[ Իրականում՝ ՈՉ ] Արա Աբրահամյանը կհաստատվի՞, արդյոք, Հայաստանի քաղաքական դաշտում

October 22, 2015

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերին, ԳԱԱ դահլիճում, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի լուռ ներկայությամբ ու դեմոկրատ Արամ Սարգսյանի հանդիսապետությամբ հայտարարեց, որ պատրաստվում է մտնել քաղաքական դաշտ` Հայաստանի հասարակությանն օգնելու համար:
Արա Աբրահամյանը քաղաքական գործիչ դառնալու իր նպատակը հիմնավորեց իր գիտելիքով ու փորձով, իր կապերով, ՄԱԿ-ում իր ելույթով, Պուտինի հետ իր անձնական ձեռքսեղմումներով, իր բարեգործական հիմնադրամով, հայկական սփյուռքն օգտագործելու իր կարողությամբ, Մալիշկայից մինչև Մոսկվա անցած ճանապարհով:
Զգուշացրեց, որ քաղաքականություն մտնելը իր համար «խաղ ու պար չէ», «գիշերը վատ քնելու» արդյունք չէ: Պատրաստվում է մասնակցել «իշ որ ընտրությունների», առաջիկա ընտրությունների, որոնք «մեր խորհրդարանական ընտրություններն են», ինչքան գիտի` «ուրիշ էլ չկա»: Կուսակցության գաղափարախոսությունը կորոշեն հետո: Ապագա կուսակցապետին ասել են, որ գաղափարախոսությունը շատ կարևոր է, մանավանդ որ «մենք բոլորս էլ դպրոց ենք գնացել, որ 100 տարի հետ գնանք, ռևոլյուցիան Լենինի կատարած, ամեն ինչի կարևոր հիմքը դա գաղափարախոսությունն ա»: Ասել են նաև, որ եթե չունենան «ճիշտ գաղափարախոսություն», իրենց «շուրջը ոշ ոք» չի հավաքվի:
Նոր քաղաքական ուժը կդիրքավորվի հասարակության խնդիրները լուծելու դիրքով` ոչ այն է ընդդիմադիր, ոչ այն է իշխանական, ոչ այն է` ձախ, ոչ այն է` աջ: Բայց ավելի շատ «ժողովրդական», ավելի` «կենտրոնական», ավելի «այլընտրանքային» ու «ցենտրիստական»: Դեմ չեն խոսելու, իշխանափոխություն չեն պահանջելու, հանրահավաքներ ու միտինգներ չեն անելու: Լինելու է դասական գործարարի կուսակցություն:



Իրականում՝ ՈՉ. Դավաճա՞ն է, արդյոք, Վահան Մարտիրոսյանը





Նոր քաղաքական ուժը ֆինանսավորվելու է Արա Աբրահամյանի ու համախոհների միջոցներով: Փողի «խնդիր չի լինելու»: «Փողի խնդիր հիմա էլ չկա», փողը հիմա էլ է ծախսվում կուսակցության ստեղծման, գաղափարախոսություն գրելու համար, ընտրություններին մասնակցելու իրավական հնարավորություն գտնելու համար:
Եթե կա փող, էլ ի՞նչ խնդիր: Քաղաքական դաշտ մտնելու համար փողը անհրաժեշտ ու բավարար նախապայման է` մանավանդ Հայաստանում: Փողով կուսակցության շարքերն էլ կարելի է թանձրացնել, հանճարեղ գաղափարախոսություն էլ կարելի է գրել, կրեատիվ բաներ էլ կարելի է անել, լուրջ դեմքի արտահայտությամբ քաղաքական գործիչներ էլ կարելի է ներգրավել ու նույնիսկ` հուժկու հանրահավաքներ կարելի է անել: Եթե կա գումար, նույնիսկ օրենսդրության մեջ կարելի է «150 իրավաբանով» լուծում գտնել:
Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե կա գումար, ապա ի՞նչն է խանգարում 15 տարուց ավելի բիզնեսով զբաղվող գործչին մտնել քաղաքականություն: Հետո՞ ինչ, որ նրա հայերենի իմացությունը ոչնչով չի զիջում նրա ռուսերենի իմացությանը: Այդ առումով ինչո՞վ է պակաս Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Ծառուկյանից, Տիգրան Կարապետյանից, Գալուստ Սահակյանից:

Բայց իրո՞ք Արա Աբրահամյանը կհաջողի Հայաստանում: Իրականում` ոչ




Արա Աբրահամյանը չի կարող դառնալ ոչ պատգամավոր, ոչ վարչապետ, ոչ էլ նախագահ, որովհետև վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Առաջիկա «իշ որ ընտրությունը» խորհրդարանականն է, որը կանցկացվի 2017 թվականին: Եթե Արա Աբրահամյանը նույնիսկ այս պահից սկսած բնակվի Հայաստանում, 2017-2015=2, և ոչ մի կերպ չի ստացվում ոչ 5, ոչ էլ 10:
Բացի այդ` Արա Աբրահամյանը քաղաքականություն է մտնում նույն կերպ, ինչպես իրենից առաջ մեծ հավակնություններով քաղաքական դաշտ մտած մեծահարուստ գործարարները` Արկադի Վարդանյանը, Տիգրան Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը: Նրանք էլ, երբ մտան նույն հիմնավորումներն էին բերում, նույն հավակնություններն էին դրոշ դարձրել, նույն առաքելությունն էին սեփականաշնորհել:
Արկադի Վարդանյանը հրապարակ մտավ 2000-ականներին: Նրա սկսած շարժումը շատ արագ մեծ թափ հավաքեց, բայց նույնքան արագ էլ մարեց: Այն ժամանակվա իշխանությունը Վարդանյանից խլեց Հայաստանում ունեցած նրա հարստության զգալի մասը: Ընդդիմադիր լիդերը երեք ամիս ԱԱԾ նկուղում անազատության մեջ մնաց, որից հետո վատառողջության պատճառով հայտնվեց հիվանդանոցում ու ազատ արձակվեց, որից հետո անմիջապես լքեց Հայաստանը: Վերջին անգամ նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ իր հարստությունից մնացել է իր հագի պիջակը:


Իրականում՝ ՈՉ. Չեղարկե՞լ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը





Գրեթե նույն ժամանակահատվածում ԱԼՄ հեռուստաընկերությամբ ու Ժողովրդական կուսակցությամբ հրապարակ եկավ ռուսաստանցի գործարար Տիգրան Կարապետյանը: Նա հենց սկզբում հայտնեց, որ քաղաքական դաշտում դիրքավորվում է` կենտրոնական դիրքում` այսինքն լինելու է ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Մոտ 10 տարի իրեն պատկանող հեռուստաընկերության միջոցով «ադամանդներ» ու հեռուստացույցներ բաժանելուց հետո, «Ժողովրդական» կուսակցությունը որևէ ընտրությունում հաջողության չհասավ ու պարտվեց ՀՌԱՀ մրցույթում, Կարապետյանն էլ քաղաքական դաշտից հեռացավ` հանուն հայրենիքի ու ժողովրդի վատնած առողջությունը արտասահմանում վերականգնելու:
Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտ մտավ իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ ու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Ծառուկյանի ԲՀԿ-ն նույն դիրքում էր, ինչ նախորդ գործարար-քաղաքական գործիչներինը` կենտրոնական: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն Ազգային ժողովում չհայտարարեց, որ ընդդիմություն է, այլ կանգ առավ այլընտրանք անվան վրա: Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն գոյատևեց մինչև այս տարվա փետրվար, երբ հանրապետության նախագահի կոշտ ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից:
Արա Աբրահամյանն այսօր հայտարարում է, որ չի քննադատելու իշխանությանը, չի պահանջելու հրաժարականներ և լուծելու է հասարակության խնդիրները: Սա ճիշտ և ճիշտ իր նախորդների հայտնի կենտրոնական կամ այլընտրանքային դիրքն է: Եվ ուրեմն, ինչո՞ւ պետք է Արա Աբրահամյանը հաջողի Հայաստանի քաղաքական դաշտում, եթե նրան նախորդած գործիչները ձախողել են:

Հիմա` Արա Աբրահամյանը կհաջողի՞ Հայստանում




Եվս մեկ անգամ` ոչ: Անկախ այն հանգամանքից, որ փողը մեծ նշանակություն ունի մեծ քաղաքականության մեջ, գործարարները չեն կարող դառնալ քաղաքական գործիչներ: Ամենից առաջ այն պատճառով, որ քաղաքականությունն ու բիզնեսը տարբեր «օպերացիոն» համակարգերով են աշխատում:
Գործարարը կարող է զբաղվել քաղաքականությամբ մինչև այն կարմիր գիծը, որից հետո վերածվում է «օլիգարխի»: Այսինքն` գործարարը սկսում է իր ունեցած գումարով ու ձեռք բերած քաղաքական լծակներով ճնշում գործադրել իշխանության վրա: Օրինակ` սկսում է պահանջել վարչապետի հրաժարականը: Բայց երբ մասնավոր բիզնեսը ձեռնոց է նետում պետական իշխանությանը, այդ մարտահրավերն ընդունելը դառնում է կենաց ու մահու պայքարի առաջին քայլը: Եթե, իհարկե, հավակնոտ ու անխելք փողատերն ինքը չի կռանում ու գետնից վերցնում իր իսկ նետած ձեռնոցը` իր ունեցած-չունեցածը չկորցնելու համար: