Արմավիրի «Բժիշկ մահը». հնարավոր չէ պատժել, ոչ էլ կանգնեցնել

February 2, 2017

Հունվարի 31-ին Արմավիրի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված նորածնի մահվան համար հարազատները մեղադրում են Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանին: Նրա անունը պարբերաբար հայտնվում է լրահոսում: Նշան Գևորգյան բժշկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ավելի շատ datalex դատական տեղեկատվական համակարգից,  քան doctors.am առողջապահական կայքից:  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հսկողության տակ գտնվող մանկաբարձ-գինեկոլոգը շարունակում է աշխատել իր որդեգրած ոճով:

Նախ, ով է Նշանը և ինչով է նշանավոր


67-ամյա Նշան Գևորգյանը ավելի քան 30 տարվա մանկաբարձ-գինեկոլոգ է: 1978-ին ավարտելով Բժշկական պետական համալսարանը, արդեն 1980-ին սկսել է աշխատել որպես բժիշկ Արմավիրի շտապօգնության կայանում: Նույն կենտրոնում, 1986 -98թթ. աշխատել է ծննդատանը` որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
1998-2007 թթ-ին եղել է  Արմավիրի ծննդատան գործադիր տնօրենը: 2007 թվականին Արմավիրի հիվանդանոցն ու պոլիկլինիկան միավորվել են, դառնալով «Արմավիր» բժշկական կենտրոն: 2007-2011թթ. Նշան Գևորգյանը եղել է «Արմավիր» ԲԿ -ի տնօրենը: 2011-ին ազատվել է տնօրենի պաշտոնից և նշանակվել նույն կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ:
2014-ին դատարանի որոշմամբ ազատվել է նաև բաժնի վարիչի պաշտոնից, 2015-ին վերականգնվել նույն պաշտոնում: 2016-ից իր դիմումի համաձայն, կրկին ազատվել է բաժանմունքի վարիչի պաշտոնից, և մինչև օրս աշխատում է Արմավիրի բժշկական կենտրոնում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Ամուսնացած է, ունի 2 որդի, մեկ դուստր, 3 թոռնիկ:

Ինչո՞ւ և ի՞նչ հոդվածներով է մեղադրվել Նշան Գևորգյանը


Նշան Գևորգյանը մեղադրվել ու դատապարտվել է 2 երեխաների ու մեկ մեծահասակ մարդու մահվան համար: Երբեք չի ազատազրկվել, չի զրկվել որպես բժիշկ աշխատելու իրավունքից: Մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելով  կամ ոչ պատշաճ կատարելով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)  և 315-րդ հոդվածի 2-րդ  մասերով`
(Պաշտոնեական անփութության, այսինքն պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Մահվան դեպքերը, որոնց մեջ մեղադրվում է Նշան Գևորգյանը


Հուլիսի 17, 2010թ. - Գանգուղեղային վնասվածքի հետևանքով  ճակատային և քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվում 1.5 տարեկան երեխա` Հովհաննես Հովհաննիսյանը: «Արմավիր» ԲԿ –ում չի հաջողվում երեխային համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Այդ ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նշան Գևորգյանը Երևանից ռեանիմացիոն խումբ և ռեամոբիլ հրավիրելու փոխարեն, երեխային Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ուղարկում պատահած տաքսիով: Երեխան ճանապարհին մահանում է:
Դեկտեմբերի 4, 2010 թ. - Շտապ օգնության  կանչի ուշացման պատճառով մահանում է Արմավիրի մարզի Այգևան համայնքի բնակիչՎռամ Խլղաթյանը: Շտապօգնության դիսպետչերը կանչը գրանցում ու հանձնում է հերթապահ բժիշկին, բժիշկը  դիմում է  հերթապահ վարորդին, որը  հրաժարվում է գնալ հիվանդի հետևից` մեկնաբանելով, որ վառելիք չունի: Հիվանդի  հարազատները սեփական միջոցներով են նրան բերում «Արմավիր» ԲԿ : Նույն վարորդը, կրկին  մահացածի հարազատների միջոցներով 10 լիտր բենզին է լիցքավորում բենզալցակայանից և, 5 000 դրամ վերցնելով, մահացածի դին տեղափոխում է տուն` Այգևան:
Դատաքննության ընթացքում պարզվում է, որ Արմավիր ԲԿ-ն պայմանավորվածություն ունի բենզալցակայանի հետ,  անհրաժեշտության դեպքում` հատկապես գիշերային ժամերին, պարբերաբար լիցքավորել  շտապօգնության մեքենաները: Ավելին,  նույն վարորդն այդ գիշեր 2-3 կանչի  է մեկնել,  հիվանդանոցի ավտոպարկում էլ այդ պահին 1,5 տոննա վառելիք է եղել,  բայց  շտապօգնության մեքենաները 1 օրվա համար 5-ական լիտր բենզին են ստացել: Այս դեպքով ևս Նշան Գևորգյանը մեղադրվել է, բայց քրեական պատասխանատվությունը կրել է հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանը, որը  համաներմամբ պատիժը չի կրել:
Հունվարի 1, 2011թ. - «Արմավիրի» ԲԿ է տեղափոխվում  3-ամյա Արտաշես Սեդրակյանը` ծանր վիճակում:Մանկական վերակենդանաման բաժանմունքի ու պարագաների բացակայության պատճառով  հիվանդանոցի ղեկավարությունը որոշում է  երեխային տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ճանապարհին երեխան կլինիկական մահ է տանում, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելուց 4 օր անց` մահանում:
Նախաքննությամբ պարզվում է, որ հիվանդանոցի աշխատակիցները մանկական ռեանիմացիոն միջոցներ և պարագաներ ստանալու հարցով բազմիցս դիմել են տնօրեն Նշան Գևորգյանին, բայց ոչինչ էլ չեն ստացել: Ավելին՝  բժիշկներն այդ նպատակով նույնիսկ չեն վերապատրաստվել, քանի որ «Արմավիր» ԲԿ-ն, ըստ առողջապահության նախարարության կանոնների, իրավունք չունի ունենալու մանկական վերակենդանացման բաժանմունք, հետևաբար չունի այդ  ծառայության համար նախատեսված սարքավորումներ և մասնագետներ:

Դատավարությունից հետո ոչ թե քրեակատարողական հիմնարկ, այլ կրկին հիվանդանոց


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մահվան այս երեք դեպքերով հարուցված գործի դատավարությունը տևել է  3 տարի: 3 տարեկան Արտաշեսի մահվան մեջ դատարանը` դատավոր Արթուր Արամյանի նախագահությամբ, Նշան Գևորգյանին անմեղ է ճանաչել, քանի որ մեղադրող դատախազը հրաժարվել է մեղադրանքի այդ դրվագից:
Առաջադրված մյուս բոլոր մեղադրանքներում նա մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է  5 տարվա ազատազրկման՝ առանց պաշտոնից ու բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու: Հենց դատարանի դահլիճում Նշան Գևորգյանի նկատմամբ կիրառվել է համաներում:
Վերադառնալով հիվանդանոց,  արդեն որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ` Նշան Գևորգյանը 2014-ին կեսարյան հատման համար  հղի կնոջ հարազատներից գումար է  պահանջում: Հարազատները գումար չունենալով, հրաժարվում են տալ բժշկի պահանջած գումարը: Նշան Գևորգյանը  կարգադրում է  դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ վիրահատարանից դուրս հրավիրելով հղի կնոջը: Արմավիրի մարզպետի միջամտությունից հետո  կեսարյան հատումն իրականացվում է:
Այս դեպքից հետո 2014-ի մարտի 5-ին «Արմավիր» ԲԿ տնօրենի հրամանով Նշան Գևորգյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Նույն դատավորն, այս գործով ևս, Նշան Գևորգյանին մեղավոր է ճանաչում,  դատապարտելով 1 տարի 6 ամսվա ազատազրկման, բայց դարձյալ դատարանի դահլիճից ազատ է արձակվում: Դատարանի որոշմամբ Նշան Գևորգյանի նկատմամբ  պատիժը պայմանականորեն չի կիրառվել` հաշվի առնելով նրա ֆիզիկապես վատառողջ ու  շաքարային դիաբետով հիվանդ լինելը: Նրա վերջին դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2016-ի մարտի 23-ին: