Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)
09/07/2026
Ուսումնական տարին Newmag-ը սկսում է հինգ նոր մանկական գրքով։ Հրատարակչության նոր գրքերի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։ Նոր հրատարակությունները տարբեր պատմություններ ու ժանրեր են առաջարկում, բայց դրանց միավորում է մեկ գաղափար՝ երեխաներին պահել գրքի ու ընթերցանության աշխարհում, կարդալը դարձնել նրանց առօրյայի բնական ու հաճելի մասը։
Newmag-ի մանկական գրքերից երեքը՝ Ջեֆ Քինիի «Վտվտիկի օրագիրը․ օրեր շնիկի հետ», Աննա Ստարոբինեցի «Խժռելու իրավունքը» և Մեգան Մակդոնալդի «Ջուդի Մուդին տրամ չունին» մի քանի մասանոց պատմություններ են, առաջին երկու գրքերը հայ փոքրիկ ընթերցողների սիրելի պատմությունների շարունակությունն են։
«Վտվտիկի օրագիրը» «Երազ» մատենաշարի հրատարակած առաջին մանկական գիրքն է։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ Գրեգի օրագիրը դարձել է բեսթսելլեր։ Առաջին գրքում գլխավոր հերոսը՝ Գրեգը, դպրոց է գնում, և տարիների ընթացքում ընթերցողները նրա հետ միասին մեծանում են։ Գրքային բլոգեր Կարինե Ամիրխանյանի խոսքով՝ գրքի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ Գրեգը կատարյալ հերոս չէ.
«Գրեգը սիրելի հերոս է դարձել, քանի որ նա իդեալական չէ։ Երեխաները կարդում են ու տեսնում, որ նա էլ իրենց պես հայտնվում է տարբեր արկածների մեջ, չարաճճի է, երբեմն սխալվում է։ Այսինքն՝ գրքի հերոսն իդեալական չէ, ինչպես բոլորս։ Բացի այդ, գիրքը շատ զվարճալի է, երեխաներն ընթերցանության ժամանակ անընդհատ ծիծաղում են»։
Կարինե Ամիրխանյանի համոզմամբ՝ գրքային բլոգերների հիմնական առաքելությունը վիրտուալ աշխարհում ապրող մարդկանց գիրքին մոտեցնելն է։ Ընթերցանությունը սիրելի զբաղմունք դարձնելու գործում կարևոր դերակատարներ են նաև ծնողները, մանկավարժները։
«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը կարևորում է հատկապես ծնողի դերը. «Շատ կարևոր է ծնողների դերը։ Իհարկե, հեշտ է ասել՝ իմ երեխան չի սիրում կարդալ, բայց պետք է հասկանալ, որ ամենավտանգավորն այն է, որ գիրք չկարդացող երեխաները չեն կարողանում ձևակերպել իրենց մտքերը, չեն հասկանում խնդիրները, որոնք պետք է լուծեն։ Գիրքը ոչ միայն կրթում է, դարձնում գրագետ, այլ նաև փոխում է մտածողությունը»։
«Երազ» մատենաշարի ղեկավարն ասում է, որ Newmag-ը մանկական գրականության հետ հրատարակում է նաև ծնողներին հուզող հարցերին պատասխանող գրքեր՝ ծնողավարման ձեռնարկներ՝ երեխաներին քնեցնելու, տանը կարգապահություն սահմանելու և առօրյա դժվար իրավիճակներն առանց դրամայի հաղթահարելու մասին. «Ծնողավարման գրքերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ հայերեն մասնագիտական գրքերը քիչ են։ Նման գրականության դեպքում շատ կարևոր է ճիշտ ընտրությունը»։
«Երազը» արդեն 3 տարեկան է, և այս ընթացքում հրատարակել է մոտ 30 գիրք։ Մատենաշարի զարգացմանը զուգահեռ փոխվում ու ընդլայնվում է նաև գրքերի թեմատիկ շրջանակը։ Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց, որ հրատարակչությունը հետևում է մանկական գրականության միջազգային միտումներին և գրքերի ընտրության ժամանակ փորձում է ուշադրություն դարձնել նաև այն թեմաներին, որոնց մասին երեխաների ու ծնողների հետ խոսելը հեշտ չէ.
«Եռամյա փորձաշրջանից հետո շարունակում ենք հարստացնել մեր գրքերի ցանկը։ Ես ու Գոհար Մանուկյանը մասնակցել ենք Բոլոնիայի մանկական գրքի փառատոնին, հետևում ենք այն տենդենցներին, որոնք կան ամբողջ աշխարհում։ Այս անգամ դիտարկել ենք գրքեր, որոնք շոշափում են թեմաներ, որոնք քիչ են քննարկվում մեր հասարակության մեջ․ նկատի ունեմ հոգեբանական թեմաներ՝ ընտանիքում բաժանման, հարազատի կորստի մասին։ Այս թեմաների շուրջ ծնողները, մանկավարժները հաճախ դժվարանում են խոսել»։
Այս մոտեցումն է նաև պատճառը, որ «Երազ» մատենաշարում կան և՛ զվարճալի, արկածային պատմություններ, և՛ ավելի բարդ ու զգայուն խնդիրներ շոշափող գրքեր։
Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» գրքի երկրորդ մասում, որը կոչվում է «Խժռելու իրավունքը», ընթերցողներին սպասում է ավելի զվարճալի պատմություն․ այս անգամ գազանները հայտնվել են նոր խնդրի առաջ, որը պետք է միասին լուծեն։
Newmag-ի մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի խոսքով՝ գրքի ընտրությունից ու բովանդակությունից բացի, կարևոր է նաև այն, թե ինչպեսիսի գիրք էհրատարակչությունն առաջարկում ընթերցողին.
«Մեր գրքերի տառատեսակները, տառաչափը, թուղթը հաճելի են աչքին։ Բնականաբար, մարդու բնավորությունն ու նախասիրությունը կարևոր են, քանի որ միշտ եղել են կարդացող ու չկարդացող մարդիկ։ Այոդւամենյանիվ, պետք է մոտիվացնել, համոզել երեխաներին, այլապես մեծ մասը չեն կարդա, չեն հայտնվի գրականության ու գրքերի աշխարհում»։
Մանկական ու պատանեկան գրականության մեկ այլ կարևոր ուղղություն ֆենթզին է։ Newmag-ը շարունակում է նաև այս ժանրի հայտնի պատմությունները՝ ընթերցողին վերադարձնելով արդեն ծանոթ աշխարհներ։ Անաբել Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» բազմահատոր ֆենթզիի երկրորդ մասն է։ Գրքի թարգմանիչ Նարե Հարությունյանն ասում է, որ առաջին գրքում ընթերցողները բացահայտեցին Սկանդարի կախարդական աշխարհը, կղզին ու միեղջյուրներին, իսկ երկրորդ մասում այդ աշխարհի ավելի մութ ու վտանգավոր կողմերն են բացահայտվում.
«Սկանդարի և նրա ընկերների համար սկսվում է ուսման երկրորդ տարին, սակայն կղզին հայտնվում է կործանման վտանգի առաջ, կա չարագուշակ մարգարեություն։ Երկրորդ գրքի առանձնահատկությունն այն է, որ Սկանդարի ու իր քրոջ մասին հետաքրքիր ծավալումներ կան»։
Թարգմանիչների համար ֆենթզի գրքերը հաճախ նաև լեզվական հետաքրքիր խնդիրներ են առաջացնում. «Սկանդարի» առաջին գրքում միեղջյուրների հորինված անունները հայաֆիկացվել էին՝ դառնալով միանգամայն նոր անուններ։ Երկրորդ մասում ևս ստեղծագործական նոր լուծումներ կան. օրինակ՝ տնօրեն Դորիան Մանինգեին երեխաներից մեկը տարբեր անուններով է դիմում՝ պահպանելով միայն անվան սկզբնատառերը։ Հայերեն տարբերակում թարգմանիչն ու խմբագիրը գտել են համարժեք բառեր՝ պահպանելով աշակերտական կշտամբանքի ու հումորի ոճը։
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ պատանեկան գրականության ամենագրավիչ ժանրերից մեկը հենց ֆենթզին է, քանի որ պատանիները հայտնվում են մի աշխարհում, որտեղ ի հայտ են գալիս նրանց բնավորության և՛ դրական, և՛ բացասական գծերը. «Բնականաբար, հաղթում է բարին, քանի որ սա հեքիաթային աշխարհ է։ Մարդկային բնավորության ամենաազնիվ գծերը՝ ինքնասիրությունը, ինքնազոհողությունը, ի հայտ են գալիս։ Պատմությունը պատանիներին կօգնի կոփել ու հղկել իրենց աշխարհընկալումը»։
«Երազ» մատենաշարի նոր գրքերից մեկը մանկական գրականության դասական սահմաններից դուրս է, այն մեծահասակների ու նոր սերնդի երկխոսությունն է. Ֆրեդրիկ Բաքմանի «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» գիրքը նամակ է, որտեղ հեղինակը դիմում է որդուն, բայց իրականում խոսում է ծնող լինելու վախերի, սխալների և աշխարհի մասին։
Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանի խոսքով՝ այստեղ շատ ծնողներ կճանաչեն իրենց զգացողություններն ու վախերը. «Նորաթուխ ծնողների նկատմամբ հասարակության ճնշումը շատ է․ սովորեցնում են, խորհուրդներ տալիս, ցույց տալիս սխալները։ Հեղինակը հենց սկզբից որդուն խոստովանում է, որ սխալներ շատ է արել, բայց այդպես ցույց է տալիս, որ ոչ մի ծնող կատարյալ չէ»։
Գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանի խոսքով՝ Բաքմանի մյուս գործերի պես այս գիրքն էլ առանձնանում է հումորով, պարզ ու գեղեցիկ լեզվով, ինքնահեգնանքով և մեծ սիրով. «Որդուն գրած նամակի միջոցով հեղինակը խոսում է համամարդկային արժեքների, ժամանակակից աշխարհի մասին։ Արձակի լեզուն շատ թեթև, հաճելի ու պարզ է։ Եթե ծանր արձակում կան ենթաուղերձներ, իմաստներ, որոնք գուցե չհասկանաս, սա ուղիղ ու պարզ, գեղեցիկ լեզվով գրված տեքստ է։ Հեղինակն ամեն ինչ ասում է ուղիղ, հումորով ու գեղեցվիկ լեզվով»։
«Երազ» մատենաշարի նոր գրքերը տարբեր տարիքի ընթերցողների համար տարբեր պատմություններ են առաջարկում՝ ծիծաղելի ու արկածային, ֆենթզի և ծնողավարության մասին անկեղծ զրույցներ։ Նպատակը մեկն է՝ գրքի միոջոցով երկխոսություն սկսել ծնողների ու նրանց զավակների միջև, ընթերցանությունը երեխայի կյանքում դարձնել ոչ թե պարտականություն, այլ հետաքրքրություն, հաճույք ու աշխարհը հասկանալու միջոց։
Ֆրեդրիկ Բաքման
5800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը նամակ է որդուն և խոստովանություն է․ հեղինակը գրում է հայր լինելու դժվարությունների մասին։ Նա զննում է կյանքի կարևոր ու զարմանալիորեն պարզ ճշմարտությունները՝ ընկերություն, սեր, ամոթ, խոսում է մեծանալու և սեփական ճանապարհը գտնելու մասին։ Նա չի փորձում լինել կատարյալ հայր։ Հակառակը՝ ընդունում է իր թերությունները, խոստովանում ձախողումները և հիշեցնում, որ հենց անկատարությունն է մարդուն դարձնում իրական։ Սրտաբաց հումորով և ինքնաքննադատական անկեղծությամբ պատմում է, թե ինչպես է սիրահարվել մի կնոջ, որն իր լիակատար հակապատկերն է, և ինչպես է սովորել ապրել՝ անվերապահորեն սիրելի մարդկանց շուրջը կառուցելով իր աշխարհը։ Անքուն գիշերների և բերկրանքի պահերի մասին ջերմ ու անկեղծ պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սիրել են, արագ են հասունացել կամ պարզապես փորձում են այս աշխարհը մի փոքր ավելի լավ հասկանալ։
Մեգան Մակդոնալդ
5800 ֏
Նկարագրություն
Ջուդի Մուդիի տրամադրությունը վատ էր, գերադրական աստիճանի վատ. պետք է ընտելանար դպրոցական նոր գրասեղանին ու նոր դասարանին։ Այդ գրասեղանի վրա չէր լինելու իր անունով արմադիլոյի ստիկերը, չէր լինելու Ռոջեր անունով մացառախոզը։ Ու, իհարկե, իր բախտից՝ նստեցնելու էին առաջին շարքում, որտեղից միստր Թոդն ամեն անգամ տեսնելու էր, որ ինքը երկտող է փոխանցում մտերիմ ընկերուհուն՝ Ռոքիին։
