Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)
09/11/2026
«Սովորության ուժը» և «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքերի հեղինակը ներկայանում է նոր՝ արդյունավետ հաղորդակցվելու մասին աշխատությունով՝ «Սուպերհաղորդակցվողներ»։ Գրքի հրատարակման նախաձեռնողն Ակբա բիզնես ակումբն է, գլխավոր գործընկեր՝ Ակբա բանկ։
Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Չարլզ Դահիգը իր նոր՝ «Սուպերհաղորդակցվողներ» գրքում ուսումնասիրում է մի պարզ, բայց կարևոր հարց․ ինչո՞ւ որոշ մարդկանց հետ խոսելը հեշտ է, իսկ մյուսների հետ՝ կարծես անընդհատ տարբեր լեզուներով ենք խոսում։
Դահիգի ներկայացրած ամենահետաքրքիր գաղափարներից մեկն այն է, որ զրույցը միշտ այն չէ, ինչ առաջին հայացքից թվում է։ Երբեմն մենք փորձում ենք լուծել որևէ խնդիր։ Երբեմն ուզում ենք պարզապես կիսվել մեր զգացմունքներով։ Իսկ երբեմն խոսակցության իրական թեման մեր հարաբերություններն են՝ ով ինչ է զգում, ինչ է սպասում մյուսից, ինչ տեղ ունենք միմյանց կյանքում։
Այս երեք իրավիճակները պահանջում են բոլորովին տարբեր մոտեցումներ։ Պատկերացրեք՝ մեկը պատմում է, որ աշխատանքում ծանր օր է ունեցել։ Եթե անմիջապես սկսենք խորհուրդներ տալ, մինչդեռ նա պարզապես ուզում էր, որ իրեն լսեն, կարող ենք ավելի հեռանալ, ոչ թե մոտենալ։ Իսկ եթե կարողանանք հասկանալ՝ այս պահին մեզնից խորհուրդ է պետք, թե պարզապես ներկայություն, զրույցը բոլորովին այլ ընթացք կունենա։
Լավ զրուցակիցը միշտ չէ, որ շատ է խոսում. հաղորդակցությունը միայն խոսելու արվեստ չէ։ Այն նաև լսելու արվեստ է։ Դահիգը ուշադրություն է դարձնում այն հարցերին, որոնք մենք տալիս ենք մեր զրուցակցին։ Մակերեսային հարցերը կարող են պահպանել զրույցը, բայց խորը հարցերը հաճախ բացում են մարդու մտածողության, զգացմունքների ու արժեքների դուռը։
Հաղորդակցությունը նաև սովորություն է։ Մենք բոլորս ունենք հաղորդակցվելու մեր սովորությունները։ Ոմանք ընդհատում են, ոմանք անմիջապես խորհուրդ են տալիս, ոմանք դժվարանում են խոսել զգացմունքների մասին, իսկ ոմանք էլ այնքան են կենտրոնանում ճիշտ պատասխան գտնելու վրա, որ մոռանում են լսել։
Դահիգը ցույց է տալիս, որ այս վարքագծերը անփոփոխ չեն։ Դրանք կարելի է նկատել, վերանայել և փոխել։ Այսինքն՝ լավ հաղորդակցվելը ոչ թե բնավորության հազվագյուտ հատկություն է, այլ հմտություն, որը կարելի է զարգացնել։
Իսկ ինչո՞ւ է այս գիրքն այսօր հատկապես կարևոր։ Մենք ապրում ենք տեղեկատվության աննախադեպ հոսքի մեջ։ Գրում ենք, զանգում ենք, ուղարկում ձայնային հաղորդագրություններ, մեկնաբանում, արձագանքում։ Բայց շատ շփվելը դեռ չի նշանակում՝ լավ հաղորդակցվել։
Ի վերջո, հաղորդակցության նպատակը միայն տեղեկություն փոխանցելը չէ։ Այն կապ ստեղծելու մասին է։ Սուպերհաղորդակցվողներն այն մարդիկ են, որոնց հետ զրույցից հետո մենք մեզ ավելի հասկացված ենք զգում։ Նրանք կարողանում են նկատել ոչ միայն ասվածը, այլև զրույցի ենթատեքստը, ընտրել ճիշտ հարցը, լսել և հասկանալ՝ ինչ է իրականում պետք տվյալ պահին։
Եվ գուցե ամենակարևոր միտքն այստեղ հենց սա է․ մենք բոլորս կարող ենք սովորել ավելի լավ խոսել, ավելի լավ լսել և ավելի լավ հասկանալ միմյանց։ «Սուպերհաղորդակցվողներ» գիրքը հենց այդ ճանապարհի մասին է՝ ինչպես սովորական զրույցները դարձնել ավելի խոր, հարաբերությունները՝ ավելի ամուր, իսկ մարդկանց միջև եղած հեռավորությունը՝ ավելի փոքր։
Անգլերեն թարգմանությունը՝ Լիանա Զաքարյանի։
Գրքի հրատարակման նախաձեռնող՝ Ակբա բիզնես ակումբ
Գլխավոր գործընկեր՝ Ակբա բանկ
Չարլզ Դահիգ
6800 ֏
Նկարագրություն
Արդյունավետ հաղորդակցվելու համար գերմարդկային ուժ է պետք գործադրել։ Մարդկանց հետ շփվելու վարպետները գիտեն, որ յուրաքանչյուր զրույց իրականում բաղկացած է երեք զուգահեռ խոսակցություններից՝ գործնական («Ի՞նչ է իրականում կատարվում»), հուզական («Ի՞նչ ենք զգում») և սոցիալական («Ո՞վ ենք մենք»)։ Մեր կենափորձը, արժեքները, հույզերը, նաև այն, թե ինչպես ենք ընկալում ինքներս մեզ և ուրիշներին, ազդում են մեր յուրաքանչյուր զրույցի վրա։ Այս գրքի շնորհիվ կիմանաք, թե որոշ մարդիկ իրենց ո՛ր հմտությունների ու կարողությունների շնորհիվ են հստակ արտահայտում իրենց մտքերը և նույնքան հստակ հասկանում այլոց։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակը (թրեյլեր)