Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վիպակը (թրեյլեր)
09/04/2026
Մեծանալ մանկատանը, մշտապես սոված լինել, կրել ուրիշների քրքրված հագուստը և նույնիսկ այդ պատերից դուրս գալուց տարիներ անց չկարողանալ հաղթահարել լքված լինելու ցավը։ Ինչպե՞ս ապրել այդ անցյալի հետ, ներել մորը, սեփական երեխաների համար լավ մայր դառնալ և վերջապես ընդունել ինքդ քեզ։ Լատվիացի ժամանակակից գրող Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վեպը մանկության վերքերի, ինքնության որոնման, մայր ու դուստր կապի, ընտանեկան հիշողության և սիրված լինելու ցանկության մասին է։
«Ագռավները» գրքի գլխավոր հերոսուհին Սաննան է, որն իր 14-րդ տարեդարձը դիմավորում է մանկատանը։ Նա հետագայում կարողանում է դուրս գալ այդ ծանր աշխարհից, սակայն մանկատան դրոշմը շարունակում է ուղեկցել նրան ամբողջ կյանքում։ Անցյալի փորձառությունները խանգարում են հավատալ, որ ինքն էլ արժանի է սիրո, երջանկության և սեփական տան։
Տարիներ անց Սաննայի դուստրը՝ Լիան, մեծանում է սիրող ընտանիքում, սակայն նրա կյանքում նույնպես առաջանում է սեփական ինքնությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Մի աշխարհում, որտեղ «այլ» լինելը հաճախ հանդիպում է նախապաշարմունքների, անհանդուրժողականության և նույնիսկ ատելության, Լիան ստիպված է հասկանալ՝ ով է ինքը և ինչպես ապրել՝ չկորցնելով սեփական ինքնությունը։
Վինոգրադովայի վեպը միաժամանակ երկու սերունդների պատմություն է։ Մոր մանկության չբուժված վերքերը ստվերում են նրա մեծահասակ կյանքը, իսկ դուստրը փորձում է իր ճանապարհը գտնել՝ միաժամանակ ժառանգելով և վերաիմաստավորելով ընտանիքի անցյալը։
Ինչպե՞ս ընդունել սեփական ինքնությունը, եթե շրջապատը հրաժարվում է ընդունել քեզ։ Հնարավո՞ր է հաղթահարել մանկության տրավման։ Ինչպե՞ս ներել նրանց, ովքեր լքել են քեզ, և ինչպե՞ս սովորել հավատալ, որ դու արժանի ես սիրո։
«Ագռավները» այս հարցերի միանշանակ պատասխանները չի տալիս։ Փոխարենը՝ պատմում է այն մարդկանց մասին, ովքեր փորձում են ապրել իրենց ստացած վերքերով և, ի վերջո, գտնել այն վայրը, որը կարող են տուն անվանել։
Լաուրա Վինոգրադովան ասում է, որ վեպում բարձրաձայնված թեմաներն իր համար միայն գրական նյութ չեն։ Հեղինակը ներգրավված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պաշտպանության և բարեգործական կազմակերպության աշխատանքներում և նրանց խնդիրներին ծանոթ է ներսից։
«Ես գրում եմ այն, ինչպես զգում եմ, քանի որ ներգրավված եմ մտավոր խնդիրներով երեխաների պաշտպանության և բարեգործական կազմակերպության աշխատանքներում, և ներսից գիտեմ նրանց խնդիրները, շատ բան եմ տեսել և լսել, սակայն այդ մասին շատ գրել չեմ կարող, բայց նաև չեմ կարող շրջանցել այդ թեմաները։ Հուսամ՝ ինձ հաջողվել է անտարբեր չթողնել ընթերցողին, քանի որ դուր գալու ցանկություն չունեմ, ուզում եմ լսելի դարձնել առկա խնդիրները»։
Հենց այդ պատճառով «Ագռավները» միայն մեկ ընտանիքի պատմությունը չէ։ Այն խոսում է մանկատանը մեծացող երեխաների, լքվածության հետևանքների, հասարակության նախապաշարմունքների և այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց տեղը գտնել աշխարհում։
Վեպը թախծոտ է, բայց ոչ անհույս։ Նրա կենտրոնում կյանքի այն կողմն է, որը միշտ չէ, որ գեղեցիկ է առաջին հայացքից, սակայն արժանի է պատմվելու։
Latvijas Avīze-ն վեպն անվանել է «թախծոտ ու հոգեթով վեպ՝ կյանքի մասին»։ Իսկ Latvijas Radio-ի գնահատմամբ՝ սա «ջերմ, բայց անողոք ճշմարիտ» պատմություն է մանկատան տրավմայի և նախապաշարմունքների մասին։
Լաուրա Վինոգրադովան ավարտել է Ռիգայի տեխնիկական համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը և գրականություն մուտք գործել 30 տարեկանից հետո։ 2017 թվականին լույս է տեսել նրա առաջին մանկական գիրքը, որին հաջորդել են պատմվածքների ժողովածուներ և մանկական ստեղծագործություններ։
2020 թվականին հրապարակված «Գետը» վեպը Վինոգրադովային միջազգային ճանաչում բերեց։ Գիրքը հայտնվեց Լատվիայի ամենամյա գրական մրցանակի կարճ ցուցակում, իսկ 2021 թվականին հեղինակը «Գետը» վեպի համար արժանացավ Եվրոպական միության գրական մրցանակին (European Union Prize for Literature)։
«Ագռավները» լատվիերենից հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը։Գրքի գլխավոր գործընկերը Սինեմ Սթար Արմենիան է։
Լաուրա Վինոգրադովա
5800 ֏
Նկարագրություն
Սաննան իր 14-րդ տարեդարձը դիմավորում է մանկատանը։ Նա հետագայում կարողանում է դուրս գալ այդ ծանր աշխարհից, սակայն մանկատան դրոշմը շարունակում է ուղեկցել նրան՝ խանգարելով հավատալ, որ ինքն էլ է արժանի սիրո, երջանկության և սեփական տան։
Տարիներ անց Սաննայի դուստրը՝ Լիան, մեծանում է սիրող ընտանիքում, սակայն նույնպես ստիպված է ինքն իրեն պաշտպանել մի աշխարհում, որտեղ «այլ» լինելը հաճախ ընդունվում է նախապաշարմունքով և նույնիսկ ատելությամբ։ Ինչպե՞ս ընդունել սեփական ինքնությունը, եթե շրջապատը հրաժարվում է ընդունել քեզ։
Հնարավո՞ր է հաղթահարել անցյալի ցավը և գտնել այն վայրը, որը մարդ իր տունն է համարում։ «Ագռավները» վեպը հուզիչ պատմություն է մանկության վերքերի, ինքնության որոնման, մայր ու դուստր կապի, ընտանեկան հիշողության և ընդունված լինելու ցանկության մասին։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է իռլանդական ժամանակակից գրականության դեմքերից՝ Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստերը» (թրեյլեր)