[NEWMEG EXCLUSIVE]. Երկու լուր միաժամանակ. Անի Քոչարը սպասում է 2-րդ երեխային և գրում 2-րդ գիրքը (լուսանկարներ)

May 24, 2023

Անի Քոչարը սպասում է 2-րդ երեխային։ 2-րդ գիրքը հեղինակը ձգում էր, քանի որ որոշել էր՝ հաջորդ գիրքը կսկսի գրել այն ժամանակ, երբ կլսի բարի լուրը։ Մինչև տարեվերջ լույս կտեսնի մոտիվացիոն ձեռնարկը, լուսանկարներով և օրագրային հատվածներով, ինչպես նաև կլինեն գործնական խորհուրդներ և վարժանքներ: Իր նորությունների մասին գրողը որոշել է պատմել հենց մայիսի 25-ին, քանի որ տարիներ առաջ հենց այս օրն էր տեղեկցել դարի հիվանդության մասին։ Տարիներ անց՝ հենց այս օրը Անին իր օրինակով կրկին ապացուցում է՝ հանձնվել չկա։

Իմ գրքերը կյանքն ինքն է գրում...  

Ինչպես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում և ընթերցողների հետ հանդիպումներին՝ իմ գրքերը կյանքն ինքն է գրում: Ես լրագրող հեղինակ եմ, մոտիվատոր և ոչ թե գրող, ստեղծագործող: Որքան էլ գիրքն ինքնին ստեղծագործություն է, տպագիր և հրատարակչական գործ, այնուամենայնիվ, իմ գործերը հորինվածք չեն, ստեղծագործված և երևակայական չեն: Դրանք արտացոլում են իրական կյանքն ու իմ կյանքի փորձությունների հաղթահարման, նոր հաղթանակներ գրանցելու և դրանցով այլոց օրինակ ծառայելու և ոգեշնչելու մոդելը: Այդ իսկ պատճառով չէի շտապում երկրորդ գիրքը գրել, դրա համար ժամանակ էր հարկավոր, պետք է նոր ասելիք լիներ և կյանքի փորձությունը գտած նոր դեպքեր և իրադարձություններ, որոնք, ի վերջո, նույնպես կքաջալերեն, կուղղորդեն և թև կտան: Կյանքը երկրորդ փորձից՝ կյանքը կրկին սկսելու, մաքուր էջից և մաքուր սրտով կրկին ապրել և արարելու մասին է:  

  

Երբեք ուշ չէ հանդիպել այն միակին, ով իրապես գլխիվայր կշրջի կյանքդ դեպի երկինք և ոչ թե անդունդ...  

Փորձություններին և կյանքի մարտահրավերներին զուգահեռ երջանիկ լինելու համառ փորձերի և հաջողումների մասին է, երբեք հրաշքներին հավատալ չդադարելու մասին է, սիրուն հավատալու և հնարավորություն տալու մասին է, իրական ու պարզ մարդկային արժեքների՝ սիրո, հավատարմության, անշահախնդրության, նվիրվածության մասին է: Իմ սիրո և ստացված հրաշքի միջոցով ցույց եմ տալիս, որ կյանքում երբեք ուշ չէ հանդիպել այն միակին, ով իրապես գլխիվայր կշրջի կյանքդ դեպի երկինք և ոչ թե անդունդ: Եվ հատկապես միայնակ կանանց և մայրերին, սիրո և նվիրվածության նկատմամբ կասկածով և դառը փորձով լցվածներին կօգնի տեսնել, որ մեկի պատճառով չարժե խռովվել հոգին:  

 Գիրքը հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչև ինձ համար բաղձալի լուրը լսելը  

Գիրքը հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչև ինձ համար բաղձալի լուրը լսելը: Ինձ համար անսահման կարևոր էր, որ գիրքն այնպիսի մի հրաշք լուսավոր կետ պարունակի իրենում, որ կրկին, ոչ թե բառերով, այլ հենց կենդանի օրինակով կյանքեր ու սրտեր փոխի, կարծրատիպեր ու նախապաշարումներ փշրի: Եթե լսեինք բժիշկներին, հատկապես հայ բժիշկներին, ապա անիմաստ էր անգամ հուսալն ու զուր ջանքեր գործադրելը և, որ ինձ պես մեկը (ում գլխով այնպիսի բուժումներ, քիմիաթերապիաներ, հորմոնային թերապիաներ են անցել, ինչպիսիք ես ստացել եմ), ապա հազիվ թե հրաշք կատարվի: Երևանի վերարտադրողականության կենտրոններից մեկի բժշկուհին ասաց, որ անիմաստ է անգամ ԷԿՈ-ի մասին խոսելը և, որ խիստ կասկածում է, որ անգամ դա կհաջողվի, էլ չասած, որ միգուցե միջամտությունների արդյունքում իմ նախկին ախտորոշումը (AML արյան սուր չարորակ քաղծկեղ) գլուխ բարձրացնի:  

Բոլոր փակագծերը կբացեմ միայն գրքում...  

Եթե լսեի նրանց, թևաթափ լինեի և հանձվեի, հրաշքի ականատես, գուցե, այդպես էլ չլինեի: Բայց ես ես չէի լինի, եթե Տիրոջից բացի ուրիշ որևէ մեկի վրա հույս դնեի: Հերթական անգամ իմ օրինակով ապացուցում եմ և վկայում, որ այնտեղ, ուր մարդիկ անզոր են, հզոր հավատն ու Աստված է գործում և հրաշքն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Թե ինչ և ինչպես եղավ, բոլոր փակագծերը կբացեմ միայն գրքում: Մի գրքում, որը հուսով եմ հազարավոր մարդկանց և հատկապես կանանց կյանքեր է փոխելու: Շատերին է հավատով լցնելու, ոգեշնչելու և բարդույթներից ձերբազատելու: Սիրելն ու սեր տալը երբեք ուշ և ամոթ չէ, ամոթ չէ երջանկացնելը, անկախ կարգավիճակիցդ, ամոթ է դժբախտացնելն ու դժբախտանալը և Տիրոջ տված լույսը քեզանում մարելը:  

   

25.05.2018թվական... սարսափ երազի էր նման

Հինգ տարի առաջ այս օրը կյանքս գլխիվայր շրջվեց: 25.05.2018թ. սարսափ երազի էր նման: Այդ օրը կյանքս բաժանվեց մինչ և հոտոյի: Մինչև չարաբաստիկ ախտորոշումը (AML) և դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է: Սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար: Կյանքը հավերժական տոն չէ, բայց և որևէ պարագայում հանձնվել չկա՛:  

Կարդացեք նաև

Հանձնվել չկա՛  

Չհանձնվելն ու հավատն են պատճառը, որ այսօր ունեմ այն, ինչ ունեմ: Եվ, եթե լսեի որոշ բժիշկների կամ անհավատ մարդկանց, երբեք չէի տեսնի հերթական հրաշքն իմ կյանքում և հերթական ապացույցը, որ փնտրողն ու փափագողը, ամբողջ սրտով հավատացողը տեսնում է իր երազանքն իրականացած:  Գիրքը մոտիվացիոն հուշագրություն է լինելու, լուսանկարներով և օրագրային հատվածներով, ինչպես նաև գործնական խորհուրդներ և վարժանքներ է առաջարկելու: Հուսամ այն կսիրեն ու կդառնա սեղանի գիրք: Այն այս տարի լույս կտեսնի:

Կարդացեք նաև