Հայաստան-Չեռնոգորիա. դրամա ժանրի ֆիլմը` հեփի էնդով

November 12, 2016

Սա անսպասելի, բայց սպասված հաղթանակ էր, որը հայ երկրապագուն չէր տեսել ավելի քան 3 տարի: Հայաստանի ազգային հավաքականի անհավանական քամբեքը ստացվեց Արթուր Պետրոսյանի հենց առաջին խաղում: Համահեղինակին, գուցե` հենց հեղինակին` լրագրողները դիմավորեցին ծափերով:

Արթուր Պետրոսյան. - «Սա Արթուր Պետրոսյանի հաղթանակի չէր. սա բոլորիս հաղթանակն էր»:

Բայց ինչպես ու ինչ գնով տրվեց այդ հաղթանակը: Այն սկսվեց օրհներգից: Բոլորը միաբերան: Խմբի առաջատար, դիմակայության ֆավորիտ Չեռնոգորիային Հայաստանի ընտրանին պարտվեց առաջին խաղակեսում: Ընդ որում, երկու գնդակն էլ մրցակիցը խփեց մեր ֆուտբոլիստիների կոպիտ սխալներից հետո: Եթե առաջին դեպքում դարպասապահ Արսեն Բեգլարյանի տեսադաշտը փակ էր եւ Դամիր Կոյաշեւիչը ամբողջ ուժով ռմբահարեց դարպասը, ապա երկրորդ գնդակի ժամանակ անթույալտրելի սխալ արեց Լեւոն Հայրապետյանը:
Խաղակեսը զիջեցինք 0-2

Կարծես` դերակատարները փոխվել էին, բայց սցենարը մնացել էր նույնը: Ու ամենակարեւոր պահին խաղի ընթացքն իր վրա վերցրեց ռեժիսորը` Արթուր Պետրոսյանը: Ինչ խոսեց, ինչ փոխեց ու հասկացրեց ֆուտբոլիստներին հանդերձարանում` գիտեն իրենք. հավաքականը երկրորդ խաղակեսում դաշտ մտավ 180 աստիճան շրջված: Գնդակին բացահայտ տիրելը, վստահությունը գրոհելիս ու պաշտպանվելիս, տակտիկական փոփոխություններն ու մանր դետալները: 15 րոպեանոց դադարի ժամանակ հավաքականը ռեստարտ եղավ, ու ներկայացավ այլ դեմքով:
Խաղադաշտում իր ցուցադրած փայլուն ֆուտբոլը, անցումն ու պատ խաղարկումը Կորյանի հետ. Արտակ Գրիգորյանը սկիզբ դրեց քամբեքին: Հավաքականը ճնշում էր մրցակցին բոլոր առումներով, ինչն արտացոլվեց Վարազդատ Հարոյանի գոլով: Թվում էր, թե լավ խաղով բավարարվելու էինք մեկ միավորով: Բայց հետո հարված` որը ոտքի հանեց բոլորին:
Դրամա ժանրի ֆիլմը` հեփի էնդով: Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորները եւ շրջանցեց Ղազախստանին` դուրս գալով 5-րդ հորիզոնական:
Արթուր Պետրոսյան. - « Ես հավատում էի: Հանգիստ մթնոլորտ էր, տղաներին ասացի, որ ոչինչ կորած չէ, պետք է հավատալ: 80 րոպե գոհ եմ թիմի խաղից: Կարգապահություն կար: 0:2-ն մեզ ուժ տվեց. կորցնելու բան չունեինք: 3 պարտությունից հետո կաշկանդվածություն էր զգացվում: Տղաները հերոսություն արեցին»

Հավաքականում մթնոլորտը փոխված է, երկրպագուն ստացավ իր ուզած ֆուտբոլը: Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի մարտի 26-ին` Երեւանում ընդունելով Ղազախստանի հավաքականին: Երկրպագուն ցանկանում է դիտել նույն ֆիլմը, այլ սցենարով ու ավելի համոզիչ ավարտով:
Հենրիխ Մխիթարյան. - «Հանդերձարանը ցնծում էր: Ձայնս կտրվել է: Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար թե՛ այս ընտրական փուլում, թե՛ արդեն, որ վերելքը սկսվի այսօրվանից: Գտնում եմ, որ Արթուր Պետրոսյանը չորս-հինգ օրում կարողացավ շատ մեծ աշխատանք կատարել: Չնայած, որ շատ դժվար է, բայց նա արեց դա»

Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո մեր ընտրանին կտրուկ կբարելավի իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Այժմ հավաքականը 270 միավորով 125-րդ հորիզոնականում է: ՖԻՖԱ-ի հաջորդ դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորները հասցնելու է մինչև 412-ի և մեծ ցատկ է կատարելու դասակարգման աղյուսակում: Օրինակ` 411 միավորով ունեցող Հունդուրասի հավաքականն այժմ 85-րդն է:

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իրականացրել է Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը: «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում երեխան հանդիպել է իր ֆուտբոլային կուռքի հետ, ստացել նրա ինքնագիրն ու լուսանկարվել: