Ալեքսանդր Արզումանյան.«Մարդու բարեկեցությունն ավելի բարձր է ազգի շահից»

November 14, 2016

«Դը քլաբ»-ի սպասավորները հավատարիմ էին իրենց ավանդույթին. 1990-91 թթ. ԳԽ նախագահի օգնական, 1991-92 թթ. Հյուսիսային Ամերիկայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, 1992-93 թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,1992-96 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 1996-98 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար, այժմ պատգամավոր և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող Ալեքսանդր Արզումանյանին այդպես էլ չճանաչեց երիտասարդ մատուցողը՝ հավանաբար 25 տարեկան, բարետես, կիրթ, հավանաբար զարգացած մի անձնավորություն։ «Հավանաբար կարևոր գործիչ է՝ դատելով կոկիկ կոստյումից»,- ասաց նա՝ դիվանագիտորեն կարճ կապելով ու խոհանոց տանելով թեյի դատարկ սպասքը: Ես չկարողացա որևէ առարկություն գտնել: Մի պահ ուզում էի նույնիսկ հարցնել. «Իսկ Դուք գիտե՞ք, որ Ալիկ Արզումանյանը մեկն էր այն յոթ պատգամավորներից, որոնք 2014 թվականի դեկտեմբերի 4-ին դեմ քվեարկեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին»: Ուզում էի, բայց լավ էր, որ չհարցրեցի: Այդ հարցին նույնիսկ մեր պատգամավորների կեսից ավելին չէր կարող պատասխանել: Առանց այդ էլ լիքը հիմար հարցեր էի տվել անկախության սերնդի պրագմատիկ ներկայացուցչին: Եվ ինչո՞ւ նա պիտի իմանար մեր հյուրի CV-ն:
Պարույր Հայրիկյան. Անկախություն` հայ-թուրքա-ռուսական պատերազմի միջով 

  • Վ. Մանուկյան. Ես, Ռ. Քոչարյանը, Վ. Սարգսյանը պետք է պահանջեինք Տեր-Պետրոսյանի հրաժարականը

  • Աշոտ Մանուչարյան. Սպանվածները հաճախ լինում են ավելի պերճախոս, քան ողջերը




  • Ա. Ա. - Պարո՛ն Արզումանյան, այս հարցազրույցների շարքը հնարավորություն է տալիս նաև մի քիչ հեռվից նայել այն ամենին, ինչի միջով անցել ենք։ Ոչ թե ընկալել որպես դասագրքային ճշմարտություններ, այլ փորձել հասկանալ։ Ասե՛ք, խնդրեմ, անկախ նրանից՝ մենք գործ ունենք ելցինյան Ռուսաստանի հետ, թե պուտինյան Ռուսաստանի հետ, Ռուսաստանի դերակատարումը մեզ համար բացառիկ կարե–վոր է: 100-հազարավոր հայեր այնտեղ արտագնա աշխատանքի են, ստրատեգիական պորտալարով, ռազմական կառույցներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ։ Բացատրե՛ք, խնդրեմ՝ ինչու ենք 25 տարվա ընթացքում մեր N 1 դաշնակից Ռուսաստան միշտ գործուղել թույլ դեսպանների։ Դեսպանների, որոնք լավագույնը չեն եղել։
    Արզումանյան- Շատ հետաքրքիր հարց էր։ Շատ իրավացի եք: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ի սկզբանե կարգավորվել են այլ կերպ՝ ինստիտուտների միջոցով։ Եղել է նախագահ - նախագահ ուղղակի կապ, պաշտպանության նախարար - պաշտպանության նախարար կապն ինչ-որ պահի, կարող ենք ասել, եղբայրույթյուն էր, շատ ջերմ հարաբերություններ էին։ Այսինքն՝ գերատեսչությունների միջև ուղղակի կապ կար։ ԱԱԾ-ն, որը նախկին ԿաԳեԲե-ի ուղղակի ժառանգորդն էր, գործում էր ռուսականի հետ, բանակը՝ նույնպես։ Այսպիսի դեպքերում դիվանագետները դուրս էին մնում գործընթացներից։ Նույնիսկ բողոքներ կային առաջին տարիներին, քանի որ դեսպանին ուղղակի չէին էլ տեղեկացնում հանդիպումնմների ժամանակ։ Եղել են դեպքեր, որ մեր պաշտպանության նախարարը գնում էր Մոսկվա, և դեսպանը տեղյակ չէր լինում։ Դա հիմա բացառված է։ Բայց դա նաև Ռուսաստանում է այդպես։ Ռուսաստանն ուներ որոշում կայացնող մի քանի կենտրոն։ Բայց դա այսօր բացառված է, որովհետև Ռուսաստանում ամեն ինչ այսօր որոշվում է մի կենտրոնից, և ամեն ինչին պետք ներգրավված լինեն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Նույն բանը կարելի է ասել Ռուսաստանի դեսպանների մասին։ Հիմա արդեն գործ ունենք մի կենտրոնի հետ: Ռուսաստանի արտգործնախարարն էլ ընդունված է ամբողջ աշխարհում։
    Ա. Ա. - Լավրովն արդեն պատմական ֆիգուր է։
    Արզումանյան – Այո՛, պատմական ֆիգուր է և բոլորի համար ընդունելի։ Կարելի է լինել փայլուն դիվանագետ, բայց վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը ոչ բոլորի սրտով է։ Բայց նրան հարգում են։ Այլ տեղերում, երբ մենք ունենում ենք զավեշտալի նշանակումնմներ, ես չունեմ բացատրություն։
    Ա. Ա. - Հասկանում եմ, որ Ձեզ տալիս ենք Էդվարդ Նալբանդյանին հասանելիք հարցերը, բայց ոչ թե ակնկալում ենք, որ Դուք պատասխանեք նրա փոխարեն, այլ ցանկանում ենք հասկանալ պատճառները։ Ասե՛ք, խնդրեմ՝ ինչպես ստացվեց, որ հենց սկզբից արտգործնախարարությունում եղել է անազնիվ
    մոտեցում. մարդը երկար ու ձիգ տարիներ դիվանագիտական անբասիր ծառայության մեջ է, բայց դեսպան նշանակվում է մեկ ուրիշը, երբեմն՝ անտեղյակ մեկը, քանի որ դեսպանի նշանակումը քաղաքական որոշում է։ Մենք քիչ ունենք դեսպանների կարիերային աճի հաջողված պատմություններ:
    Արզումանյան - Նորից պետք է ասեմ, որ լավ հարց է, բայց պետք է ասեմ նաև, որ կան օբյեկտիվ իրողություններ։ Հայաստանը ավանդույթներից զուրկ երկիր էր, որը չուներ դիվանագիտական կորպուս։ Նույնը՝ բանակի մասով։ Ես միշտ ասել եմ, որ դիվանագիտական ծառայությունը զինվորական ծառայության պես է, այսինքն՝ պետք է գաս, ծառայես, հրամաններին ենթարկվես և աճես։ Պետք է իմանաս նաև, որ աճդ գնահատվելու է, և ամենաբարձր պաշտոնին ես հասնելու։ Առաջին էտապում դա անհնար էր, որովհետև չէինք կարող ունենալ ատաշեների արտգործնախարարություն։ 300 ատաշե, և բոլորը սպասում են աճին։ Ուրեմն պետք է հրավիրվեին դրսից դիվանագետներ: Սա սկզբում մեծ խնդիրներ է առաջացնում։ Մի մասը չի ցանկանում ծառայել Հայաստանին, շարունակում է ծառայել Ռուսաստանին։ Նայած ով ինչ է առաջարկում: Դու փորձում ես նախկին խորհրդային համակարգից ինչ-որ մարդկանց պոկել, ներքաշել, իսկ իրենք առաջարկի են սպասում։ Բայց կան դեմքեր, որոնց նշանակումով պետք է հիմք դրվեր Ձեր ասածին։ Եվ դա նորմալ է առաջին էտապում։ Ցանկացած նորանկախ պետության դիվանագիտական կորպուսի ձևավորման պատմության մեջ կտեսնենք գրեթե նուն բանը. հեղափոխականները եկել են իշխանության և փորձել են դիվանագիտությունն առաջ տանել։ ԱՄՆ-ում էլ Ջեֆերսոնը, Ադամսը, անկախության հայրերը բոլորն էլ Փարիզում դեսպան աշխատեցին, հետո գնացին։ Հետագայում քաղաքական նշանակման և ներսում աճածի հարաբերակցությունը պետք է փոքրանա։ Այսինքն՝ պետք է լինեն մեծ մասամբ պրոֆեսիոնալներ: Անշուշտ, ցանկացած երկրում ցանկացած նախագահ ունենում է քաղաքական նշանակում։ Տեսե՛ք. Օբաման Մաքֆոլին նշանակեց հատուկ ուղերձով, որ սա իմ ընկերն է, որին ես վստահում եմ և ուղարկում եմ։ Նա դիվանագետ չէ, նա գալիս է Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ ձևավորելու համար։ Եվ առաջընթաց եղավ։ Ռեստարտը սկսեցին այդ ժամանակ։ Նման բաները շատ նորմալ են և շատ ընդունելի են։ Ոչ ժողովրդավար երկրների նախագահներն էլ գայթակղություն ունեն իրենց ծառայած մարդկանց պարգևատրել դիվանագետի կամ դեսպանի կոչումով՝ շատ չնեղացնելու համար։
    Գ. Ն. - Կամ պատժել՝ մի որևէ հեռու երկիր ուղարկելով։
    Արզումանյան– Այո՛, կամ էլ պատժել։ Այստեղ արդեն գալիս է արտգործնախարարի անձը և արտգործնախարարության՝ որպես ինտիտուտի, դիմակայելու կարողությունը։ Այսինքն՝ կան դեպքեր, որ դու պարտավոր ես ասել, որ սա չի բխում մեր կորպուսի շահերից, կամ այս մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ սպասարկել մեր շահերը։ Կան երկրներ, որոնք կարող են 50-60 դիվանագետ ունենալ։ Այդ դեպքում դեսպանի ով լինելն այնքան էլ էական չէ։ Բայց մեր դեպքում մենք դեսպանատներում կիրառում ենք շատ սխալ ֆորմուլա՝ դեսպան+1։