Էնթընի Հոփքինս. Ես տեսնում եմ կնճիռներս, բայց հոգ չէ

January 12, 2017

- Պարո՛ն Հոփքինս, մի անգամ ասացիք՝ որքան շատ եք ապրում, այնքան կյանքը երազ է թվում: Եղե՞լ է հստակ պահ, որ իրականությունն այլ կերպ է թվացել:
- Վերջին երեսուն տարում հիմնականում այդպես է թվացել: Երեխա ժամանակ երազածս իրականություն է դառնում: Դա, երևի, 30 տարի առաջ հասկացա: Մտածում էի՝ չի կարող պատահել: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ակնկալում էի և պատկերացնում: Գուցե ամբողջ կյանքս էլ այդպես է եղել: Ինձ հիացնում է այն, թե ինչպես ենք մեր կյանքը դասավորում:
- Կարծում եք` դերասաններն ու ռեժիսորները յուրահատո՞ւկ մարդիկ են: Հաճախ ասում են, թե դերասաններն ավելի զգացմունքային են:
- Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվում արվեստ բառին, երբ խոսքը դերասանության մասին է: Միշտ նախընտրել եմ լինել «միս ու արյուն ունեցող» դերասան, որը չի հավակնում լինել բարձրաշխարհիկ:  Գուցե նկատում եք, որ ավելի հակված եմ մի քիչ ցինիկ լինել: Բայց, կարծում եմ, դա ստեղծարար ընթացք է. դերասանությունը կրեատիվ պրոցես է, ռեժիսուրան` նույնպես, երաժշտությունն էլ: Ես ինձ կրեատիվ մարդ եմ համարում, բայց կրեատիվ չի նշանակում պարտադիր դերասան լինել, երաժիշտ կամ նկարիչ: Եթե կրեատիվ մասնագիտություն կամ բիզնես ունես, ուշադրության կենտրոնում ես հայտնվում: Այդուհանդերձ, այն ձեզ չի դարձնում յուրահատուկ:
Մորգան Ֆրիման. Ձգտիր հաճույքի ու խաղաղության





- Դուք դեռ տարվա՞ծ եք դերասանությամբ:
- Մի քիչ տարված էի, բայց` էլ ոչ: Ինձ դուր է գալիս դերասան լինելը: Հիմա երևի ավելի շատ, քանի որ ավելի հեշտ է ստացվում: Ես չեմ կարող թատրոնում աշխատել, որովհետև, ըստ իս, դա շատ լուրջ է: Ինձ համար դա նույնն է, թե բանտում լինել: Հիանում եմ մարդկանցով, որոնք կարողանում են դա անել: Ես չեմ կարող: Ես ավելի լավ է՝ ապրեմ իմ կյանքով, երբեմն էլ մի քիչ դերսանություն անեմ:
- Հիմա ինչի՞ է նման Ձեր կյանքը:
- Դաշնամուր եմ նվագում, դա է իմ կյանքը: Կարդում եմ, նկարում եմ, երաժշտություն եմ գրում: Հագեցած, ստեղծագործ կյանքով եմ ապրում: Եվ, գիտե՞ք, ոչ այն պատճառով, որ «փախած կրեատիվ» եմ: Պարզապես ինձ դուր է գալիս նկարելը: Չգիտեմ՝ լավ է ստացվում, թե ոչ, բայց նկարում եմ: Շատ արագ եմ նկարում: Ես նկարում եմ ակրիլով, և դա հավասար է աշխատելուն: Երաժշտություն եմ գրում,  դաշնամուր եմ նվագում և շատ կարդում եմ: Կյանքը հիասքանչ է: Իսկ դերասանությունն էլ՝ որպես լրացում եմ անում:
http://www.youtube.com/watch?v=3qD_La2F6bk
- Կարծես, ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ:
- Երանի երիտասարդ տարիքում էլ իմանայի այն, ինչ հիմա գիտեմ, ինչ հիմա եմ զգում: Երբ երիտասարդ ես, ավելի գործունյա ես, ամեն ինչ շատ ավելի կարևոր է:  Բայց երբ հետ ես նայում, մտածում ես. «Ինչի՜ հետից էիր ընկել»: Ոչինչ էլ այդքան կարևոր չէ: Պարզապես ապրիր, որովհետև շատ կարճ ժամանակով ես այստեղ:
- Փաստորեն Ձեզ դո՞ւր է գալիս տարիքն առնելը:
- Այո … Նայում եմ հայելուն, և այնտեղ կնճիռներ եմ տեսնում: Բայց`հոգ չէ: Սա լավ ժամանակաշրջան է: Չգիտեմ՝ ինչու, բայց լավն է: Մահկանացու լինելը փրկություն է: Ի վերջո, ամեն իրավիճակից էլ ելք ես գտնում, ու կյանքն այդպես ավելի հետաքրքիր է դառնում, գիտե՞ք: Կառլ Յունգ կարդացեք: Ի՞նչ է նա ասում. ոչ ոք չգիտի, թե ուր ենք գնում: Ուրախալին հենց դա է:
- Կուտակե՞լ եք այն, ինչ ցանկացել եք:  
- Ամեն ինչից զատ, ես շատ բախտավոր եմ: Ունեցել եմ իմ խնդիրները, մտահոգությունները, բայց դրանք անցյալում են: Ես հիանալի կյանք եմ ապրել և, իրոք, շնորհակալ եմ դրա համար:

The Talks