Ադելի առաջին հարցազրույցը 3 տարում

November 3, 2015

Ադել Ադկինսը անոմալիա է: Նա հաղթում է «փառքի խաղում»` հրաժարվելով ընդհանրապես խաղալ այն: Եվ դրանից նրա երաժշտությունն ավելի լավն է դառնում:
Ադելի պապիկը մահացավ, երբ աղջիկը 10 տարեկան էր: Նա հիասթափված էր կյանքից: Նա ոչ միայն իր վիշտն էր սգում, այլ նաև զգում էր տատիկի կորստի ցավը. «Ես այնքան էի սիրում նրան: Տատիկս ու պապիկս միշտ ինձ համար իդեալական հարաբերությունների , իդեալական ընկերության, ընկերության, ամեն ինչի  օրինակ են եղել»:
Պապի մահից ազդված 10-ամյա Ադելը որոշեց սրտաբան դառնալ. «Ես ուզում էի բուժել մարդկանց սրտերը»: Մեկ տարի անց Ադելը ավագ դպրոցում էր ու հաճախում էր Balham's Chestnut Grove School-ի կենսաբանության դասերին: Ադելի «աորտային ամբիցիաները» ավարտվեցին, երբ բացահայտեց ժամանցն ու տղաներին:
Պապիկի մահից տասը տարի անց, երբ տուն վերադարձավ Լոս Անջելեսից, որտեղ պրոդյուսեր Դեն Ուիլսոնի հետ աշխատում էր իր առաջին` «19» ալբոմի վրա, 11-ժամյա թռիչքից ու անքնությունից հոգնած  ուղևորվեց մայրիկի տուն. «Նրա համար կատարեցի «Someone like you»-ի  նախնական տարբերակը: Մաման սկսեց լացել: «Դու վիրաբույժ ես»,- ասաց,- «նորոգում ես մարդկանց սրտերը»: Հետո լռեց ու թոթվեց.-«Sliding Doors-ի նման է, չէ՞»:
Իրականում Ադելի նոր ալբոմը` «25»-ը, նմանություն ունի Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ 1998 թվականի Sliding Doors կատակերգրական դրամայի երաժշտական մոտիվի հետ: Երբ նա պատրաստվում էր ձայնագրություններին, շտապեց մոտակա խանութից նոր նոթատետր գնել. «Այդպես բոլոր ալբոմներիս ժամանակ եմ արել: Գնում եմ նոր բլոկնոտ, հոտոտում այն, որովհետև բույրը կարևոր է: Հետո մեծ, ընդգծված տառերով առաջին էջին գրում եմ տարիքս: 25-ից հետո 5 հարցական նշան դրեցի, որովհետև ինքս էլ զարմացած էի` այդ ե՞րբ, գրողի տանի, 21-ից դարձա 25»:
Ադելն ասում է` նոր ձայնասկավառակը մեծանալու և նոստալիգիկ դառնալու մասին է: Այն մասին, թե ինչպիսին էր նախկինում, ինչպիսին է հիմա, և ինչպիսին պետք է լինի ապագայում: «Այն այնպիսի բաներ կարոտելու մասին է, որոնք նախկինում մտքովս չէին անցնի` օրինակ  18 տարեկանում ընկերներիդ հետ Brockwell Park-ում 2 լիտր խնձորօղի խմելը: Դրանք կյանքիս ամենից իրական ու լավ պահերն էին, և կուզեի այն ժամանակ հասկանալ, որ այլևս չեմ կարողանալու այգում նստել և մի շիշ  խնձորօղի կոնծել»:
Եվ ոչ այն պատճառով, որ հայտնի է, այլ որովհետև նրա (նաև դպորցական ընկերների) կյանքը առաջ է գնացել: Ոչ ոք այլևս թինեյջեր չէ: «Կարծում եմ` ալբոմը անցյալը պարզ հասկանալու մասին է» -, ցածրաձայն ավելացնում է Ադելը,- «ծնող դառնալու և «էլ 20 տարեկան չլինելու» մասին: Հիմա ես շատ բաների պատճառով չեմ կարող անհանգստանալ: Այո, ես ապրել եմ սիրային դրամայի բոլոր տարատեսակները: Բայց հիմա մայր եմ, դրանց ժամանակը չունեմ: Այնքան մայրական հոգս ունեմ հիմա: Եվ, գիտեք ինչ, կյանքն ավելի հեշտ է, երբ չես քչփորում անցյալը»:
Ըստ ամենայնի, Ադելի  «25»-ը քննադատները կներկայացնեն փառքի ու հարստության հավակնություն: Բայց այդպես չէ: Իր նախկին ձայնագրություններում Ադելն իր անձնական ապրումները հիանալիորեն դարձրել է հանրային: Նա դա անում է, Աստված իմ, շատ գայթակղիչ ձևով: Նրա սիրտը կոտրվում է, որովհետև մեր սրտերն են կոտրված: Նա պայքարում է, մենք էլ ենք նույնն անում` անկախ նրանից` ով ենք մենք և ինչով ենք զբաղվում: «25»-ը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք բոլորս փոխվել, և կապ չունի` համաշխարհային աստղ ենք,  շրջանավարտ, արհեստավոր, թե նորաթուխ մայրիկ:
«25»-ով Ադելը հստակ ցույց է տալիս` այն «21»-ը չէ` 30 միլիոն օրինակ վաճառք ունեցած բազմակի մրցանակակիր ալբոմը, որը նրան դարձրեց համաշխարհային գերաստղ. «Ես չափազանց զգոն էի, որ նորից «21» չստեղծեմ: Չէի պատրաստվում գրել սրտաճմլիկ երգեր, որովհետև հիմա իմ սիրտը կոտրված չէ: Ես այլևս չեմ ուզում այդպես զգալ»:
Ադել Լոուրին Ադկինսը հիմա 27 տարեկան է: Երեք տարվա դադարից հետո առաջին հարցազրույցին շտապում է իր XL լեյբլի լոնդոնյան գրասենյակ: Ականջակալներով է, Macbook Pro-ն ձեռքին, հագին XL-ի գովազդային շապիկ, մյուս ձեռքին էլ iPhone 6-ն ու Bob The Builder պայուսակն է պահել: Նա կանաչ թեյ է խնդրում. «Փորձում եմ առողջ ապրել»,- պարզաբանում է:
Սև լեգիններ, սև բաճկոն, սև Nike 5.0+ սպորտային կոշիկներ, եղունգներն անգույն են, ոչ մի զարդ, միայն մեծ, կլոր, ականջօղեր է կրում: Առանց ավելորդությունների եկել է i-D-ում իր «25»-ից 7 երգ ներկայացնելու:«Մի քիչ հուզված եմ»,- խոստովանում է` ճպճպացնելով կանաչ մեծ աչքերը,- «Իմ մենեջերից հետո Դուք առաջինն եք լսելու այս երգերը»:
Մատը սահեցնում է իր iTunes-ի վրայով. - «Օքեյ, ո՞րը միացնեմ, գրողը տանի: Ահա, այս մեկը Hello է կոչվում, առաջին սինգլն է»: Հենց այն երգն է, որն ինտերնետը պայթեցրեց հաշված ժամերում: Նա սեղմում է play-ը ու մենք «անջատվում ենք»: Ադելի ձայնը 4 տարվա ընդմիջումից հետո լսելն իրոք հրաշալի է: Taylor-ի, Rihanna-ի և Miley-ի առաջարկած փոփ երաժշտության մեջ Ադելի բացակայությունը ակնհայտորեն զգացվում էր: 3,5 րոպե անց երգն ավարտվում է ու աչքերիս արցունքներ են:
[1] adele interview: world exclusive first interview in three years