Բժիշկ դառնալու երազանքով ապրող Ջուդին ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր, շատ հետաքրքիր մի ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։ Ջուդին ինքնավստահ, համարձակ ու սեփական կարծիքն ունեցող աղջնակ է։ Եվ երբ միստր Թոդը հանձնարարում է մի յուրահատուկ նախագիծ անել, նա վերջապես իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորություն է ստանում։ Մեգան Մակդոնալդի՝ հումորով լի գիրքը զվարճալի ու գրավիչ ընթերցանության է մղում երեխաներին, հատկապես երբ մի փոքր «անտրամ» են։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։
Անաբել Սթեդման
7800 ֏
Նկարագրություն
Սկանդար Սմիթը վերջապես դարձել է միեղջյուրի հեծյալ, բայց իսկական փորձություններն առջևում են։ Կղզին հայտնվում է կործանման եզրին, անմահ վայրի միեղջյուրները խորհրդավոր կերպով մահանում են, հնագույն մարգարեությունն աղետ է գուժում։ Սկանդարը և նրա ընկերները ստիպված են բացահայտել վտանգավոր գաղտնիքներ, դիմակայել նախապաշարմունքներին և պայքարել իրենց ու ամբողջ կախարդական աշխարհի ապագայի համար։ Պատրաստվե՛ք երկնքում ծավալվող էպիկական ճակատամարտերի, մահաբեր գաղտնիքների և այնպիսի ընկերության, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Սկանդար Սմիթի արկածային պատմության երկրորդ գրքի սյուժեի առանցքում ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության և իշխանության թեմաներն են։
Գիրքը նախատեսված է 12+ տարիքի ընթերցողի համար։
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Հեռավոր Անտառի ոստիկանության և Որսագյուղի հարաբությունները վտանգի տակ են։ Տնային տնտեսուհուխոհանոցում հավաբնի «բնակիչներին» սպասվող տխրահռչակ ապագան անհավանական հերոսություն էներշնչում Հավ-չորսին։ Որսագյուղում բոլորի կյանքը վտանգի տակ է։ Ավագ Փորսուկատուն ոչ այնքանհաճելի հետաքննություն է սկսում նոր գործընկերների հետ։ Սարյակը թռչում է գաղտնի առաքելությունկատարելու, Ագռավ բժիշկը փրկում է կյանքեր՝ կտուց-կտուցի և կտուց-երախի շնչառություն տալով։ Նաևպարզվում է, թե ինչպես է պատահական վկան բացահայտում հանցագործին, ինչի են հանգեցնումմարդկանց հետ բանակցությունները, և ինչու է Կրտսեր Փորսուղն առաջին անգամ զղջում, որ կատու չէ։ Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Ամառային արձակուրդ է, հրաշալի եղանակ, և բոլոր երեխաները դրսում զվարճանում են։ Որտե՞ղ է Գրեգ Հեֆլին։ Տանը՝ փակ վարագույրների հետևում, տեսախաղեր է խաղում։
Գրեգը, որն իրեն «տան մարդ» է համարում, ապրում է իր երազանքի ամառը՝ առանց պարտականությունների ու կանոնների։ Բայց Գրեգի մայրիկը միանգամայն այլ պատկերացում ունի իդեալական ամռան մասին․ այն պետք է լինի ընտանեկան բացօթյա զբաղմունքներով լի։ Ո՞ւմ պատկերացումը կհաղթի։ Հեֆլիների ընտանիքի նոր անդամը կփոխի՞ ամեն ինչ։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է իռլանդական ժամանակակից գրականության դեմքերից՝ Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստերը» (թրեյլեր)