Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղ

Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Առաջնորդները» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

09/15/2026

Միջոցառումը նախատեսված էր հատուկ Signature Club-ի ու Ակբա բիզնես ակումբի անդամների համար։

«Առաջնորդներ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ալեքսանդր հյուրանոցում։ Աշխատությունը ներկայացրեցին գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը, Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը և Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ 






Ելույթների ընթացքում բանախոսները ներկայացրեցին Չարլզ Դահիգի այն կարևոր ուղերձների մասին, որոնք փոխանցել է իր նոր գրքի միջոցով՝ արդյունավետ հաղորդակցության, առաջնորդության, գործարար հարաբերությունների և տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ բանակցելու առանձնահատկությունների մասին։ Սա արդեն երրորդ գործն է, որ Newmag-ը թարգմանում է նույն հեղինակից. մինչև այս, հրատարակել էր «Սովորության ուժը» և «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքերը։







Գնել Նալբանդյանն իր ելույթում ընդգծեց, որ Newmag-ի թարգմանվող գրքերը ոչ միայն հասանելի են դառնում հայ ընթերցողին, այլև շրջանառվում են համաշխարհային գիտական և մասնագիտական գործերում։ Նրա խոսքով՝ տարբեր գրքերի և հեղինակների գաղափարները փոխկապակցված են, և ընթերցողը կարող է այդ կապերի միջոցով ավելի խորությամբ ընկալել ժամանակակից կարևոր թեմաները։




 

«Newmag-ի թարգմանած գրականության մեջ ձևավորվում է մի ներքին, իրար փոխանցող ցանց։ Այդ գրքերում ներկայացված մտքերը շարունակաբար տարածվում են այլ հեղինակների, հետազոտողների և մտածողների աշխատանքներում։ 





Խոսելով «Առաջնորդները» գրքի առանցքային թեմաներից՝ Գնել Նալբանդյանը առանձնացրեց հաղորդակցության մշակույթը։ Նրա խոսքով՝ գիրքը ցույց է տալիս, որ արդյունավետ հաղորդակցությունը միայն խոսելու կարողությունը չէ․ կարևոր է նաև այն, թե ինչ տրամադրությամբ, ինչ բառերով և ինչ նպատակով ենք մենք շփվում։





«Մենք բոլորս սուպերհաղորդակցողներ ենք, բայց կան մարդիկ, որ ավելի լավ են դա անում»,– մեջբերեց նա գրքի հեղինակին՝ ուշադրություն հրավիրելով դրական ձևակերպումների և հարգալից հաղորդակցության նշանակության վրա։


«Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առցանց լարվածությունը նվազում է, երբ զրուցակիցներից առնվազն մեկը քաղաքավարի է լինում: Մեկը քաղաքավարի եղավ, իր հետ կտանի երկրորդին, երկրորդը այն մյուսին: Սա շղթայական ռեակցիա է: Փորձերը ցույց են տվել, որոշ լարվածությունը թուլացնելու համար բավական է խոսակցության ընթացքում օգտագործել «շնորհակալություն» և «խնդրեմ» բառերը»։






Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը խոսեց գործարար միջավայրում հաղորդակցության դերի մասին։ Նա նշեց, որ ընկերությունները հաճախ մեծ ուշադրություն են դարձնում ռազմավարությանը, նորարարությանը և տեխնոլոգիաներին, սակայն թերագնահատում են մարդկանց միջև հաղորդակցության կարևորությունն ու նշանակությունը։






«Ռազմավարությունները կարող են չընկալվել, բանակցությունները՝ ձախողվել, իսկ գործընկերները՝ չլսել միմյանց, եթե հաղորդակցության հիմքում չկա ընդհանուր ընկալում։ Շատ դեպքերում խնդիրը ոչ թե այն է, որ մարդիկ վատ են խոսում, այլ այն, որ նրանք ունեն տարբեր նպատակներ և տարբեր կերպ են ընկալում նույն ասվածը»։


Հակոբ Հակոբյանը «Առաջնորդները» գիրքը կարևոր համարեց նաև Ակբա բիզնես ակումբի գործունեության համատեքստում։ Ակումբի նպատակը, նրա խոսքով, միայն գիտելիք և հմտություններ փոխանցելը չէ, այլև բիզնեսների միջև հաղորդակցություն, համագործակցություն և նոր միջավայր ձևավորելը։


«Մեր մրցակցային առավելությունը պետք է դնենք մարդկանց որակի, որոշումների որակի և հարաբերությունների որակի վրա։ Ու այս երեքի հիմքում էլ նորից հաղորդակցությունն է»։





Արտակ Ալեքսանյանի ելույթին հաջորդեց ««Ինչպես բանակցել տարբեր երկրներում» թեմայով  հատուկ դասախոսությունը։ Նա ներկայացրեց տարբեր մշակույթների հաղորդակցական առանձնահատկությունները և խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել միջազգային բանակցությունների ընթացքում առաջացող թյուրիմացություններից։


Դասախոսության հիմքում Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքն էր, որը Newmag-ը թարգմանել և հրատարակել է հայերեն։ Ալեքսանյանի խոսքով՝ տարբեր մշակույթներ տարբեր կերպ են ընկալում վստահությունը, ուղիղ խոսքը, քննադատությունը, ժամանակի նշանակությունը և բանակցությունների ընթացքը։


«Մենք շփվում ենք, բանակցում ենք, հանդիպում ենք, ուզում ենք պայմանավորվել արտասահմանցիների հետ։ Եթե գործարքը ձախողվում է, պետք է հասկանալ՝ որտեղ էր անհամապատասխանությունը և ինչպե՞ս է մյուս կողմը տեսել ձեր առաջարկը»։






Արտակ Ալեքսանյանը օրինակներով ներկայացրեց, որ ամերիկյան գործարար մշակույթում վստահությունը հաճախ կառուցվում է մասնագիտական կարողությունների և ակնկալվող արդյունքի վրա։ Արևելյան որոշ մշակույթներում, հակառակը, գործարքից առաջ կարևոր է անձնական վստահությունը և հարաբերությունների ձևավորումը։


Ալեքսանյանը կարևորեց նաև ժամանակացույցի շուրջ մշակութային տարբերությունները։ Որոշ գործընկերների համար հստակ ժամկետը պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության նշան է, մինչդեռ այլ մշակույթներում բանակցությունների ընթացքը կարող է ավելի ճկուն և անորոշ լինել։




«Պետք է հասկանալ, թե ինչ լսարանի հետ գործ ունեք»,– եզրափակեց նա՝ ընդգծելով, որ հաջող բանակցությունների համար միայն լավ առաջարկը բավարար չէ։ Անհրաժեշտ է ճանաչել գործընկերոջ մշակույթը, հաղորդակցության ոճը և վստահություն կառուցելու ձևերը։






«Առաջնորդներ» գրքի շնորհանդեսից հետո զրույցն ու շփումները շարունակվեցին մեկ գավաթ գինու շուրջ։






Կարդացեք նաև



Տարածել