Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գիրքը (թրեյլեր)

June 11, 2023

Ամառային փառատոնի 5 նոր գրքերից մեկը Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին․ Քսան դաս XX դարից» աշխատությունն է։ Այս գիրքը պարտադիր պետք է ընթերցեն նրանք, ովքեր ցանկանում են դասեր քաղել պատմությունից ու հասկանալ մերօրյա իրողությունները: Այն պատմում է, 20-րդ դարի ամենաարժեքավոր դասերը, թե ինչպես է պետք պաշտպանել և պահպանել ժողովրդավարությունը:

Պատկերազարդ գիրքը ներկայացնում է 20-րդ դարի գլխավոր սխալները, որոնք դարձել են բռնապետությունների պատճառ։ Հեղինակը տալիս է 20 դաս, թե ինչպես պետք է դիմակայել ժամանակակից բռնապետությանը` անցյալից դասեր քաղելով։  

«Բռնապետության մասին․ Քսան դաս XX դարից» գրքում ընթերցողը կտեսնի աշխարհաքաղաքական համեմատություններ ու զուգահեռներ. ինչ կապ կա 1933 թվականի Գերմանիայի ու Դոնալդ Թրամփին ընտրած Միացյալ նահանգների միջև: Ինչպես դեմոկրատիան զիջեց ֆաշիզմին ու նացիզմին:  

Հեղինակը կարծում է, որ ժամանակակից քաղաքակրթության առավելությունն այն է, որ կարելի է նալորդ դարի փորձերը հաշվի առնելով սխալ չանել։ Գիրքը մեկ հեղինակ չունի։ Համահեղինակ է նաև հայտնի նկարազարդող Նորա Կրուգը։

Բացառիկ պատկերազարդումներով նա ցույց է տվել 20-րդ դարի ամենաարժեքավոր ու դաժան դասերը, որոնք պետք են ապագան առանց բռնապետության կառուցելու համար: Նորա Կրուգն ամենատարբեր արխիվներից օգտագործել է բացառիկ լուսանկարներ ու փաստաթղթեր, դրանք համալրել է իր ու պապիկի անձնական արխիվով ու տպավորիչ նկարազարդումներով, որոնք գիրքը դարձնում են ոչ միայն ընթերցելու, այլ դիտելու համար բացառիկ աշխատություն։    

20 դասերից գլխավորը հեղինակները համարում են, որ պատմությունը չի կրկնվում, բայց դասեր տալիս է։ Քաղաքական ու աշխարհաքաղաքական պատկերազարդ գրքի գլխավոր զգուշացումն ու խորհուրդը. Եթե ոչ ոք պատրաստ չէ մեռնել ազատության համար, ուրեմն մենք բոլորս կզոհվենք բռնակալության պայմաններում։

Գիրքն անգլերենից թարգմանել է Հովհաննես Նիկողոսյանը՝ «Ինչ է պոպուլիզմը» և «Վտանգավոր ամենագետները» գրքերի թարգմանիչը։ Շնորհանդեսը տեղի կունենա ամառային փառատոնին, Երազ այգում, հունիսի 17-ին, 18:00, GROUND HALL-ում։


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև