ՉԵՄՊԻՈՆ. Զինեդին Զիդանի տաղանդն ու տխրությունը

October 30, 2015

Մարսելից Մադրիդ Զինեդին Զիդանի ուղին անցավ ռասիզմի, քաղաքական ու կրոնական անհանդուրժողականության և ֆանտաստիկ ֆուտբոլի միջով: Եթե նրան քննադատել են, միայն սառնասիրտ կոպտության համար. եթե նրան մեծարել են, աննկարագրելի տեխնիկայի համար: Նրա տաղանդն ու տխրությունը մնացել են հարյուրամյակի գաղտնիքը:
Զինեդին Զիդանի հայրը` Սմայիլը, 60-ականների սկզբին Ալժիրի բարձրադիր սարերի հետևում թողեց հայրենի Թագումուն գյուղը ու հաստատվեց Ֆրանսիայում: Զիդան ընտանիքը տեղափոխվեց Մարսել, որը աշխարհագրորեն ու մշակույթով մոտ էր հայրենիքին` Ալժիրին: Լա Կաստելանը ներգաղթյալների թաղամասն է և Յազիդ Զիդանի ծննդավայրը:
Լա Կաստելանում էմիգրանտների համար օրը բացվում էր հացի համար ամենօրյա պայքարով: Զիդանների բազմանդամ ընտանիքը փոքր տանը՝ սեղանի շուրջ, ընթրիքի էր նստում հերթով: Տանը աթոռ չկար բոլորի համար: Միակ բանը, որ հեշտացնում էր Յազիդի կյանքը ֆուտբոլն էր: Թաղամասի Պլաս դե Տարտան հրապարակը ավարտվում էր մսավաճառի կրպակի մոտ: Նրան արգելել էին այնտեղ հասնել: Տղան ֆուտբոլ խաղալիս մոռանում էր ամեն ինչ, ծնողները վախենում էին` Յազիդը կարող էր մոլորվել թաղամասից դուրս: Իսկ Յազիդ Զիդանն այդ ժամանակ արդեն երազում էր Պլաս դե Տարտանից այն կողմ գտնվող աշխարհը նվաճելու մասին: