[ Արդեն դիտել ենք ] «Ժամանում». անմարդկային պատմություն մեր կյանքի մասին

November 15, 2016

Այլմոլորակայինների, տիեզերական գիտաֆանտաստիկայի և գիտական փորձերի թեման վաղուց է` ինչ չի նկարագրվել այդքան պոետիկ և մեդիտատիվ։ «Ինթերսթելարի» հետ համեմատությունները և ճիշտ են, և սխալ: Բայց, ամեն դեպքում, սրանք երկու տարբեր պատմություններ են, որոնց ավելի լավ է մոտենալ յուրովի, առանց զուգահեռների։
Լեզվաբան-պրոֆեսոր Լուիզա Բենքսը (Էմի Ադամս) մի քանի տասնյակ զինվորականների հետ հայտնվում է Մոնտանա նահանգի ժամանակավոր ռազմաբազայում, քանի որ հենց այդտեղ է ժամանել այլմոլորակայինների տասներկու օվալաձև և խորհրդավոր տիեզարանավերից մեկը Բենքսին, իր նորահայտ գործընկեր Յան Դոնելիի (Ջերեմի Ռեներ) հետ միասին:

Միացյալ նահանգների կառավարությունը հանձնարարում է կոմունիկացիոն կապ հաստատել անկոչ հյուրերի հետ և պարզել հնարավոր վտանգի առկայությունը։ Պայմանները խիստ են, ժամկետները՝ սուղ. չէ՞ որ մյուս գերպետությունները (Ռուսաստան և Չինաստան) նույնպես ներգրավված են միջմոլորակային քաղաքականության մեջ։ Նման իրավիճակում խոսելն ու թարգմանելը այդքան էլ հեշտ չէ, սակայն գործում է հին հոլիվուդյան էսքիզը. հայտնվում է այլընտրանքային մտածելակերպով հերոս, որն իր ռիսկային ու ոչ ստանդարտ որոշումով հասնում է հաջողության։
Կանադացի Դենի Վիլնյովի ֆիլմացանկում սա առաջին գիտաֆանտաստիկան է, և տեղ-տեղ շատ հետքային զգացվում է Տարկովսկու, Սփիլբերգի, ուշ ժամանակաշրջանի Մալիքի ազդեցությունը։ Հետաքրքրական փաստ` Վիլնյովն այս ֆիլմի մասին տված իր հարցազրույցներից մեկում նշում է «Ժանիքները» և շնաձուկի հայտնվելու դրամատուրգիական հոգեբանությունը, ընդգծում, որ վերջինս հայտնվում է «հետաքրքիր և մի փոքր վախենալու», այսինքն խաղում է երևակայության հետ։
http://www.youtube.com/watch?v=tFMo3UJ4B4g
Ֆիլմի «ժամանողները» հայտնվում են բավականին շուտ, ամպոտ ու մառախլապատ տերրարիումի ետևից, բայց ցուցադրվում են ամբողջությամբ`այնպես, որ երևակայությունն աշխատում է այլ ուղղությամբ։ Կարևոր է դառնում ութոտուկներին և դեմենտորներին հիշեցնող էակների՝ գեպտապոդների այցի նպատակը, որն էլ ֆիլմի գերխնդիրն է և «ֆլեշբեքային» պատմության բանալին։
Պրոֆեսոր Բենքսի և թանաքանման կլորներ արձակող այլմոլորակայինների կապը մագնիտիկ է, կլանող, գուցե նաև միստիկ: Կառավարական խառնաշփոթի մեջ այդ տիեզերական, զգացմունքային, մինչև վերջ չպարզված ու էմոցիոնալ երկխոսությունը ներգրավում է անգամ ժանրի ոչ ֆանատներին։ Վիլնյովը դրա համար ջանք չի խնայել՝ օգտագործելով Յոհան Յոհանսոնի երաժշտությունը՝ անհանգիստ ու ազդեցիկ, որը սովորաբար կհնչեր թրիլերում, ուղղակի պարուրում է, հիպնոզացնում։

Չի խանգարում ոչ էքշնի բացակայությունը, ոչ էլ գլխավոր հերոսուհու անհասկանալի գիտակցական ընդհատումները, որոնք ուղղակիորեն կապված են ամբողջ պատմության... ամեն ինչի հետ։ Տպավորիչ. սա է այն մեկ բառը, որով կարելի է նկարագրել «Ժամանումը»: Ցանկացած կադր, ձայն, հայացք, գործողություն արդարացված է, մտածված և հասցված կատարյալի։
Եթե իջեցնենք սենտիմենտալ անձնական դրամայի գիծն ու այլմոլորակայինների պաթետիկայի հոտ ունեցող առաքելությունը, որը փչացած վինիլային սկավառակի պես արձակում է ամերիկյան հումանիստական ձոնը, ապա ստանում ենք որակյալ «ինտելեկտուալ գիտաֆանտաստիկա», ինչպես մասնագետները պիտակավորեցին Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ։ Եվ առակ այն մասին, որ հազարավոր տարիները նույն մոլորակի վրա չտվեցին մեզ իրար լիիրավ հասկանալու կարողություն և համերաշխ կյանք։

Ֆիլմը կարող եք դիտել KinoPark-ում