Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
09/15/2026
100 տարի առաջ ստեղծվել է հայ գրականության ամենագեղեցիկ, ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը՝ «Մթնաձորը»։ Մեկդարյա հոբելյանի առիթով Newmag & Friends ծրագրով հրատարակվել է գրող, գրականագետ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձոր»» գիրքը։ Այն պատմվածքի առաջին համապարփակ ուսումնասիրությունն է։
Ակսել Բակունցի «Մթնաձորը» աշխատության հեղինակ Արա Զարգարյանը հյուրընկալվել է Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդմանը։ Անդրադառնալով գրական գործին՝ գրականագետն ընդգծել է, որ Բակունցի «Մթնաձոր» պատմվածքը շատ հարուստ շերտեր ունի.
«Թե՛ հարյուր տարի առաջ, թե՛ այսօր պատմվածքի համատեքստում իրավիճակը գրեթե չի փոխվել, 1920-ականներին այդ տեղանքում հայ-թաթարական, հայ-թուրքական բախումներ էին, պատմությունը կրկնվում է։ Մթնաձոր տեղանքը, Ներքին Հանդի տարածքն այսօր օկուպացված են։ Բակունցը «Մթնաձորում» ու այլ պատմվածքներում նկարագրում է գյուղի քայքայումը, ցույց տալիս, թե ինչպես են գյուղերը դատարկվում, այդ խնդիրները ակտուալ են նաև հիմա, փակվում են դպրոցներ, մարդիկ գյուղից հեռանում են։ Սոցիալական-քաղաքական իրավիճակները կրկնվում են»։
Արա Զարգարյանն աշխատել է լուսանկարիչ Փիրուզա Խալափյանի հետ։ Օգտվել են Գրականության և արվեստի թանգարանի արխիվային փաստաթղթերից, ուսումնասիրել են գրողի արխիվը. «Գտել ենք «Մթնաձոր» պատմվածքի երկու հերոսների տունը, նրանց գերեզմանատները։ Մի շարք տեղանքներում չկարողավանք լուսանկարել, քանի որ դրանք 2022 թվականի պատերազմի ընթացքում ու դրանից հետո օկուպացրել է Ադրբեջանը։ Գրքի ստեղծման նպատակն է նաև լուսանկարել, պահել այն տարածքները, որոնք այս պահին օկուպացված են»։
Գրքի հեղինակն ասում է, որ հարյուր տարի անց աշխարհաքաղաքական տեսանկյունից «Մթնաձորի» տարածքն այսօր շատ կարևոր է, քանի որ Սյունիքը գտնվում է գերտերությունների ուշադրության կենտրոնում.
«1925-26 թվականներին հայ-ադրբեջանական սահմանազատում էր լինում, Բակունցը եղել է սահմանազատման հանձնաժողովի անդամ։ Գրողի ջանքերով Կապանի տարածաշրջանի մոտ քսան գյուղ մնաց Սյունիքի տարածքում ու մինչև օրս մնում է։ Մթնաձորը Ծավ գյուղի Ներքին Հանդի տարածքում է, Շիկահողի արգելոցի մի մասն է։
Այն հիմա մի տարածք է, որն օկուպացված է, մարդու մուտքն այդ տարածք անհնար է, քանի որ ռազմական չեզոք գոտի է։ Գրքի նպատակներից մեկն այն է, որ լինի գիրք, որը հարյուր տարի հետո ցույց կտա, ինչ խնդիրների առաջ է կանգնած Բակունցի ստեղծած պատմության պատմական տարածքը»։
Գրողի ստեղծած ու մշակած լեզուն յուրահատուկ է, պարզ, բայց նաև շատ խորը։ Ըստ գրականագետ Արա Զարգարյանի, Բակունցը ցույց է տալիս իրողություններ, որոնք ունեն գեղարվեստական, աշխարհաքաղաքական, սոցիալական ու էմոցիոնալ կարևոր կոնտեքստ։
Կարդացեք նաև
Արա Զարգարյան
4800 ֏
Նկարագրություն
«Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքի գրության եւ առաջին հրատարակման հարյուրամյակին նվիրված այս գիրքը ստեղծագործության համապարփակ ուսումնասիրություն է։ Այն ներկայացնում է պատմվածքի ստեղծման պատմությունը, նախատիպերը, պատմաաշխարհագրական հիմքերն ու մշակութային շերտերը։ Գիրքը հիմնված է արխիվային եւ փաստագրական հարուստ նյութերի ու լուսանկարների վրա։ «Մթնաձոր» պատմվածքը դիտարկվում է ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլեւ որպես Սյունիքի պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության կարեւոր վկայություն»:
Կարդա նաև
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Առաջնորդները» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)