Փառատոնները՝ գիրքը հանրայնացնելու ճանապարհ. հարցազրույց թարգմանիչ Անուշ Սեդրակյանի հետ (տեսանյութ)

March 3, 2022

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ 20-րդ դարի գլուխգործոց համարվող «Քամուց քշվածները» գրքի շնորհանդեսը: Լրագրող Շաքե Ղազարյանը Ձմեռային փառատոնին զրուցել է գործի հայերեն թարգմանության հեղինակ Անուշ Սեդրակյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են վեպին և խոսել են գրքերից, ընթերցանության արդիականության, փառատոնների կարևորության ու թարգմանչի նոր ծրագրերի մասին:

Մի քանի ժամ փառատոնի ընթացքը, շնորհանդեսները, պանելային քննարկումները հետևելուց հետո Անուշ Սեդրակյանը համոզվեց՝ գիրքը մի վայրում է հավաքել հետաքրքիր, բանիմաց դեմքերի. «Եթե գրքի շուրջ հավաքվել է այսքան մարդ, ու գիրքը կարողանում է միավորել այսքան տարբեր մարդկանց, ուրեմն անիմաստ են այն պնդումները՝ էլեկտրոնային դարաշրջանում գիրքը հեռանում է դեպի պատմություն: Այսօր համոզվում ենք, որ գիրքը դեռ պահպանում է իր ակտուալությունը»:

                                                                                

Գիրքը մարդուն հետաքրքրում է ոչ միայն սոսկ պրոդուկտ, այլ այն ամենն, ինչ վերաբերում է գրքին, դառնում է նրա համար ուշագրավ՝ գրողը, ֆիլմը, թարգմանական արվեստի վերաբերյալ քննարկումները. «Ես ԵՊՀ-ում անցկացնում եմ թարգմանության արվեստի վերաբերյալ դասընթաց, որը շատ պահանջված է: Ցանկացած անձ, ազգ, հասարակություն իր վրա կրում է չկարդացած գրքերի բեռը, և դառնում դրա զոհը: Կարդացած գիրքը բեռ չէ, պետք է կարդալով՝ թեթևացնել այդ բեռը»:

Ըստ Անուշ Սեդրակյանի, չիմացությունը սարսափելի զենք է: Գիրք չսիրող մարդուն հեշտ է հաղթել, պարտության մատնել ու ոչնչացնել: