Գրքեր կանանց մասին ու կանանց համար՝ Newmag-ի տոնական ընտրանին

April 7, 2022

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Newmag-ն առանձնացրել է մեկ տասնյակ գիրք, որոնք կանանց մասին են ու նրանց համար: Գրքերից յուրաքանչյուրում կգտնեք ջերմություն, անկեղծություն և գրողների երջանիկ ու ներդաշնակ կյանքի մասին ձեր նախընտրելի բանաձևերը: Այս գրքերից շատերը բեսթսելլերներ են, ու օգնել են տարբեր կանանց կայացնել որոշումներ, ձեռք բերել հոգեկան անդորր ու մոտիվացիա: Ձեզ ենք ներկայացնում մեր տոնական տասնյակը:

                                                                                                        

Բոլոր ժամանակներում կանանց ամենասիրելի գործերից է «Քամուց քշվածները»։ Մի քանի տասնամյակ անց միայն Մարգարետ Միտչելի դասական այս գործը Newmag-ը թարգմանվեց հայերեն։ Բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, գրական անկրկնելի ստեղծագործությունը. գրաքննադատներն այն համարում էին Տոլստոյի «Պատերազմ ու խաղաղության» գործին համարժեք և նշմարում էին դիկենսյան ձեռագիր։ Մինչև հիմա էլ  ամերիկացիների ամենասիրելի վեպն է, 2008 թվականի հարցմամբ՝ զիջում է միայն Աստվածաշնչին։

                                                                                                       

Կանանց մասին ու կանանց համար է Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուներ» գիրքը: Չեփմենի տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները, խորհուրդներն արդյունավետ են, օգնում են ստեղծել ամուր ընտանեկան կապեր և պահպանել դրանք։ «Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, բարեկեցության խորհրդանիշ է: Նա Քերոլինի հետ մեծացրել է երկու երեխաների և հիմա ուրախանում է թոռներով:

                                                                                                     

Միշել Օբաման «Becoming. Իմ պատմությունը» գրքով կարողացել է ցույց տալ կնոջ անձնական հաջողության պատմություն: Միշելը խոսում է կասկածների մասին, մտածում, իրո՞ք այնքան լավն է, որ տեղափոխվի մեծ հնարավորությունների քաղաք: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերից, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ 

                                                                                                  

Կանանց ինքնագնահատականի, մոտիվացիայի, սեփական նախաձեռնություններն ինքնուրույն կյանքի կոչելու համար ամերիկացի մի կին մի օր որոշում է գիրք գրել: Հրատարակվելուց հետո նա ամբողջ աշխարհում հայտնի դարձավ իր կենսական ու օգտակար խորհուրդների, անկեղծության շնորհիվ: Խոսքը Ռեյչլ Հոլիսի մասին է: «Աղջիկ ջան ուշքի արի» գրքի հաջողության գաղտնիքն անկեղծ զրույցն է, հումորի զգացումը և յուրաքնաչյուր պատմության ոգևորիչ ուժը։

                                                                                                   

 «Աղջիկ ջան, մի արդարացիր»  գործը ևս դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Ռեյչլ Հոլիսը համոզված է, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։

                                                                                                   

Կանանց մասին ու կանանց համար 2021-ին Newmag-ը ներկայացրեց Ալքես Մայքլիդիսի երկու թրիլլեր: «Լռակյաց հիվանդը» բրիտանացի գրող-սցենարիստի առաջին գրական գործն է:

                                                                                                 

Կարճ ժամանակ անց ընթերցողների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է նոր գործով: Խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ  «Կույսերը»-ի գործողոթյունների շրջադարձն ուղղակի ցնցող է, Մայքլիդիսը ևս մեկ անգամ ապացուցեց՝ կատարյալ է այս ժանրում:

                                                                                                

Կյանքի նոր իմաստը փնտրող մարդկանց համար է. «Ես Օրացույցն եմ»  գիրքը: Գրաքննադատներից ոմանք Անդրիս Կալնոզոլսի վեպը համարում են հեքիաթ սիրո մասին: Միայնակ, նյարդային խնդիրներ ունեցող մարդու մասին գիրքը թարգմանվել է առաջին անգամ: Դժբախտ սեր, որ ստիպել է անգիր անել օրացույցի բոլոր օրերն ու գրառել բոլոր մտքերը:  Օսկար անունով հերոսի ֆոբիաներն անհետանում են մի գեղեցկուհու հայտնվելուն պես, նա սկսում է բարդույթների համար լուծումներ փնտրել:

                                                                                               

Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննայի»  գլխավոր հերոսները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են՝ տարբեր տարիքի ու նախասիրությունների: Իրենց իսկ ստեղծած վանդակում, մենության ու տառապանքի մեջ կքած հիվանդ մոր ու գործազուրկ դստեր կյանքում դռան մի թակոց փոխում է առօրյայի գույները. նրանց մեկսենյականոց կիսախարխուլ  բնակարանի խունացած պատերի մեջ է հայտնվում 14-ամյա մի աղջնակ: Այդ ժիր ու կայտառ երեխան գլխիվայր շրջում է Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը ու բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։

                                                                                                     

Նոր շունչ ժամանակակից գրականությունում, նոր հայացք սիրային հարաբերություններին: 30-ամյա իռլանդացի գրող Սալի Ռունիի  «Նորմալ մարդիկ» վեպը հասցրել է դառնալ պաշտամունք նրանց շրջանում, ովքեր դեռ 30 չկան: Սալի Ռունիի գործը 21-րդ դարում սիրո մասին գրելու կատարյալ օրինակ է, նա դարձել է նոր հազարամյակի առաջին սերնդի առաջին մեծ վիպագիրը: Ռունին գրական ֆենոմեն է, որը հայտնի է նաև սոցիալական ցանցերում: Ինչպե՞ս Սալլի Ռունին տիրեց աշխարհը. պատասխանը պարզ է՝ նա սիրո, ընկերության, հարաբերությունների և տարիքն առնելու մասին գրում է բոլորովին նոր ոճով, նոր խոսքով։