Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի բացառիկ հրատարակություն՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գիրքը (թրեյլեր)

June 13, 2023

Հունիսի 17-ին՝ Summer Fest-ին, տեղի կունենա Աստվածաշնչից հետո ամենահայտնի քրիստոնեական աշխատությունը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը: Այս աշխատությունը Newmag-ը ներկայացնում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչության հետ՝ «Հուն» մատենաշարով։ Համաշխարհային բեստսելլեր դարձած գիրքը գրված է առանց կրոնական բարդ ձևակերպումների, ընկերական զրույցի միջոցով բացահայտվում են քրիստոնեության ամենաբարդ ու երբեմն անհասկանալի թեմաներն ու թեզերը։

Գիրքը հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

2023-ի փետրվարին՝ Ձմեռային փառատոնին, հուշագրով ազդարարվեց «Հուն» մատենաշարի սկիզբը։ Newmag-ն Մայր Աթոռի հետ գործակցությամբ կներկայացնի քրիստոնեության և հավատի մասի գրքեր։ «Զուտ քրիստոնեությունը» մատենաշարի առաջին գործն է։

«Զուտ քրիստոնեություն» գրքի հեղինակը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսը, հասուն տարիքում վերադառնալով Քրիոստոնեությանը, դարձավ հայտնի աստվածաբան ու քարոզիչ: Սա կրոնական թեմաներով նրա գլխավոր գիրքն է: Այն հոգևոր  ուղեցույց է դարձել միլիոնավոր ընթերցողների համար ու կոչվել քրիստոնեության մասին երկրորդ գիրքն Աստվածաշնչից հետո:  

«Զուտ քրիստոնեություն» գրքի հիմքում Քլայվ Սթեյփլս Լուիսի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944թթ.։ Հեղինակը պարզ օրինակներով բացատրում է, որ կա մի Աստված: Հիսուս Քրիստոսը նրա Միածին Որդին է, որին Աստված ուղարկեց աշխարհը փրկելու:

Հեղինակը բացատրում է, թե ինչու ենք աղոթելիս ասում՝ «Հայր մեր», ինչպես ու որ ժամին է պետք աղոթել: Քննության է ենթարկում «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը: Պարզ օրինակներով ցույց է տալիս, թե ինչ է  քրիստոնեությունը, ինչու է Աստված մեկը:

Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 17-ին, 17:00, Երազ այգում, GROUND HALL-ում. մուտքն ազատ է։

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև