Ինչ կապ կա Շեքսպիրի և «բռբեճ» կամ «բբռեճ» բառի միջև

November 15, 2014

Այն, որ հայերս գրեթե պաշտում ենք Շեքսպիրին, նորություն չէ։ Մինչև հիմա ծննդատներում հայտնվում են փոքրիկ Օֆելյաներ, Ջուլիետաներ ու Ռոմեոներ, իսկ Համլետ անունը այնքան հայկական է դարձել, որ նույնիսկ Դանիայում կամ Անգլիայում այդքան Համլետ չես հանդիպի։
Բայց արի ու տես, որ նույնիսկ այսքանից հետո հայկական սերը դեպի Շեքսպիր ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել։ Անգլիացի դերասան Ռիչարդ Բըրբեյջը ծնվել է 1567թ.։ Եղել է Շեքսպիրի պիեսների գլխավոր դերակատարներից։ Ավելին, առաջինն է, ով խաղացել է Համլետ, Ռիչարդ 3-րդ, Լիր արքա, Օթելլո և այլն։
Հենց Համլետի դերակատարումը Բըրբեյջի փառքը հասցնում է Հայաստան։ Ինչպե՞ս։ Շատ պարզ. Համլետ խաղալիս Բըրբեյջը մի հնարք էր մտածել` հոր ուրվականին տեսնելիս վախը ավելի արտահայտիչ դարձնելու համար նա հատուկ թելերի միջոցով արհեստականորեն բիզ-բիզ էր կանգնեցնում մազերը։
Իսկ հիմա հիշենք, թե քանի անգամ են մեծերը մեզ փոքր ժամանակ չսանրված տեսնելիս ասել «բռբեճ» կամ «բբռեճ»։ Շատերիս հիմա էլ են ասում նույնը` անկախ տարիքից։ Իսկ թե որտեղից այդ «բբռեճ» կամ «բռբեճ» բառը, երևի, կռահեցիք։ Բացատրական բառարանում «բբռեճ» նշանակում է գիսախռիվ` խառը մազերով։ Մնում է ուսումնասիրել, թե երբ Բըրբեյջի անունն ու նրա դերասանական տեխնիկայի մանրամասները հասան Հայաստան և ինչպես, բայց դա թողնենք պատմաբաններին ու լեզվաբաններին։