[Բացառիկ արխիվ] Ալ Ջերոյի սիրո խոստովանությունը Երևանում

February 13, 2017

Ասուլիսի սրահում նախքան նրա հայտնվելը, ձեռքիցս անընդհատ մի բան ընկնում էր` գրիչս, բլոկնոտս… տեղս չէի գտնում: Թվում էր` հարցն ուղղելիս ձայնս կկտրվի կամ ոտքերս կանջատվեն: Անհանգստությունս մեկ վայրկյանում վերածվեց աննկարագրելի ոգևորության, երբ Ալ Ջերոն ներս մտավ: Աշխույժ, բարեհամբույր դեմքով, անբաժան սև գլխարկը գլխին: Նա հմայք էր տարածում, հմայք, որն իր շարժումների, ժեստերի մեջ էր, սև աչքերի շողքում, ներողամիտ հայացքում: Նա կատակում էր, ծիծաղում, հաճույքով պատասխանում հարցերին, նա երեխայի պես սրտաբաց էր ու անկեղծ.
– Երաժշտությունն իմ աշխատանքն է և հոբբին, բերկրանքը, երջանկությունը, երիտասարդության շատրվանը, այն ուժ է տալիս… Երաժշտությունն իմ ներսում է: Եվ ես, անօգնական նրա դեմ, ուզած-չուզած պետք է երգեմ,- հենց սկզբում ասաց նա, և այս խոսքերը հնչեցին որպես սիրո խոստովանություն:
Երաժշտությունն Ալ Ջերոյի առաջին սերն էր: Նա սկսել է երգել դեռ մանուկ հասակում` հանդես գալով իր հարազատ Վիսքոնսին նահանգի Միլուոքի քաղաքի եկեղեցական երգչախմբում: Նրա պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկիզբ է առել Սան-Ֆրանցիսկոյում, ուր Ալը մեկնել էր շարունակելու իր բարձրագույն ուսումը և ստանալու հոգեբանության մագիստրոսի կոչում: Այնտեղ մասնագիտական գործունեությունը համատեղելով երաժշտության հետ` նա սկսեց հանդես գալ հանրահայտ Ջորջ Դյուքի տրիոյում և հենց այդ ժամանակ «առաջին սերը» զբաղեցրեց գլխավոր ու հաստատուն տեղն իր ձգտումների ցուցակում: Ալի դեբյուտային ալբոմը լույս տեսավ 1975-ին: Այն կոչվում էր “We got by” և անմիջապես արժանացավ գերմանական Գրեմիի. «Լավագույն միջազգային նոր սոլո կատարող» անվանակարգում ձեռքբերումը երգչին բերեց համաշխարհային ճանաչում:
http://www.youtube.com/watch?v=iT6uDBi_vtc
Ալ Ջերոն այն միակ վոկալիստն է, որը տարբեր տարիների Գրեմիի մրցանակների է արժանացել միաժամանակ որպես և’ պոպ, և’ r’n’b, և’ջազ երգիչ.
– Ես, իհարկե, սիրում եմ իմ «գրեմմիները», դրանք կարծես իմ գործընկերները լինեն: Շատ կարևոր է, որ քեզ ծափահարում, բրավոներով են ողջունում ու Գրեմմի են պարգևում այն մարդիկ, որոնք երգում են, ստեղծագործում են, նվագում են:
Սակայն Գրեմմին չէր, որ Ալ Ջերոն կոչեց իր կյանքի գլխավոր նվաճումը.
– Իմ կյանքի մեծագույն նվաճումն այն է, որ իմ կինը դեռ ինձ հետ է: Երեկ ես Կիևում էի, մի քանի օր առաջ Պեկինում, Շանհայում, դրանից առաջ` Ջակարտայում: Տղաս 25 տարեկան է, և ես նրան գրեթե չեմ ճանաչում: Սա լուրջ նվաճում է, եթե այսպիսի պայմաններում հաջողվում է ընտանիքը պահպանել, մի ընտանիք, որ սատարում է քո երաժշտությունը,- ծիծաղելով ասում է նա՝ լրագրողներին ցուցադրելով ձախ ձեռքի մատնեմատին փայլող մատանին:
http://www.youtube.com/watch?v=_THp4LiLx5g
Ալի դրական էներգետիկան անդիմադրելի է: Նրան ընկալելու համար այնքան էլ անհրաժեշտ չէ անգլերենի իմացությունը. երգչի ինտոնացիաները, դեմքի արտահայտությունը, ժեստերը խոսքից վառ են հնչում, և ես նրա ձայնը լսում էի այնպիսի տարօրինակ զգացումով, կարծես վաղուց և շատ լավ եմ ճանաչում այս մարդուն: Գուցե հոգեբանական ինչ-որ լծա՞կ է հարազատության այդ զգացումի ստեղծումը, չգիտեմ: Ալ Ջերոն չի ժխտում, որ հոգեբանական կրթությունը նրան օգնում է երաժշտական գործունեության մեջ.
– Կարծում եմ` այն ինձ ավելի զգայուն է դարձնում: Երբ կարողանում ես ավելի լավ հասկանալ մարդկանց պրոբլեմները և օգտակար լինել նրանց, ստացվում Է մի բան, որս աստվածային աշխատանք է: Ինչպես նաև երաժշտությունն է Աստծո աշխատանք, այն նաև սրում է նրբազգացությունը:
Իմպրովիզ խնդրելու կարիք էլ չեղավ: Գրեթե ամեն նախադասության մեջ Ալ Ջերոն երգում էր` «պատկերազարդելով» իր խոսքը կամ մեջբերելով հանրահայտ մեղեդիներ, որոնք մեծ դեր են խաղացել իր երաժշտական սկիզբը ձևավորելու գործում.
– Ֆիլմերի, մյուզիքլների երաժշտությունն իմ մեջ է, Բրոդվեյի երաժշտությունն իմ մեջ է, բայց նաև ջազն է իմ մեջ: Եվ այդ բոլորը ես սիրում եմ միահյուսել` մի քիչ էլ տեղ թողնելով իմպրովիզի համար:
Նայելով Ալին, նրա խանդավառությամբ ու էներգիայով լեցուն աչքերին` վարակվում ես կյանքի հանդեպ անզուսպ սիրով: Ապրելուց անսպառ հաճույք ստանալու նրա ունակությունը շշմեցնող է, և անհավատալի է, որ այս եռանդով լի տղամարդը շրջում է իր 6-րդ տասնամյակի էջը.
– Յոթանասունամյակիս շեմին ես դեռևս սկսում եմ իմ կարիերայի երկրորդ կեսը: Եվ եթե առողջությունս թույլ տա ու կոկորդս չդավաճանի, ես կշարունակեմ երգել: Գուցե ոչ այնքան ակտիվ, ինչպես նախկինում, և ոչ այնքան բարձր, ինչպես երգել եմ երկար տարիներ: Գուցե ավելի հանդարտ, ինչպես այսօր, իմ կարիերայի երկրորդ մասում, երբ ես ավելի հանգիստ երգեր եմ երգում և նոր լսարան եմ ձեռք բերում:
Հեղինակ` Զարուհի Բուդաղյան
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի
newmag #12