Մալթայի վարչապետը կարող է հայտնվել բանտում Ալիևի աղջկա պատճառով

May 13, 2017

Երբ 2014-ին Մալթայի վարչապետը առանց լրագրողների մեկնեց Ադրբեջան, շատերը կասկածի տակ դրեցին այցի պաշտոնական բացատրությունը: Այդ ժամանակ Ժոզեֆ Մուսկատը Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեց գնել միայն ադրբեջանական գազ՝ սեփական երկրին պատճառելով 14 միլիոն դոլարի վնաս:
Մուսկատ-Ալիև տանդեմի մասին սկսեցին շատ խոսել, իսկ 2016-ի Պանամական փաստաթղթերի սկանդալից հետո Մալթայում սկսվեց քաղաքական ճգնաժամ, մարդիկ պահանջում էին վարչապետի հրաժարականը: Դրա գագաթնակետը եղավ այս տարվա ապրիլի 20-ը, երբ լրագրողներից մեկի հրապարակեց երկիրը ցնցած փաստաթղթեր: Դրանք ապացուցում են, որ Դուբայում գրանցված Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի ընկերությունը մոտ մեկ միլիոն դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի կնոջը պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Ալիևի դուստրը 2016-ի առաջին եռամսյակում շաբաթը երկու անգամ 100 հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի կնոջը:






Մալթայի վարչապետը կտրականապես հերքում է իր կնոջ մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին, բայց Պիլատուս բանկը, որի միջոցով կատարվել են փոխանցումները, ոչ պակաս մութ պատմություն ունի: Դրա հաճախորդներից են Իլհամ Ալիևի ոչ միայն դուստրը, այլև որդին՝ Հեյդարը, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը, միաժամանակ՝ Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև Մուսկատի նախընտրական շտաբի պետն էր: Բանկը գտնվում է Մալթայում:
Պիլատուս բանկի կառավարիչը հոդաբաշխ պատասխան տալ չի կարողացել՝ արդյոք իր ղեկավարած բանկում հաշիվներ ունեն Լեյլա Ալիևան և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Իսկ սկանդալային փաստաթղթերի հրապարակման օրը՝ ուշ ժամին, լրագրողները նկատել են, թե ինչպես են երկու անծանոթներ բանկից դուրս բերում մեծ ճամպրուկներ ու հեռանում: Նրանք լրագրողների հետ չեն խոսել, միայն տեղեկացրել են, որ նոր են ժամանել օդանավակայանից:
Հաջորդ օրը պարզվել է, որ գիշերը անձնական մի օդանավ, առանց ուղևորների, Մալթայից մեկնել է Բաքու:
Այս ամբողջ պատմությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Մալթան նախագահում է Եվրամիությունը: Վարչապետ Մուսկատին կնոջ ու Լեյլա Ալիևայի կապի վերաբերյալ բացատրություն տալու համար հրավիրել են Եվրոպական Խորհրդարան: Սկանդալն ինչ-որ կերպ շրջանցելու, գուցե առանց աղմուկի հեռանալու համար Մալթայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մալթան նոր կառավարություն կձևավորի հունիսի 3-ին: