինչև այս պահը, հանգում է հետևյալին․ գոյություն ունի մի բան, որը ղեկավարում է տիեզերքը և իմ մեջ ի հայտ է գալիս օրենքի տեսքով։ Այն ինձ մղում է ճիշտ վարվել և պատասխանատվության ու զղջում է ծնում իմ մեջ, երբ սխալ եմ գործում:

7. Եթե մեկ միլիոն մարդ աղոթում է Նրան՝ երեկոյան ժամը տասին, պարտադիր չէ որ Նա ժամանակի այդ փոքրիկ հատվածում միաժամանակ լսի բոլորին: Այդ ակնթարթը և բոլոր մյուս պահերն աշխարհի սկզբից ի վեր միշտ ներկա են Նրա համար:  

8. Նա կարող է անսահման ուշադրություն նվիրել յուրաքանչյուրիս: Նրա հետ հարաբերություններում դուք մենակ, առանձին եք, ասես եթե լինեիք միակ արարածը, որը նա երբևէ ստեղծել է: Երբ Քրիստոս մահացավ, մահացավ յուրաքանչյուրիս համար, կարծես յուրաքանչյուր ոք միակն էր աշխարհում:

9. Բոլոր օրերը «հիմա» են Նրա համար: Նա չի հիշում, թե ինչ ենք արել երեկ, Նա պարզապես տեսնում է դա հիմա, որովհետև, թեև մեզ համար «երեկն» անդառնալիորեն գնացել և կորել է, մինչդեռ Նրա համար այն իրականություն է:  

10. Մենք շատ հեռու ենք որևէ որոշակի կրոնի Աստծուց, առավել ևս քրիստոնեություն կոչվող կրոնի Աստծուց: Մենք պարզապես հասել ենք նրան, որ զգում ենք․ բարոյական օրենքի հետևում կա «Մեկը» կամ «Մի բան»: 

Կարդացեք նաև